Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Քննադատությունը դատարկաբանություն որակելը վարչապետի հռետորաբանություն չէ»

Հուլիս 28,2014 18:15

«Նույնիսկ էական չէ` մենք այդ քայլերը տեսնում ենք, թե` ոչ: Հնարավոր է կառավարությունն ինչ-որ գաղտնի քայլեր ունի մշակած կամ տարբեր երկրների հետ գաղտնի բանակցությունների մեջ է: Բայց փորձը հուշում է, որ նմանատիպ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ հանկարծակի է լինում ու նոր փորձ է արվում առաջացած խնդիրներին լուծում տալ»,- Aravot.am-ի հետ զրույցում հեգնանքով ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին` տեսնո՞ւմ է կառավարության կողմից իրականացվող քայլեր, որոնք կչեզոքացնեն ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցների հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա:

Մի քանի օր առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դիլիջանում, այդ առիթով լրագրողների հետ զրույցում ասել էր. «Անկեղծ ասած, մենք՝ որպես կառավարություն, ամեն ինչ անում ենք, որ նման պատժամիջոցները չազդեն մեր տնտեսության վրա: Մենք մեր գործը պետք է անենք և հնարավորինս ներգրավենք օտարերկրյա ներդրումներ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար»: Վարչապետը նաեւ հավելել էր, որ Հայաստանի քաղաքացու բարեկեցությունը ուղղակիորեն կապված է մեր տնտեսության զարգացումից:

Անկախ նրանից` ՀՀ կառավարությունը որոշակի քայլեր անում է, թե` չէ, Արմեն Մարտիրոսյանին վրդովեցնում է այն, որ մեր իշխանությունը որոշեց գնալ մի ուղով, որտեղ պետք փորձել մեղմել հարվածներ, երբ կարելի էր վարել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտար այլ ուղղությամբ շարժվել ու մտածել տնտեսության զարգացման մասին:

Լրագրողների հետ նույն զրույցում, վարչապետը վրդովվել էր այն դիտարկումից, թե կառավարության որդեգրած նոր`ստվերի դեմ պայքարի քաղաքականության արդյունքում, հարկային բեռը դարձյալ փոքր և միջին բիզնեսի ուսերին է: Նման եզրահանգման առիթ են տալիս հենց կառավարության հրապարակած տեղեկանքները, որոնցում որեւէ խոշոր գործարարի ընկերության անուն նշված չէ: «Մենք գործով ենք զբաղվում, ոչ թե դատարկաբանությամբ, ինչպես մեր որոշ օպոնենտներ: Եթե կոնկրետ բան ունեն, թող գան ասեն, պատկան մարմինները կպատասխանեն: Մենք խնդիր չունենք որևէ բան կոծկելու, մենք ասում ենք իրականությունը, մենք ավելի շատ խոսելու ենք մեր ապագայի մասին, քան այն, թե ինչ է եղել նախկինում»,- իր ընդդիմախոսների մասին ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Արմեն Մարտիրոսյանն, ով նույնպես կառավարության ընդդիմախոսներից է, հետաքրքրվեցինք` կոնկրետ բան ո՞ւնի պատկան մարմիններին ասելու: Պարզվում է, անգամ վարչապետի կոշտ բնորոշումները չեն ստիպում Արմեն Մարտիրոսյանին դիրքորոշումը փոխել: «Մենք ի սկզբանե ունենք համակարգային իշխանություն, որը հիմնված է ընտրակեղծարարության վրա, որի լավագույն կազմակերպիչն, իմիջիայլոց, ներկա վարչապետն է… ունենք կոռուպցիայի, իշխանության եւ բիզնեսի սերտաճման, պետական ռեսուրսները մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձնական նպատակներին ծառայեցնող իշխանություն` անվերահսկելի գործունությամբ զբաղվող, որն օդից մեր գլխին է գցում 300 միլիոն դոլարի գազի պարտք կամ մեկ տարվա ընթացքում 42 տոկոս հոսանք է թանկանում եւ այլն: Այդպիսի իշխանությունից ես սպասելիք էլ չեմ ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ քննադատությունը դատարկաբանություն որակելը վարչապետի հռետորաբանություն չէ:

«Ուղղակի ինքն իշխանության ներկայացուցիչն է, որն այդ ցինիզմով շարունակում է իր գործով զբաղվել` ընտրակեղծարարություն անել, պետական ռեսուրսները յուրացնել, այսպիսի «հրաշալի» արտագաղթ կազմակերպել, սոցիալական վճարի անվան տակ պարտադիր կուտակային համակարգ մտցնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` հիշեցնելով, որ կառավարության նշանակումն ինքն այսպես է բնութագրել. «Սա մեր կառավարման համակարգի հատակն է»:

 

Նելլի Գրիգորյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031