Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները Փարիզում Սարգսյան-Ալիեւ հանդիպում չե՞ն կարողանում կազմակերպել

Հուլիս 26,2014 14:50

Հուլիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում խորը մտահոգություն են հայտնել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության եւ բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների կապակցությամբ: «Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու իրենց պարտավորվածությունները եւ անընդունելի են որակել գյուղերի եւ քաղաքացիական անձանց նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը եւ հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», – ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:

Փաստորեն, համանախագահներին չի հաջողվել նույնիսկ Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը կազմակերպել, եւ նրանք ԱԳ նախարարներին առանձին են հանդիպել։ Մինչդեռ տեւական ժամանակ է, ինչ խոսվում էր Ֆրանսիայի նախագահի առաջարկի՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Փարիզում կազմակերպելու մասին, այսինքն՝ կարելի էր ենթադրել, որ ԱԳ նախարարները այդ հանդիպման ընդառաջ գոնե կազմակերպչական հարցեր կքննարկեին Բրյուսելում:

Հուլիսի 23-ին տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են նախագահների մակարդակով հանդիպման հնարավոր օրակարգը՝ ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումների կարեւորությունը խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: Նրանք նաեւ քննարկել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումների հնարավորությունները:

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Փարիզում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի ստացվում կազմակերպել, եւ հիմա միջնորդները հույսեր են կապում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու ուղղությամբ:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ գլոբալ բազմաթիվ խնդիրների լուծման հետ մեկտեղ պետք է առաջնահերթ դառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Իսկ ավելի վաղ նա մտահոգություն էր հայտնել շփման գծի լարվածության առիթով. «Մենք մտահոգ ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ շփման գծում ամեն կորստի գրանցման կապակցությամբ: Միջադեպերի թիվը, որոնք հանգեցնում են զոհերի ու վիրավորումների, հետընթաց է մեր ջանքերում՝ միտված կայուն խաղաղության փնտրտուքի շուրջ կողմերի հետ աշխատելուն: ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները պատրաստ են օգնել կողմերին՝ գտնելու համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այն չունի ռազմական լուծում»: Ուորլիքը հիշեցրել էր նաեւ, որ երբ նոյեմբերին Սարգսյանն ու Ալիեւը հանդիպել էին Վիեննայում, ականատես էին դարձել, որ առաջընթացը հնարավոր է: «Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակումը կդառնա կարեւոր քայլ դեպի առաջ՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ: Համանախագահները պատրաստ են օգնել ամեն կերպ»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը «հանդես է գալիս» Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Ալիեւի խոսքերով՝ եթե չլուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, ապա տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի կբարդանա: Սալբերի խոսքերով՝ ԵՄ-ը մտադիր է իր ներդրումն ունենալ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Հիշեցնենք, որ գերմանացի դիվանագետ Հերբերտ Սալբերը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ նշանակվեց հուլիսին՝ փոխարինելով ֆրանսիացի Ֆիլիպ Լեֆորին:
Օրերս Բրյուսելում` Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում անդրադարձել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին` շեշտելով Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին: Ըստ Նալբանդյանի` Ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ լուծելու քաղաքական կամք Ադրբեջանում չկա: «Մենք լիովին համամիտ ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության եւ ոչ թե պատերազմի: Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում` իր ռազմատենչ եւ սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության եւ ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին եւ Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության եւ իրավիճակի սրման»,- ասել է Նալբանդյանը:
Իր հերթին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ անդրադարձել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքների արտահանմանը եվրոպական շուկա: «Գրավյալ տարածքներում» տնտեսական գործունեության ծավալումն ու արտադրանքի արտահանումը հակասում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին` նշել է Մամեդյարովն ու կոչ արել Եվրամիությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Մի կողմից՝ պաշտոնական Բաքուն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին է հանդես գալիս, սակայն ադրբեջանցի տարբեր իշխանավորներ էլ հայտարարում են, թե Ադրբեջանի ժողովուրդը չի վստահում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը օրերս քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Հասանովի խոսքերով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները վերջերս հաճախ են օգտագործում վստահություն բառը: Թող իմանան, որ կարիք չկա մեզ սովորեցնելու, թե ինչ է վստահությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր նշանակությունը: Ադրբեջանի ժողովուրդը չի վստահում այդ կառույցին»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Դե, բավական է, ծերացան բոլոր խաղերն ու բլեֆները:Ոչ, ֆաշիզմին: Տղամարդ եղեք, մարդ և վճռական:Սա արդեն ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, սա խելագարություն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031