Լրահոս
Օրվա լրահոսը

Իգնատ Մամյան. «Տեղս դեռ բաց է երամի մեջ»

Հուլիս 27,2014 20:25

Առավոտի» 20-ամյակի առիթով ներկայացնում ենք թերթի առաջին խմբագիր, երջանկահիշատակ Իգնատ Մամյանի բանաստեղծություններից:

Երկնային աղերս

… Եվ կռունկն ընկավ թևատարած:
Եվ մեծ երամի հին օրենքով
Ընկածի տեղը – վերքի պես բաց,
Չի լրանալու ուրիշ մեկով:

Ընկածի տեղը – իրենն է լոկ.
Նա պիտի ահեղ համբերությամբ՝
Գոյի ձևերում փոխարկվելով,
Դառնալով ծաղիկ, արցունք ու ամպ,

Ներսում երկնքի սերը խորունկ
Եվ հին թևերի խաչը պահած,
Աշխարհ գա նորից որպես կռունկ
Եվ գնա՜ դեպի իր տեղը բաց…

… Ու թե այս օրենքն աշխարհում կա,
Իմն ինչո՞ւ այսքան երկար տևեց.
Հազար դար առաջ ես ցած ընկա-
Տեղս դեռ բաց է երամի մեջ:
ԵՐԳ ԱՆՁՆԱԿԱՆ
Իմ մահվան օրը կիջնի տխրություն… ՉԱՐԵՆՑ

Խնջույք կլինի կամ ինչ-որ հանդես,
Կամ սովորական մի հավաքույթում
Անունս կտան, և դու կլսես
Ծովի հեռավոր ալեբախություն։

Այդ գիշեր երկար քունդ չի տանի,
Կհիշես դեպքեր – մոռացված արդեն,
Խուլ դարակներից հին պահարանի
Կհանես դեղնած հանդեսներ, թերթեր,

Եվ իմ երգերը կկարդաս նորից,
Եվ կշշնջաս մորմոքով անսուտ.
– Այս ջահել ու խենթ բանաստեղծներին
Ինչո՞ւ է այսքան մեռնելը սազում…

Անցլալ թախիծը կպաշարի քեզ՝
Առնչելով իմ մոռացվող հուշին,
Եվ լաց կլինես, և լուռ կմաքրես
Վաղուց չբացված գրքերիս փոշին։

Հետո կթրջի անձրևն ապակին
Եվ, ուշքի գալով ամպրոպի ձայնից,
Թերթեր, հանդեսներ – կամփոփես կրկին
Խուլ դարակներում հին պահարանի,

Մինչև որ կրկին լինի մի հանդես
Կամ սովորական մի հավաքույթում
Իմ անունը տան, և նորից լսես
Ծովի հեռավոր ալեբախություն։

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031