Լրահոս
Օրվա լրահոսը

Անժիկ Հարությունյան. «Այնպիսի տպավորություն էր, թե ես վերադարձել եմ շատ հարազատ մի տեղ»

Հուլիս 27,2014 18:50

«Առավոտում» եմ 1999 թվականի օգոստոսից: Հենց սկզբից ես ինձ այստեղ օտար չզգացի, քանի որ տարիներ առաջ աշխատել էի «Փաստ» լրատվականում, որը շենքի նույն 15-րդ հարկում էր եւ հարկի միակ «բնակիչը»: Այնպիսի տպավորություն էր, թե ես վերադարձել եմ շատ հարազատ մի տեղ, մանավանդ որ՝ «Առավոտում» էին աշխատում իմ հին ընկերները՝ Լուսինեն, Հասմիկը, Աննան:

Առաջին աշխատանքային օրս հիշում եմ ամենայն մանրամասնությամբ. ծանոթացա Արամ Աբրահամյանի հետ, հետո Վոլոդյան ինձ ուղեկցեց սենյակ, ցույց տվեց համակարգիչը, որի վրա աշխատելու էի: Թեեւ ինձ լավ ընդունեցին, բայց հենց առաջին օրը, առաջին իսկ րոպեներից արժանացա Մարջիկի ուշադրությանը: Տեսնելով, որ մոտ 10 րոպե զրուցում եմ Լուսինե Մարգարյանի հետ, Մարջիկը դիմելով նույն սենյակում ինձ հետ աշխատող Նառային, ասաց՝ «Այսօր կարծես թե գործերը հետ են ընկնում», թեպետ դեռ առավոտ էր ու առանձնապես շատ գործ էլ չկար: Հասկացա ակնարկի իմաստը ու Մարջիկին պատասխանեցի, որ իմ պատճառով գործերը հետ չեն ընկնի: Դա առաջին ստուգարքս էր «Առավոտում»:

Մինչ լրագրողների հետ անձամբ ծանոթանալը, ես նրանց սկսեցի ճանաչել ձեռագրերով, որովհետեւ համակարգիչները շատ չէին եւ համարյա բոլորը ձեռագիր էին նյութերը ներկայացնում: Շատ հեշտ էր հավաքել, օրինակ, Աշոտ Հակոբյանի նյութերը՝ գրում էր մաքուր, ձեռագիրն էլ պարզ էր, իսկ Աննայի ձեռագիրը «վերծանել» էր պետք. գրում էր «խուճուճ», կարծես մի շնչով՝ առանց գրիչը թղթից կտրելու: Մարգարիտ Եսայանի ձեռագիրը, որ Արտյոմն ու Հասմիկը դժվարանում էին կարդալ, քանի որ հիմնականում ուղղահայաց ու հորիզոնական գծեր են, ես հեշտությամբ էի կարդում, որովհետեւ ինքս էլ այդպես եմ գրում, իսկ Սաթիկ Սեյրանյանը, հիշում եմ՝ երբեմն չէր կարողանում կարդալ իր գրածը, որովհետեւ հաճախ բառերը կրճատ էր գրում: Իսկ ամենայուրօրինակը Ռուզանն էր. տողադարձ էր անում կետադրական նշանները:

Անժիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

օպերատոր

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031