Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի «Առավոտում»

Հուլիս 27,2014 20:10

«Առավոտում» սերունդները ոչ թե հաջորդում են իրար,
այլ միախառնվում ու ներդաշնակ են աշխատում՝ իրար հետ կիսվելով աշխատանքային փորձով ու նոր, թարմ մտահղացումներով: Օրաթերթն ունի «նորածին» լրագրողներ, որոնք դեռ նոր են սկսում իրենց ճանապարհը, իսկ նրանց կողքին ավագ սերունդն է՝  պատրաստ օգնել ու սատարել ամեն հարցում:

Խմբագրությունում մինչ այսօր աշխատում են մարդիկ, որոնց օգնությամբ ու շնորհիվ է ծնվել «Առավոտը», իսկ այսօր էլ հասուն պատանեկությունը՝ քսան ամյակն է նշում:

Սրբագրիչ Կարինե Խաչատրյանը, խմբագրի տեղակալ Վոլոդյա Պետրոսյանն ու սպորտային էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանն արդեն քսան տարի է, ինչ թերթում են աշխատում: Հիշողությունները շատ են, տպավորությունները՝ վառ ու լուսավոր: «Առավոտի» նոր սերունդը խնդրեց ավագ սերնդին մի պահ կտրվել աշխատանքային եռուզեռից ու կիսվել հիշողություններով:

volodya

1994թ.: Լուսանկարը՝ Բախշի Խաչատրյանի

«Հեղինակներից մեկը բարձրացավ աթոռին ու սկսեց ընթերցել իր հոդվածը». Վոլոդյա Պետրոսյան

1994թ. օգոստոսի սկզբներին էր, երբ առաջին անգամ այցելեցի «Առավոտի» խմբագրություն: Թերթի աշխատակազմը զբաղված էր նախահամարի պատրաստման աշխատանքներով: Կինս՝ Կարինեն, նոր ծնվող «Առավոտի» առաջին սրբագրիչն էր: Աշխատակազմից միակ մարդը, ում ճանաչում էի, իմ հայրենակից ու լավ բարեկամ, գլխավոր խմբագիր Իգնատ Մամյանն էր: Ծանոթացա նաեւ աշխատակազմի հետ, եւ խմբագրության հետ կապը շարունակվեց: Մի օր էլ խմբագիրս հորդորեց՝ դու ինչո՞ւ չես գրում: Գրեցի:

Հետպատերազմյան դաժան տարիներն էին, պատերազմի վերքերը դեռ չէին հասցրել սպիանալ: Նորքի տուն-ինտերնատում ապաստանել էին Ադրբեջանից բռնագաղթված հայեր: Անագորույն ճակատագիրը, ցավն ու տառապանքն իրենց խարանն էին դրել այդ ծեծված ու հաշմված մարդկանց հոգիներում, ու առաջին հոդվածս, որ պիտի տպագրվեր «Առավոտում», ծնվեց այստեղ… Հաջորդը զինվորական հոսպիտալում երկարատեւ բուժում ստացող մի ազատամարտիկի մասին էր: Իսկ նման մարդկանց մասին գրելիս, պարտադիր պետք է խոսքդ համեմեիր գեղարվեստական շնչով, ոչ թե չոր ու ցամաք նախադասություն գրվեր: Դա էր պահանջում իր ուրույն խառնվածքի տեր մեր խմբագիրը՝ գրող, հրապարակախոս, երջանկահիշատակ Իգնատ Մամյանը:

Աշխատանքի բերումով միշտ շփվել եմ «դրսի» հեղինակների հետ: Տարբեր բնավորության, տարբեր խառնվածքի հեղինակներ են գալիս խմբագրություն: Հայրենական պատերազմի վետերան մի հեղինակ ունեինք, իրենից մի քանի փոքր նյութ տպագրել էինք: Մի օր էլ ներկայացավ ստվար թղթապանակով: Բացատրեցի, որ հնարավոր չէ թերթում այդ ծավալով նյութ տպագրել: Գլուխս ազատելու համար ասացի՝ թող մնա, կնայեմ, կպատասխանեմ:

