Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլի Գրիգորյան. «Առավոտում» գալիս են, աշխատում, հեռանում, բայց մնում են առավոտցի»

Հուլիս 27,2014 19:45

«Առավոտում» աշխատում եմ արդեն 14 տարի: Այդ տարիների ընթացքում բազում դրական եւ բացասական իրադարձություններ են տեղի ունեցել թե անձնական կյանքումս, թե աշխատանքային ոլորտում: Բոլոր իրադարձությունների արդյունքում, ամեն անգամ կրկին համոզվել եմ, որ «Առավոտը» զուտ աշխատավայր չէ: «Առավոտն» ընտանիք է, որտեղ քեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կաս, սիրում են, ոգեւորում, օգնում, եթե դրա կարիքը կա, կողքիդ են լինում` եւ լավ, եւ վատ օրերիդ: «Առավոտում» գալիս են, աշխատում, հեռանում, բայց մնում են առավոտցի: Դա Արամ Աբրահամյանի եւ «Առավոտի» աշխատակազմի ամենամեծ հարստությունն է, որը կուտակվել է անցած 20 տարվա ընթացքում:

Բայց, ինչպես ասում են, ընկերությունն` ընկերություն, գործը` գործ: 2009 թվականի Երեւանի ավագանու ընտրությունները բավական լարված մթնոլորտում էին անցնում, քանի որ հաջորդում էին 2008-ի մարտիմեկյան իրադարձություններին: Առավոտվանից, բնականաբար, տեղամասից տեղամաս, նախընտրական շտաբից նախընտրական շտաբ էինք անցնում, բայց լրագրողական ակնկալիքները` ծեծ-ջարդ, կրակոցներ եւ նմանատիպ բաներ, չէին արդարանում: Ընտրություններն անցնում էին «խաղաղ» ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքի մեխանիզմով: Անընդհատ զանգահարում էր Արամ Աբրահամյանը եւ հետաքրքրվում` ի՞նչ կա-չկա ու ամեն անգամ «մանր-մունր» կեղծիքների մասին լսելով` հիասթափված անջատում էր հեռախոսը:

Ընտրությունների ավարտից 30-40 րոպե առաջ, Դանիել Վարուժանի անվան դպրոցում շատ պատահաբար եւ շատ անսպասելի ականատես եղա մի տեսարանի. ընտրատեղամասում, հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, հաղթանդամ երկու տղամարդիկ ահաբեկում էին մի աղջնակի, ով, ինչպես հետագայում պարզվեց, ՀԱԿ-ի վստահված անձն էր: Այդ տղամարդիկ աղջկան կանչում էին դուրս`«խոսալու եւ իրար հասկանալու»: Աղջիկն էլ վախվորած կանգնած էր: Ես սկսեցի տեսանկարահանել, ձայնագրել, հարցեր տալ, պահանջեցի, որ հանձնաժողովի նախագահը բացատրություն տա, թե ինչ է կատարվում եւ այլն: Մի խոսքով, աննկատ եւ սահուն վեճի բռնվեցի այդ տղամարդկանց հետ: Նրանք սկսեցին ինձ քաշքշել, վիրավորել, ձայնագրիչն ու տեսախցիկը գողացան: Ինչպես հետո պարզվեց, նրանցից մեկը նորագյուղցի հայտնի քրեական հեղինակություն էր՝ «Բոկո» մականունով:

Նման իրավիճակների համար օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերն ավարտելուց հետո զանգահարեցի Արամ Աբրահամյանին ու հուզված, լացակումած սկսեցի պատմել կատարվածը: Պատմությունս ավարտելուց հետո լսվեց Արամ Աբրահամյանի ուրախ ձայնը` «Прекрасно: Կարգին նյութ եղավ»:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031