Լրահոս
Օրվա լրահոսը

Քավության նոխազ Թալալյանը

Հուլիս 26,2014 12:52

Վահանի ատամների արանքում ուտելիքի մնացորդ էր մտել և նա փորձում էր ատամմաքրիչով նրան դուրս մղել այնտեղից, սակայն ատամը կոտրվեց և ընկավ բերանի մեջ:
-Վայ,-ինքնաբերաբար արտաբերեց նա:
-Ի՞նչ եղավ, տղա ջան,-անհանգստացավ տատը:
-Ատամս կոտրվեց:
-Ո՞ր ատամդ:
-Էն, որ «բուլատե» շապիկով էր:
Այս ասելուց, հանկարծ նա իրեն բռնեց այն մտքի վրա, թե այդ ի՞նչ բան է «բուլատ» կոչվածը և ինչքան իրեն հայտնի էր դպրոցական դասընթացներից` Մենդելևի քիմիական տարրերի աղյուսակում այդպիսի մետաղ չկար: Սակայն դա թողնենք մի կողմ, և դրա մասին հետո կհոգանք, կորոնենք հանրագիտարանում կամ ավելի լավ է համացանցում “Search” կանենք, կգտնենք, գուցե ինչ-որ մետաղների խառնուրդ, համաձուլվածք է: Դե, անծանոթ բառի իմաստը հասկանալը նույնպես կարևոր է, հո այդպես չի կարելի անորոշության մեջ թողնել:
Երկու օր նա չգնաց ատամնաբույժի մոտ, քանի որ երկու տարի առաջ այդպիսի դեպք իր հետ արդեն պատահել էր, և ատամնաբույժը իրեն տանջել էր, ինքն էլ` տանջվել: Բայց կոտրված ատամը անընդհատ իրեն զգացնել էր տալիս: Մեկ ուտելիքն էր լցվում առաջացած փոսի մեջ, նյարդայնացնում, մեկ իր սուր ցցվածքներով լեզուն էր չանգռում ու արյունահոսություն առաջացնում:
Ելնելով վերոհիշյալից և տատիկի շարունակական հորդորներից. Վահանը ստիպված, հավաքեց ամբողջ քաջությունը և նրան խնդրեց, որ զանգահարի իր ծանոթ ատամնաբույժին: Տատիկը պայմանավորվեց և որոշ ժամանակ անց Վահանը տանից դուրս եկավ: Օրը բավականին ցուրտ էր ու մառախլապատ: Լավ էր, որ կանգառում երկար չսպասեց, շուտով ժամանեց անհրաժեշտ երթուղայինը, արագորեն վեր բարձրացավ և նստեց ազատ տեղում: Պայմանավորված ժամից մի քիչ էլ շուտ տեղ հասավ, հարմարավետ տեղավորվեց ընդունարանի բազմոցին, սպասեց ատամնաբույժի կանչին, քանի որ նա դեռ չէր վերջացրել նախորդ այցելուի հետ աշխատանքը:
Վերջապես օգնական բուժքույրը Վահանին ներս հրավիրեց: Նա, բնականաբար, ներս մտավ բժշկի աշխատասենյակ, քաղաքավարի բարևեց, ապա նրա առաջարկով տեղավորվեց համապատասխան սարքավորման վրա: Սպասարկող բուժքույրը նրա վզին ամրացրեց սինթետիկ գոգնոցը, ետ քաշվեց և անհրաժեշտ տեղում սպասողական դիրք ընդունեց: Չգիտես ինչ պատճառով ատամնաբույժը մի փոքր հապաղում էր ու Վահանը անորոշությունից դրդված, ակամայից սկսեց պատմել իր առաջին ատամը հանելու չարաբաստիկ պատմությունը, չնայած նրան, որ ոչ-ոք նրան այդ մասին չէր խնդրել:
Իհարկե, նա մանրամասները լավ չէր հիշում, բայց ատամնաբույժը մոտ մեկ ժամ իրեն հետ պայքարում էր այդ ատամի դեմ, որը ոչ մի կերպ չէր ուզում հեռանալ զբաղեցրած տեղից:
Երբ վերջացրեց պատմությունը, բժիշկը գործի անցավ: Պարզվեց, որ երիտասարդ բժիշկը քաղաքավարությունից դրդված` լսում էր նրա պատմությունը և անհամբեր սպասում նրա ավարտին, որ սկսի իր աշխատանքը:
Քիչ անց, ինչպես նախորդ անգամ, լսվեց նույն ճայթոցը և բժշկի զայրացկոտ ձայնը.