Օրերից մի օր վերադարձավ, ներս սողոսկեց իմ աշխատասենյակ, պահանջեց իր հոդվածը, կանգնեց աթոռի վրա ու սկսեց բարձրաձայն ընթերցել հոդվածից որոշ հատվածներ, որպեսզի ավելի հասանելի լինի ինձ: Վետերան հեղինակի տարիքն ու վաստակը հարգելով՝ համբերատար լսեցի… Վերջում էլ ասաց՝ Պետրոսյան, արդեն կուզես տպի, կուզես՝ չէ, ես գնացի:

«Առավոտն» արդեն բոլորում է իր 20-ամյակը: Տարիների ընթացքում կայացել ու իր ուրույն տեղն է գտել հայաստանյան տպագիր մամուլի առաջին շարքերում. դա ասվել է, մենք չէ, որ պետք է ասենք: Որքան էլ կարեւորենք կոլեկտիվի աշխատանքը, կարեւորագույն դերն, իհարկե, թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանինն է:
Իսկ թե ինչ է սպասվում «Առավոտին» հաջորդ քսան տարում… Իմ կարծիքով՝ Հայաստանում տպագիր մամուլը գնալով ոչ շահեկան վիճակում է հայտնվում: Էլեկտրոնային լրատվամիջոցներից օգտվողների թիվը գնալով ավելի է գերազանցում, քանի որ տպագիր մամուլն արդեն իսկ զիջում է իր օպերատիվությամբ: Բայց կարծում եմ, որ տպագիր մամուլի նկատմամբ հասարակության վստահությունն ավելի մեծ է, քան էլեկտրոնայինի:

Իմ կարծիքով, հետագա տարիներին կգոյատեւեն այն թերթերը, որոնք շեշտը կդնեն ոչ թե զուտ տեղեկատվության վրա, այլ հագեցած կլինեն քարոզչական բացառիկ նյութերով, քաղաքական ու տնտեսական վերլուծություններով:

Volod_2

20 տարի անց: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Դա իմ կյանքի նոր շրջան էր՝ սպասումներով լի».
Կարինե Խաչատրյան

Ամուսնուս ընկեր՝ բանաստեղծ, հրապարակախոս Իգնատ Մամյանը զանգեց ու ասաց, որ նոր թերթ են հրատարակում, կարող եմ աշխատել: Դա 1994թ. ամռանն էր: Նոր աշխատակազմ էր հավաքվում, կարելի է ասել՝ ծանոթ, բարեկամ, հարազատ: Ինձ համար նախատեսել էին սրբագրիչի աշխատանքը: Դա իմ կյանքի նոր շրջան էր՝ սպասումներով լի:
Կազմավորվեց փոքրիկ աշխատակազմ, բոլորս անցանք աշխատանքի, պատրաստում էինք նախահամարը: Մեծ պատասխանատվությամբ էինք մոտենում աշխատանքին՝ մեկս մյուսին օգնելով, փոխընթերցում էինք նյութերը:

Եվ օգոստոսի 3-ին լույս տեսավ նախահամարը՝ «Առավոտ» անունով: Այդ օրը մեզ համար տոն էր, շնորհավորում էինք միմյանց: Քանի որ Իգնատ Մամյանը տեղափոխվեց այլ աշխատանքի, թերթը լույս տեսավ Արամ Աբրահամյանի խմբագրմամբ:
Սրբագրական աշխատանքում շատ նրբություններ կան: Նախ պետք է ճիշտ կարդաս հոդվածագրի ձեռագիրը, ընկալես միտքը, նույնիսկ մեկ ստորակետը կարող է ամեն ինչ փոխել: Եվ այդպես 20 տարի ես աշխատում եմ որպես «Առավոտի» սրբագրիչ: Երկու խմբագիրներն էլ շատ խիստ էին՝ տառի, բառի, մտքի նկատմամբ:

