Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի տեղակալը՝ կրթական ու մշակութային ձեռքբերումների և բացթողումների մասին

Հուլիս 31,2014 19:45

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը գտնում է, որ մայրաքաղաքում մշակութային շատ բացեր ու պակաս բաներ կան:

Սակայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ այդ բացերից միայն մեկին. «Չկան, օրինակ, լավ ամֆիթատրոններ, որոնք շատ անհրաժեշտ ու կարևոր են, սակայն այսօր դրանց կառուցման հնարավորությունն էլ կարծես թե չկա (ինչպես ֆինանսական, այնպես էլ տարածքային առումով), բայց դրա պակասը ես ինքս միշտ զգում եմ: Բացօթյա միջոցառումները հաճախ կազմակերպվում են Կասկադում, Ազատության և Հանրապետության հրապարակներում, որոնք տեխնիկապես հարմարեցված չեն»,- ասում է քաղաքապետի տեղակալը:

Պարոն Սուքիասյանն այնուհետև, ամփոփելով քաղաքապետարանի՝ 2014թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքը` հանրակրթության և մշակույթի ոլորտներում, ուրախությամբ նշեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական և արվեստի 26 դպրոցներում աշակերտների թիվն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 518-ով: Բացի այդ, հիմնանորոգման աշխատանքներ են ներկայումս ընթանում 12 երաժշտական և արվեստի դպրոցներում. «Սա աննախադեպ քանակ է, և առաջին անգամ է այսպիսի մեծ ուշադրություն դարձվում մշակութային կրթական հաստատություններին»,- ասում է Ա. Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ են այս տարի իրականացվում նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 19 գրադարաններից 12-ում, բացի այդ, 4800 կտոր գիրք է ձեռք բերվել և նվիրատվության կարգով բաշխվել գրադարաններին:

Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների աշակերտների առաջադիմությանը, բանախոսն ասաց, որ 374 հավակնորդներից ընդամենը 200-ն են գերազանցության վկայական ստացել, որը նախորդ տարվա համեմատությամբ վատ ցուցանիշ է. «Սա, ըստ երևույթին, խոսում է ուսումնական որակի կազմակերպման և մեթոդաբանության որոշակի հետընթացի մասին»,- մեկնաբանեց Ա. Սուքիասյանը:

Անդրադառնալով երևանյան թատերական կյանքին՝ Ա. Սուքիասյանն ասաց, որ հանդիսատեսի թվի զգալի աճ է նկատում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երեք թատրոններում՝ Մ. Մկրտչյանի անվ. արտիստական, Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոններում. «Ի դեպ, այս թատրոններն այս տարի համապատասխան սուբսիդիայից զատ, ստացել են նաև որոշակի գումար նոր բեմադրությունների համար, և աշնանը երեք նոր ներկայացում կհանձնեն հայ հանդիսականի դատին»,- տեղեկացրեց քաղաքապետի տեղակալը:

Նա այս տարվա առաջին կիսամյակը, ընդհանուր առմամբ, մշակութային իրադարձություններով հագեցած է համարում:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, պարոն Սուքիասյանը խոսեց դրանցից երկուսի մասին՝ օգոստոսի 15-ին անցկացվելիք դիջեյների փառատոնի, որը կնվիրվի երիտասարդության օրվան (թեև այն օգոստոսի 12-ին է) և օգոստոսի 29-ին սպասվող շրջիկ երաժիշտների համերգային ծրագրի մասին, որը նորություն է. «Մենք շատ լավ գիտենք, որ մետրոյի կայարաններում, ամենատարբեր փողոցներում բազմաթիվ շրջիկ, բայց բավականին պրոֆեսիոնալ երաժիշտներ են հանդես գալիս: Եվ մենք որոշեցինք միավորել նրանց մեկ հարթակում (Հյուսիսային պողոտա), որտեղ երևանցիները նրանց բոլորին միասին կտեսնեն և գուցեև փոխեն իրենց վերաբերմունքն այս մարդկանց նկատմամբ»,- ասաց Ա. Սուքիասյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գ. Նժդեհ հրապարակի ամֆիթատրոնը (,,Մետրո,, թատրոնի հարևանությամբ) լավ հնարավորություն ունի ,,Հայ երաժշտության համերգներ,, կազմակերպելու համար, (բեմահարթակում կարող է նույնիսկ սիմֆոնիկ նվագախումբ տեղավորվել), իսկ ,,Էրեբունի,, թանգարանի դիմացի հարթակում՝ պատմական բնույթի մոնումենտալ երաժշտական ժանրեր կատարել… Հարգանքով՝ Ա. Բաբայան

Պատասխանել Ashot Babayan

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031