Լրահոս
Օրվա լրահոսը

«Մալիբու»-ում արեւից ու տապից հոգնած գյուղացիները ժամերով հաճախորդ էին սպասում (Տեսանյութ)

Հուլիս 26,2014 18:48

Բերքն էժան կլիներ, եթե գյուղացին ոռոգման խնդիր չունենար

 

«Հեռվից տեսնում են կանաչ ա, ասում են էդա, բայց թող գան մի հատ մեջը մտնեն, 40 աստիճան տաքություն ա, էսօր ջրեցի վաղն էլ ա հողը ջուր պահանջում: Որ ապրանքն էսքան թանկացել ա, սա՜ղ ջրի պատճառով ա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է աշտարակցի Սամվել Զաքարյանը, որն այսօր Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառում կիլոգրամը 500 դրամով խնձոր էր վաճառում:

Այսօրվանից սկսած՝ ամեն շաբաթ-կիրակի օրերին այստեղ կազմակերպվելու է գյուղմթերքների տոնավաճառ: Եվ չնայած նրան, որ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված այս տոնավաճառում վերավաճառողներ չկան եւ տարածքի եւ էլեկտրական կշեռքի համար էլ գյուղացին փող չի վճարում, այնուամենայնիվ, ապրանքներն էժան չէին: Մեզ հետ զրույցում գյուղացիներն ասացին, որ ապրանքների թանկ լինելու պատճառը գյուղերում ջրի բացակայությունն է, ինչն էլ խոչընդոտում է, որպեսզի գյուղացու բերքն առատ լինի: Սամվել Զաքարյանի խոսքերով, նորմալ ջրելու դեպքում խնձորը ոչ թե այսքան մանր է լինում ու քիչ, այլ ավելի առողջ տեսք է ունենում, առատ ու էժան:

Մեր հարցին, թե ինչո՞ւ ջուր չեն ունենում, գյուղացիները պարտքե՞ր ունեն ջրամատակարար ընկերությանը, Սամվել Զաքարյանն ասաց, որ անձամբ ինքը ոչ մի կոպեկի պարտք չունի բայց՝ ջուր էլ չունի. «Ոչ մի պատճառ էլ չկա, ուղղակի չեն ուզում, որ գյուղացին բարգավաճի, այսքան բան»:shuka1

 

Գյուղերում ջրի բացակայությունից, մեզ հետ զրույցում նաեւ դժգոհեցին Արտաշատի, Եղվարդի գյուղերի բնակիչները, որոնք նույնպես իրենց բերքը այս շուկայում վաճառքի էին հանել:

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ Սուրիկ Մնացականյանին, նույնպես, ջրի խնդիրը շատ է խեղճացնում: Նրա խոսքերով՝ ջուր չկա բույսերը չորանում են: Մարտ-ապրիլ ամիսների ցրտահարությունն ու կարկտահարությունը Սուրիկ Մնացականյանի ծիրանի եւ բալի բերքը ոչնչացրել է, գյուղացու հույսը բանջարեղենն է ու, բնական աղետներից քիչ թե շատ պահպանված դեղձը:
Գյուղացիները, մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպումը, պետության կողմից լավ քայլ են գնահատում, բայց նկատում են, որ սպասարկման հետ կապված որոշ խնդիրներ կան. զուգարանի հեռու լինելը, խմելու ջրի բացակայությունը 5-6 ժամ դրսում կանգնող գյուղացու համար անհարմարություններ է առաջացնում:

Կեսօրին, մեր այցելության պահին, տոնավաճառի այցելուները հատուկենտ քաղաքաբնակներ էին, որոնցից ոչ բոլորն էին առեւտուր անում, հետաքրքրվում էին ապրանքների գներով ու թանկությունից դժգոհելով հեռանում: Արեւից ու տապից հոգնած գյուղացիներից մեկն էլ, արդեն հոգնած հարյուրերորդ անգամ բացատրություն տալուց, թե ինչու է գյուղմթերքը թանկ, հուսահատված նկատեց. «Մեկ օր չէք կարող գյուղացու կյանքով ապրել, էդ տանջանքը, հողի հետ կռիվը, որ գյուղացին է տանում, ոչ ոք չի տանի»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    լավ բան են կազմակերպել:
    Գյուղացուն ամեն կերպ պետք է օգնել:
    Իսկ Երևանցիք էլ պետք ա մի քիչ իրենց գրպանը լավ բացեն, որ գյուղացիք գոնե ծայրը ծայրին հասցնեն:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031