Հիշեմ մի դեպք. Ժամացույցի գործարանի գովազդն էր տպագրվել եւ «ույ»-ը տպվել էր «յու» ՝ «ժամացյուց»: Մամյանը զայրացած հարցրեց, թե ո՞վ է «հեղինակը», բայց մեղավորը, բարեբախտաբար, ես չէի:

Խմբագրությունում առողջ մթնոլորտ է: Արամ Աբրահամյանը կարողացել է լավ կոլեկտիվ ստեղծել: Չի ընդունում ոչ մի չարախոսություն, բամբասանք, վատաբանություն, ընդհակառակը՝ կողմնակից է լավ սովորությունների: Նշվում են ծննդյան տոները, որեւէ մեկի հաջողությունը, նշանադրությունը, ամուսնությունը, մի խոսքով՝ բարի ավանդույթներն «Առավոտում» շարունակվում են:

Այս 20 տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Ամեն լրագրող ունի համակարգիչ, նույնիսկ սրբագրությունն է համակարգչով: Ժամանակին համահունչ փոխվել է նաեւ լրագրության ոճը: Բայց «Առավոտը» մնացել է առաջատար, անաչառ, սիրված ու սպասված թերթ:

Ցանկանում եմ, որ «Առավոտը» գոյատեւի եւս քսան տարի, ու միշտ բացվեն բարի առավոտներ:

Ashot

«Առավոտը» իմ երրորդ զավակն է».  Աշոտ Հակոբյան

Առաջին սերնդի առավոտցիները հիմնականում երիտասարդներ էին, այն ժամանակ դեռ ոչ այնքան հայտնի անուններ, բայց նոր մտածողություն բերեցին լրագրության աշխարհ:
Գրեթե ամբողջ օրը միասին էինք անցկացնում: Ձեւավորվում էր մասնագիտական, մարդկային ու ընկերական հարաբերությունների մի նոր որակ, որը գնալով խորացավ, ու կոլեկտիվը դարձավ ընտանիք: Շատերն էին ու են նախանձում մեր ընտանիքին: Հենց այնպես չէ, որ ես հպարտությամբ ասում եմ. «Առավոտը» իմ երրորդ զավակն է»:
Հիմա էլ, չնայած մի քանի սերունդ է փոխվել, գրեթե նույն մթնոլորտն է, նույն մտերմությունը, շատերի համար արդեն՝ ընտանիքներով: Բոլոր լավ սովորույթներն ու ավանդույթները շարունակվում են:

Աշխատում էի Երեւանի քաղխորհրդի գործկոմի լրատվական բաժնում: Տեղեկացել էի, որ նոր եռօրյա թերթ է բացվում՝ «Առավոտ» անունով, որի գլխավոր խմբագիրը Իգնատ Մամյանն է: Լրագրող Հակոբ Մարտունիի հետ զրուցելիս ակնարկեցի, որ կուզենայի աշխատել այնտեղ: Պարզվեց, որ Հակոբն ու Իգնատը մտերիմներ են: Զանգահարեց, երեքով հանդիպեցինք, Իգնատին լրագրողական մի փոքր քննություն հանձնեցի ու տեղափոխվեցի «Առավոտ»՝ որպես մարզական մեկնաբան: Ինչո՞ւ ընտրեցի մարզական լրագրությունը: Լուսահոգի հայրս՝ Սերգեյ Հակոբյանը, ճանաչված մարզական լրագրող էր: Նա էլ 1956 թվականին է եղել «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադիրներից մեկը: Մարզական լրագրությունը ժառանգել եմ հորիցս:

