Լրահոս
Օրվա լրահոսը

Մելանյա Բարսեղյան. «Երբեք չգրել բաներ, որոնց համար կամաչեմ»

Հուլիս 27,2014 19:55

«Առավոտում» աշխատելու 15 տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր տեղերում լինելու, բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ շփվելու առիթներ եմ ունեցել: Սակայն այսօր կուզեմ պատմել ոչ թե խիստ հիշարժան կամ շատ զվարճալի մի պատմություն, ինչպիսիք շատ են եղել այսքան տարիների ընթացքում, այլ մի փոքր ինքնախոստովանություն անել՝ իմ լրագրողական կյանքի ընթացքում ամոթալի մի դրվագի վերաբերյալ: Դեռ նոր-նոր էի թղթակցում «Առավոտին», մոտավորապես 1997-98 թվականներին, եւ, ինչպես բոլոր նորելուկները՝ իրենց մասնագիտության մեջ, փորձում էի ինքնահաստատվել եւ գրում էի ծայրահեղ սարկազմով, «թունավոր» գրչով: Այն ժամանակ դա ինձ շատ «զիլ» էր թվում: Հերթական «թունավոր» հոդվածս Հանրային հեռուստատեսության եթերում չստացված մի հաղորդման մասին էր, որի ժամանակ այն տարիների հայտնի երգիչ-երգչուհիները որեւէ հայտնի երգ «իրենցով էին անում» եւ իրենց ոճով ներկայացնում: Այդ հաղորդումը շատ կարճ կյանք ունեցավ, որովհետեւ մեր պահպանողական հասարակությունը չէր ընկալում սիրված երգերի ձեւախեղումները: Ես էլ, որքան հիմա հասկանում եմ, պակաս անընկալունակը չէի: Մի հոդված գրեցի, որում կային անողոք եւ ծայրահեղ սուր, կարող եմ ասել՝ անգամ գռեհիկ որակումներ՝ ե՛ւ երգիչ-երգչուհիների, ե՛ւ հաղորդման հեղինակների հասցեին: Ինձնից չափազանց գոհ էի: Կարծում էի՝ շնորհակալ գործ եմ անում՝ սիրված երգերը նորահայտ աստղիկներից պաշտպանելով: Առավել ոգեւորվեցի, երբ լսեցի բազմաթիվ գովասանքի խոսքեր ծանոթ-անծանոթներից՝ «ինչ լավ ես դրանց հերն անիծել, էդ էլ էր քիչ» եւ այլն… Անցավ մի քանի տարի, արդեն «Առավոտի» հիմնական կազմում էի, եւ մի օր դասավորում էի մեր աշխատասենյակի պահարաններից մեկը, որին շատ վաղուց ոչ ոք չէր կպել: Այդ պահարանում պահվում էին հարյուրավոր գրքեր, թերթեր, նամակներ… Որպեսզի կարեւոր բան չնետեմ, հերթով բացում էի բոլոր նամակները, ստուգում, նոր նետում: Ու հանկարծ դրանցից մեկում տեսա իմ անունը: Արդեն չեմ հիշում՝ նամակն ի՞նձ էր հասցեագրված, թե՞ խմբագրությանը, բայց պարզ է, որ խմբագրության աշխատակիցները խնայել էին ինձ՝ չէին տվել այդ նամակը: Նամակում ճիշտ նույն բառապաշարով, նույն անողոքությամբ եւ որակումներով ինձ հակադարձել էին: Բովանդակային որեւէ լուրջ բան չկար, բացի մի նախադասությունից, որն անգիր չեմ հիշում, բայց իմաստը հետեւյալն էր՝ ինչպե՞ս կզգայիր քեզ, եթե քո հասցեին նման որակումներով հոդված լույս տեսներ եւ ոչ միայն դու կարդայիր դա, այլեւ քո բոլոր ծանոթ-մտերիմ-հարազատները… Ասել, որ ապշել էի ու քարացել՝ նշանակում է ոչինչ չասել: Այդ օրը ես շատ բան վերարժեւորեցի ինձ համար, եւ այդուհետեւ փորձեցի գրիչս թունավոր թանաքով չլցնել ու երբեք չգրել բաներ, որոնց համար կամաչեմ… «Առավոտ» օրաթերթ 26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031