Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազում եմ Հայաստանիս հաղթանակ բերել». Դավիթ Վարդանյան

Հուլիս 30,2014 20:44

«Ընդհանրապես բոլոր մրցույթների արդյունքներն անկանխատեսելի են, բայց ամեն մի մարդ մասնակցում է հաղթելու կամ լավ ելույթ ունենալու երազանքով: Ես երազում եմ Հայաստանիս հաղթանակ բերել»,- ասում է 12-ամյա Դավիթ Վարդանյանը, որը մանկական «Նոր ալիք» երաժշտական մրցույթում այս տարի կներկայացնի Հայաստանը:

Մրցույթը կկայանա Ղրիմում՝ օգոստոսի 16-18-ը: Մրցութային երկու օրերին մեր մասնակիցը կկատարի Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» և Բրունո Մարսի “Locked Out of Heaven” երգերը, սակայն, ինչպես տեղեկացնում է Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը, հնարավոր է, որ մրցույթի ընթացքում երգերը փոփոխվեն:

Գ. Կյոկչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «ուսումնասիրել» է մասնակից մյուս երկրների ներկայացուցիչներին, որոնցից, իր կարծիքով, 5-6-ն են առաջատարներ, այդ թվում նաև մեր մասնակիցը. «Կարծում եմ, որ Դավիթը հաղթելու իրական հնարավորություններ ունի,- ասում է Գ. Կյոկչյանը,- բայց սա մի մրցույթ է, որտեղ մարդկային գործոնը մեծ դեր ունի: Եթե հաջողությունը մեր կողմը լինի, ես վստահ եմ, որ Դավիթը եռյակում կհայտնվի, ինչու չէ, կարող է նաև հաղթել»:

Նրա խոսքով՝ Դավիթը մեծ ձգտումներ ունի և, որ ամենակարևորն է, շատ աշխատասեր է. «Նա պարբերաբար հաճելիորեն զարմացնում է ինձ՝ շատ կարճ ժամանակահատվածում ցույց տալով այնպիսի արդյունքներ, որոնց չեմ սպասել»,- ասում է նա:

Եթե Գ. Կյոկչյանն ընդամենը մի քանի առաջատարների է առանձնացնում մասնակիցների մեջ, ապա Դ. Վարդանյանը բոլորին է իր համար մրցակից համարում. «Բոլոր մասնակիցներն էլ շատ լավ են երգում և արժանի են հաղթանակի: Բոլորն էլ ինձ համար մրցակից են, որովհետև ամեն մեկը մի յուրահատկություն ունի»,- ասում է նա:

Դ. Վարդանյանի հետ նաև պարուսույց է աշխատում՝ Քրիստինե Հովակիմյանը, բայց մեր ներկայացուցչի ելույթների համար պարեր նախատեսված չեն: Պարզապես, Ք. Հովակիմյանն աշխատում է Դավթի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության, ճկունության, կեցվածքի, բեմական պահվածքի վրա:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031