Խմբագրատունը գտնվում էր «Ռոյալ Քլաբի» մի քանի փոքր սենյակներում: Հետո տեղափոխվեցինք Մամուլի շենքի 10-րդ հարկ: Առաջին համարից երեք, թե չորս ամիս էր անցել, երբ եկավ Արամ Աբրահամյանը: Դարձանք օրաթերթ: Ընդամենը չորս սենյակ էր: Նստում էինք՝ որտեղ պատահի: Ով այդ պահին գրելիք չուներ, աթոռը զիջում էր ընկերոջը: Այնուհետեւ բարձրացանք 15-րդ հարկ, ամբողջովին ավերակ մի տարածք: Ծայրից ծայր հիմնանորոգեցինք: Ես ու Վոլոդյա Պետրոսյանը վարպետների հետ գրեթե հավասար աշխատում էինք: Իսկ երբ նոր գույք ստացանք, պարագաներ կային, որ չէին մտնում վերելակ: Հատկապես՝ Իգնատ Մամյանից Արամ Աբրահամյանին ժառանգություն մնացած փայտե մեծ, հին ու ահավոր ծանր սեղանը, որը հիմա էլ խմբագրի աշխատասենյակում է: Դրանք ուսերիս առած՝ ոտքով ենք բարձրացրել 15-րդ հարկ: Դժվար էր, բայց հաստատ արժեր «Առավոտի» համար չարչարվել:

«Առավոտի» զվարճալի դեպքերի մասին հատորներ կարելի է գրել: Մի անգամ ակամա գնացինք Ներքին Չարբախ՝ մշակույթի էջի պատասխանատու Գոհար Հակոբյանի «ձեռքն ինձ համար խնդրելու»: Ծաղկի շուկան գործում էր Գորվետկայում՝ Մամուլի տան դիմաց: Սիրում էի ծաղկեփնջեր նվիրել խմբագրության աղջիկներին: Այդ օրը շենքից միասին դուրս եկանք ես, Գոհարը, Արմինե Ուդումյանը, Լուսինե Մարգարյանը, Ժենյա Մարտիրոսյանը եւ Անժիկ Հարությունյանը: Աղջիկներին խնդրեցի մի քանի րոպե շենքի մոտ սպասել ու վազեցի ծաղկի շուկա: Հինգ ծաղկեփունջ գնեցի ու վերադարձա: Գոհարը չկար: Ասացին՝ տուն գնաց: Աղջիկներին մեկական ծաղկեփունջ նվիրեցի ու զանգահարեցի Գոհարին: Ասացի, եթե չվերադառնա, մենք կգնանք իրենց տուն: Դեմ չեղավ: Մշտական «գրդոն» անող ծանոթ վարորդին, որի մեքենայի ետեւի պատուհանին մի գնորդ ծաղիկներ էր շարել ու գնացել էլի բերելու, համոզեցինք, որ այդ ընթացքում մեզ շտապ հասցնի Ներքին Չարբախ: Հասանք Գոհարենց փողոց, բայց տան տեղը չէինք հիշում: Մարդկանցից հարցրինք, բայց Գոհարին տեղը չբերին: Դե, թաղի բնակիչներ են՝ չիմանա՞ն, թե ովքե՞ր ենք, որ մի մեքենա ծաղիկով եկել՝ Գոհարենց տան տեղն ենք հարցնում: Անժիկն ասաց՝ եկել ենք ձեռքը խնդրելու ու ներկայացավ որպես ապագա սկեսուր, Լուսինեն ու Արմինեն՝ ապագա տալ, դե ես էլ փեսացուն դարձա: Ամենահետաքրքիրն այն էր, որ բոլորը, չնայած տեղը չէին բերել Գոհարին, սկսեցին միաբերան գովաբանել, թե որքան անող-դնող, եփող-թափող աղջիկ է ու որ տանողը խերի մեջ կկորի:

«Առավոտը» դեռ նոր-նոր է, մարզական լեզվով ասած, տեղափոխվել երիտասարդ տարիքային խումբ, բայց վաղուցվանից մեծահասակների արդյունքներ է ցույց տալիս: Հաջորդ 20 տարիներին, վստահ եմ, ավելի է երիտասարդանալու եւ լինելու է ավելի սիրելի ու պահանջված:

ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031