-Ասում ես Թալալյանն է՞ր առաջին ատամդ հանողը:
-Հա, ինչ կա որ…
-Ես այդ Թալալյանին տանել չեմ կարողանում…
-Երևի չպետք է պատմեի այդ եղելությունը:
-Չէ, դա կապ չունի:
Ու սկսվեց Վահանի և երիտասարդ ատամնաբույժի նույնատիպ մենամարտը արդեն այս ատամի հետ, ինչպես նախորդ անգամ: Գործիքները արագորեն փոխարինում էին մեկը մյուսին: Օգնական բուժքույրը բժշկի հրահանգով` մեկ այս էր մատուցում մեկ այն, իսկ իր հերթին բժիշկն էլ հատուկ սեղանիկի վրայից վերցնում էր միանգամայն ուրիշ, անհրաժեշտ ատամնագործական գործիքը ու թափով ներխուժում հաճախորդի բերանի խոռոչ: Բժշկի խալաթը, ցողվել էր Վահանի արյան կարմիր գնդիկներով, քրտինքը ճակատից հոսում էր` բերանկալի վրա, իսկ Վահանի մարմինը ամբողջովին ծածկվել էր առատ ու սառը քրտինքով, բերանից հոսում էր սեփական արյունը, որը փորձում էր կասեցնել բժիշկը` անընդհատ բամբակ հուպ տալով այնտեղ:
Այդ անիրավ ատամը ոչ մի կերպ չէր ուզում պոկվել իր հարազատ տեղից:
-Գուցե դադարեցնե՞նք,-տնքալով առաջարկեց Վահանը, զգալով բժշկի և իր անհուսալի վիճակը,-թողնենք մի ուրիշ անգամ:
-Ի~նչ ես ասում,-ծոր տվեց բժիշկը,-այսպիսի ատամներ եմ հանել որ,-ասաց ու նոր թափով հարձակվեց այդ աներես ատամի վրա:
Հիմա արդեն ձեռքն առավ «բոր» մեքենան, որի խուլ դզզոցն ու այրվող ատամաոսկորի գարշահոտը լցվեց Վահանի բերանը:
-Թքիր,-հաճախ սկսեց կրկնել բժիշկը և Վահանը հնազանդվելով նրա հրահանգներին մերթընդմերթ թեքվում էր դեպի հատուկ թքամանը և դժվարությամբ արտաբերում թուքը, քանի որ երեք անգամ սրսկելուց շուրթերը անզգա էին դարձել ու չէին ենթարկվում իրեն:
Տեսնելով, որ առաջարկված մեթոդը իրեն գրեթե չի արդարացնում և արյունախառն թուքը չի ուզում հաճախորդի բերանից պոկվել, բժիշկը հատուկ սարքի ռետինե բարակ խողովակը տեղավորեց նրա բերանի խոռոչում, ինչը ագահորեն սկսեց ծծել նրա պարունակությունը:
-Ասում ես Թալալյանը մի ժամ չարչարվե՞ց,-հարցրեց բժիշկը:
-Լավ չեմ հիշում, բայց երևի մի էդքան տևեց,-պատասխանեց Վահանը խռխռալով, քանի որ բերանի մեջ գտնվող ռետինե խողովակը խիստ խանգարում էր:
-Ես այդքանի չեմ հասցնի ավելի շուտ կհանեմ,-հպարտացավ երիտասարդ բժիշկը:
Երևի գլուխներդ ցավեցրեցի, բայց հո պատմությունը կիսատ չեմ թողնելու:
Մոտ մեկ ժամ բժիշկը կռվում էր այդ հիմար ատամի դեմ և չմտածելով նահանջի մասին:
-Գուցե կողքի ատամը հանես, որ տեղ բացվի,-խորհուրդ տվեց Վահանը, քանի որ հույսը լրիվ կտրել էր թե՚ բժշկի վարպետությունից և թե՚ այդ ատամի պնդաճակատությունից:
-Կատակ չե՞ս անում,-զարմացավ, թե ուրախացավ բժիշկը:
-Չէ, լուրջ եմ ասում, միևնույնն է մի օր էլ դա է տանջելու,-խորիմաստորեն արտաբերեց Վահանը:
-Դե, որ ասում ես…,-քթի թակ ժպտաց բժիշկը և նոր թափով գործի անցավ:
Բարեբախտաբար այս ատամը չդիմադրեց և գործընթացը հաջող ավարտ ունեցավ:
Քանի որ դատարկությունը ընդարձակվեց, բժիշկը աշխատելու մեծ տարածք ստացավ, ծակող-հղկող «բոր» մեքենայի միջոցով երկու-երեք մասի բաժանելով ատամի արմատը` հերթականությամբ դրանք պոկեց իրենց հարազատ տեղերից: Հետո բացված ահռելի խոռոչի մեջ խցկեց բամբակյա գնդիկներ և հրաման տվեց հաճախորդին ամուր սեղմել ատամները, իսկ ինքը ուժասպառ փռվեց պտտվող աթոռակին ու հազիվ արտաբերեց.
