Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ակտիվացնել կանաչապատման ուղղությամբ աշխատանքները

Հուլիս 29,2014 14:10

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման նկատմամբ:

Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ հայտնաբերված 9 դեպքի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով շուրջօրյա հսկողություն իրականացնել:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ շարունակվում են ծաղիկների համալրման, ծառերի բուժման, խոտհնձնի, ինչպես նաև ոռոգման աշխատանքները: Նշվել է նաև, որ վարչական շրջաններում ոռոգումը կազմակերպվում է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ տարվող աշխատանքները. «Կանաչապատման գործընթացը պահանջում է մշտական հետևողականություն և խնամք, հետևաբար հսկողությունն այս ուղղությամբ ևս պետք է լինի անընդհատ: Այս տարի մենք ավելի քան 20 կմ ընդլայնեցինք ոռոգման ցանցը: Սա կարևոր ձեռքբերում է կանաչապատման աշխատանքների կազմակերպման տեսանկյունից և, ըստ այդմ, ենթադրվում է, որ մեծ ուշադրություն պետք է հատկացվի կանաչ տարածքների, մասնավորապես, սիզամարգերի ստեղծմանն ու պահպանմանը: Իրականացված աշխատանքներն առայժմ գոհացուցիչ չեն, և ցանկալի արդյունքի հասնելու համար եղեք ավելի խիստ և պահանջկոտ: Կանաչապատման ընկերությունների ղեկավարներից բացի, վարչական շրջանների պատասխանատուները նույնպես անելիքներ ունեն այս հարցում: Անձամբ պետք է լինել տեղերում և հետևել, թե ինչպես են կազմակերպվում աշխատանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ստացվել է, համապատասխանաբար, 179 և 100 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 201 հարց, մյուս հարցերն էլ ընթացքի մեջ են:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում առողջապահական հաստատությունների աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ համաբուժարաններ դիմողների թիվը կազմել է 34227: «Շտապբուժօգնության» ծառայությունում գրանցվել է 4361 կանչ: Ծնունդների թիվը մայրաքաղաքում կազմել է 508 երեխա, որից՝ 247 տղա, 261 աղջիկ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով օգոստոսի 1-ից 15-ը բուժօգնության անվճար ակցիայի կազմակերպման և բարձր մակարդակով անցկացման ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2014 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատության կտրվածքով:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, սպորտի, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքները:

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը:

Արտաքին կապերի բնագավառում, մասնավորապես, Երևանի և քույր ու գործընկեր քաղաքների հետ համագործակցության բնագավառում կատարված աշխատանքների կիսամյակային հաշվետվություններն էլ ներկայացրել է քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031