«Նոր Նորքի անտառում բուլդոզերով միայն չորացած ծառերն են վնասվել». Կարինե Դանիելյան

«Նոր Նորքի անտառում բուլդոզերով միայն չորացած ծառերն են վնասվել». Կարինե Դանիելյան

Երեկ` հուլիսի 30-ին, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն , թե երեքշաբթի օրը Նոր Նորքի բնակիչները նկարահանել են, թե ինչպես են «Ջրաշխարհին» կից անտառում բուլդոզերները ջարդում ծառերը: Նույն օրը Երեւանի քաղաքապետարանը «ՍիվիլՆեթի» գրավոր հարցմանը պատասխանել էր , որ ոչ միայն ծառեր չեն հատվում, այլ նախատեսվում է լրացուցիչ ծառատունկ եւ կանաչապատման աշխատանքներ կատարել:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի հետ: Տիկին Դանիելյանը մեզ հայտնեց, որ այդ հարցի շուրջ այսօր խոսել է քաղաքապետարանի աշխատակիցների եւ քաղաքապետի հետ.

«Ըստ քաղաքապետարանի` Ճարտարապետության եւ շինարարության ինստիտուտի կողմից մշակված նախագիծ է, որտեղ պետք է մանկական այգի կառուցվի: Այն ուսանողների նախագիծն է, որոնք նաեւ մշակել են Բուսաբանական այգու դիմաց գտնվող տարածքը: Ըստ քաղաքապետարանի` այդտեղ ծառեր չեն ոչնչացվելու, եւ վիճակը այդ տարածքում բավականին վատ է, որովհետեւ ոռոգման ջուր չկա, եւ հիմա իրենք անցկացնում են ոռոգման ջուր: Մանկական այգին պետք է ունենա համապատասխան հրապարակներ երեխաների համար»:

Բայց այնուամենայնիվ, Կարինե Դանիելյանը հասկանում է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամների անհանգստության պատճառները, քանի որ քաղաքում շատ քիչ են մեծ կանաչ զանգվածները: Տիկին Դանիելյանը համարում է, որ նախաձեռնության անդամները վախենում են, որ կանաչ զանգվածի հաշվին կարող է լինել մանկական հրապարակը, եւ այդ պատճառով էլ բետոնապատումը բացարձակապես չեն ընդունում: Կարինե Դանիելյանը հայտարարեց, որ ըստ օրենքի տարածքը էկոլոգիական փորձաքննության պետք է ենթարկվի, քանի որ այն մեծ է.

«Ես կարծում եմ, որ լավ կլինի քաղաքապետարանում քննարկում անցկացնել, երիտասարդներին էլ հրավիրել, ցույց տալ նախագիծը: Եթե նրանք կունենան առաջարկություններ, ապա այդ առաջարկությունները, իրոք, կարելի է հաշվի առնել, եթե իրոք, տեսնում ենք, որ էկոլոգիական վնաս կա: Ես կփորձեմ դա քաղաքապետարանին առաջարկել»:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարության մեջ տարածել էին, որ ծառերը մեկը մյուսի հետեւից բուլդոզերով ջարդում են, տիկին Դանիելյանից հետաքրքրվեցինք, արդյոք դա համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը, նա պատասխանեց, որ դեռ չի տեսել, սակայն քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ասում են, որ բուլդոզերով միայն չորացած ծառերն են վնասվել, իսկ նորմալ վիճակում գտնվող բոլոր ծառերը մնալու են եւ ավելացվելու են նորերը:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կսպասվի քաղաքին, եթե այնուամենայնիվ, ծառերը հատվեն, Կարինե Դանիելյանը պատասխանեց, որ Երեւանը ծառերի զանգվածների կարիք ունի.

«Ցավոք, մենք կորցրեցինք, օրինակ` Մոնումենտի անտառը, շատ մեծ նշանակություն ուներ, այդտեղից մաքուր օդ է գալիս քաղաք: Առանձին ծառեր ունենալը շատ լավ է, անպայման խոտային ծածկույթներ պետք է լինեն, բայց քաղաքը պետք է ունենա զանգվածներ, առավել եւս մեր բնակլիմայական պայմաններում: Այդ առումով երիտասարդները ճիշտ են, բայց քաղաքապետարանը խոստանում է, որ ոչ մի ծառի կորուստ չի լինի, եթե մի ծառ էլ վնասվի, ապա դրա տեղում, անպայման, ծառ դրվելու է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք