Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Տեսնես ինչո՞ւ են վախենում մամուլից

Օգոստոս 01,2014 14:40

Իրավապահներն առաջնորդվում են ոչ թե
Հայաստանի Հանրապետության, այլ «թայֆայի» օրենքներով

Ինձ թվում է՝ այժմ Հայաստանի իրավապահ համակարգի մի մեծ խումբ մամուլատյացների (ազգանուններն անգամ կարեւոր չեն, կարող է Օսիպյան լինել, Կոստանյան կամ Պողոսյան եւ այլն) երեխա ժամանակ ծնողները վախեցրել են ոչ թե «մեշոկ պապիով», «դեւերով ու չարքերով», այլ լրագրողներով: Ասել են՝ «խելոք չմնաս, մի ժուռնալիստ կգա ու քեզ կտանի»:

Եվ ահա նրանց նմանների մեջ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ բնազդային վախ ու ատելություն է մտել: Ուրիշ կերպ չեմ կարող բացատրել իրավապահ համակարգի աննախադեպ հարձակումները լրատվամիջոցների դեմ, եւ ընդհակառակը՝ աչքերը փակելը, երբ լրագրողն է ենթարկվում բռնության:

Վերջին մի քանի օրերի իրադարձությունները մի անգամ էլ փաստեցին ու ապացուցեցին իմ այս ասածները:

Այսպես, Հատուկ քննչական ծառայություն կոչվող մարմինը որոշում է կայացրել կարճելու «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի մասնագիտական լրագրողական աշխատանքը խոչընդոտած եւ նրա նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը, իսկ վերահսկող դատախազն էլ մերժել է Անի Գեւորգյանի բողոքը, եւ հիմա լրագրողը պատրաստվում է դիմելու դատարան՝ բողոքարկելու քրեական գործը կարճելու որոշումը: Ընդ որում, գործը կարճած քննիչը, ըստ մեր գործընկերոջ, լրագրողին չի հավատացել, այլ հավատացել է կենտրոնի ոստիկանապետին ու Անիին բերման ենթարկած ոստիկաններին

Էդ ո՞նց, էլի, չեմ հասկանում: Դուրս գանք փողոց եւ 100 հոգու հարցնենք՝ դուք հավատո՞ւմ եք, որ Կենտրոնի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը փետրվարի 12-ին բռնություն չի կիրառել բերման ենթարկված լրագրողի նկատմամբ: Հարյուրից 99-ը կասի մոտավորապես հետեւյալը՝ «բա առանց դրա՞…»: Հիմա հարց տամ ՀՀ գլխավոր դատախազ աշխատող Գեւորգ Կոստանյանին. «համարձակություններդ չհերիքե՞ց վերացնելու ՀՔԾ քննիչի այս որոշումը…»: Հարցս, ըստ էության, հռետորական է, զի պատասխանը ինքս էլ գիտեմ: Իհարկե՝ ոչ: Որովհետեւ այս ոստիկան-մոստիկանները (կամ «միլիցա-պեպելիցաները»), դատախազ-մատախազները համարձակ են, երբ հարձակվում են մամուլի, լրագրողների, ցուցարարների կամ շարքային քաղաքացիների վրա, բայց հենց դիմացը մի այլ համազգեստավոր լինի՝ մկան ծակին 100 թուման կտան («մկան ծակին 100 թուման տալը» ժողովրդական ասացվածք է, ՀՀ իրավապահ համակարգի խիստ ինտելեկտուալ ներկայացուցիչները թող հանկարծ մուկ բառի այլ ասոցիացիաներ չփնտրեն): Եվ Կոստանյանն էլ չի վերացնի քննիչի այդ ակնհայտ ապօրինի որոշումը, որովհետեւ… Ինքն էլ համակարգի կամ իրավապահ «թայֆայի» մի մասն է եւ երբեք դեմ չի գնա «թայֆին»…
Աբսուրդային է, որ ՀՔԾ կոչվող մարմնի քննիչը հավատացել է, թե… լրագրողին բերման են ենթարկել ոչ թե նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու նպատակով, այլ որ նա հասարակական կարգ է խանգարել, եւ իրենք՝ ոստիկանները, չթողնելով տեսագրել, ոչ թե խոչընդոտել են նրա մասնագիտական գործունեությունը, այլ ապահովել են լրագրողի անվտանգությունը…

Ձեր ապահոված անվտանգությունը ձեր գլխին կպնի, հա՝ կասեր տատս:

Նույն դատախազության եւ ՀՔԾ-ի նախաձեռնությունն էր նաեւ դատարանի միջոցով լրատվամիջոցներից աղբյուրի բացահայտում պահանջելը: Ընդ որում, մի գործով, որտեղ խոսքը սովորական խուլիգանության մասին է, եւ խուլիգանության ենթադրյալ հեղինակը էլի ոստիկան է, այս անգամ՝ Շիրակի ոստիկանապետը:

Դե, բնական է, որ առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչների պահանջը (ե՞րբ, ո՞ր դատական նիստում, ինչո՞ւ պատասխանող կողմը տեղյակ ու ներկա չէր եւ նման բաները այդ դատարանի համար կարեւոր էլ չեն), իսկ մամուլի դեմ արշավի կոստանյանական «փայլուն ավանդույթները» շարունակեց վերաքննիչ դատարանը՝ որոշելով, որ առաջին ատյանի դատարանի՝ լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրի բացահայտում պահանջող որոշման դեմ վերաքննիչ բողոքը պետք է քննվի… դռնփակ դատական նիստում… (մանրամասները): Աբսուրդը հասել է այնտեղ, որ հրապարակումը պատրաստած լրագրող-հեղինակին անգամ չեն թողնում դատավարության… Իհարկե, լրատվամիջոցները կբողոքարկեն դռնփակի մասին որոշումը, որովհետեւ դրա համար ոչ մի հիմք չկա: Բայց հիմքն ու օրենքը ի՞նչ կարեւոր են Հայաստանի դատավորների համար էլ, կարեւորը «թայֆաբազության» օրենքն է, եւ նրանք էլ, բնական է, Կոստանյանի նման, չեն կարող դուրս գալ այդ օրենքների շրջանակներից…
Իսկ դուք ասում եք, թե Հայաստանը իրավական պետություն է…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031