-Բա ես հո Թալալյանը չեմ, որ մի ժամում էլ չհանեմ կոտրված ատամը, խալաթս էլ արյունոտվեց,-դարձավ օգնական բուժքրոջը, ապա նորից դիմեց Վահանին,-բերանդ բաց գնդիկը փոխեմ:
-Կծիր ատամներով ու պինդ պահիր քսան րոպե,-ասաց բժիշկը,- այսօր ոչ մի բամ չանես, իսկ վաղը հեքսիլոկով ողողում կկատարես, երկու օրից հետո ողողումները կշարունակես դեղաբույսերով, եթե ցավերը շատ կուժեղանան ցավազրկող կօգտագործես:
Բայց թե ինչպիսի դեղաբույսեր, ինչ ցավազրկող, դրանց մասին բժիշկը ոչինչ չասաց, երևի կարծելով, թե Վահանը ամեն ինչ գիտե` անցյալի դառը փորձից ելնելով: Չէ որ Թալալյանը արդեն մեկ անգամ այս վիճակի նրան հասցրել էր:
Վահանը տեղից վեր կացավ, շնորհակալություն հայտնեց, ապա ավելացրեց.
-Ինչքա՞ն եմ մուծելու:
-Երեք հազար,-ասաց բժիշկը:
Վահանը դուրս եկավ միջանցք, դրամարկղում, մուծեց պահանջված գումարը, նորից վերադարձավ բժշկի աշխատասենյակ, ցույց տվեց անդորրագիրը, կրկին շնորհակալություն հայտնեց, ապա դեմքը ծամածռելով ավելացրեց.
-Զարմանալի մարդիկ ենք մենք, այցելուներս, էդքան մեզ տանջում եք, ցավեցնում, բայց մենք դրա համար և գումար ենք մուծում և նույնիսկ շնորհակալություն հայտնում:
-Դրա համար եք շնորհակալություն հայտնում, որովհետև նորից եք գալու մեզ մոտ, չէ՞,-խորամանկորեն ժպտաց երիտասարդ բժիշկը:
Հայելիներս, հիմա կասեք, թե այս բոլորն ի՞նչի համար ես պատմում: Ասեմ, նրա համար, որ ձեզ նախազգուշացնեմ, եթե գործի բերումով բժշկի եք գնում, հատկապես ատամնաբույժի մոտ, մի պատմեք այն մասին, թե այսինչը, այնինչ ժամանակ ինչպես հեռացրեց ձեր ատամը, առանց նախապես իմանալու, որ այդ բժիշկը ճանաչու՞մ է արդյոք այնինչին, սիրում, թե՞ ատում է նրան, ինչ-որ խնդիրներ ունեցե՞լ է նրա հետ: Հոգեբանական ճնշում մի գործադրեք բժշկի վրա, ավելի լավ է, ընդհանրապես, ոչինչ էլ մի պատմեք Թալալյանների մասին: Վկան` Վահանի ողբացյալ վիճակը:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել