Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ Եվրասիայի, իսկ Արցախը՝ Եվրամիության մաքսային սահման

Օգոստոս 01,2014 14:30

Մեր ժողովուրդն էլ հոգեպես ընկճված, անտարբեր հետեւում է
հայոց արժանապատվությունը ծանակող գործընթացին

Մայդանի իրադարձությունները մենք դիտարկել ենք «Մեր Մայդանն էլ մարտի 1-ն էր» հոդվածում («Առավոտ» օրաթերթ, 28 փետրվարի) եւ խորհել առաջացած վտանգավոր հետեւանքների արդարացի հետաքննության մոդելը, ինչպես նաեւ Հայաստանը Մաքսային միություն ինտեգրվելը համարել ենք դավադրություն, նկատի ունենալով Արցախի մեկուսացումը:

Դրանք ճիշտ դուրս եկան, նախ հետաքննության մարմինը կալանեց քաղաքական բողոքի մասնակիցներին գնդակահարողներին, ովքեր Ուկրաինայի հատուկ ծառայությունների զինծառայողներ էին եւ ապացուցվեց, որ բողոքողների նկատմամբ բռնություններ եւ զենք գործադրելու հրամանը արձակել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ ուժային կառույցների պարագլուխները (ճողոպրել են Ռուսաստանի Դաշնություն):
Բողոքողների գործողությունները, այսինքն՝ ուժայիններին դիմադրելը եւ վնաս պատճառելը լուծվում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի կանոններին համապատասխան՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակ եւ համարժեք:

Ի տարբերություն՝ մարտի 1-ի նույնաբնույթ դեպքերով մեր ուժայինները բիրտ ուժ գործադրեցին, ապա նախ կալանեցին խաղաղ բողոքողներին եւ ակնհայտ պարտակեցին նրանց գնդակահարողներին եւ այդ հրամանն արձակողներին:

Ուկրաինայի հպարտ ժողովուրդը հրաժարվեց նաեւ Մաքսային միություն մտնելու Յանուկովիչի միանձնյա ծրագրից, ինչը Մայդանի իրադարձությունների բուն դրդապատճառն էր եւ Ուկրաինան ինտեգրվեց Եվրամիությանը: Նկատենք, որ Մաքսային միություն մտնելու գաղափարը նույն սցենարով ծագել է նաեւ մեր երկրում եւ իշխանությունները հախուռն ձգտում են օր առաջ ինտեգրվել Եվրասիա տնտեսական համագործակցություն՝ հաշվի չառնելով նրա օգտակար եւ վնասարար կողմերը, մեր ժողովուրդն էլ հոգեպես ընկճված, անտարբեր հետեւում է հայոց արժանապատվությունը ծանակող գործընթացին:

Հիմա դիտարկենք Մաքսային միության էությունը եւ Հայաստանի կարգավիճակն այդ դաշինքին միանալու դեպքում:

Այսպես՝ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուս եւ Ղազախստան պետություններն ավելի քան 5 տարի է՝ հիմնել են Եվրասիա տնտեսական համագործակցությունը: Այդ դաշինքի միջպետական խորհրդի 27.11.2009թ. որոշմամբ ընդունվել է Մաքսային միության մաքսային օրենսդրությունը եւ դաշինքի ողջ տարածքում կիրարկվում է 16.04.2010թ. արձանագրությամբ եւ խմբավորմամբ:

Եվրասիայի տնտեսական համագործակցության կամ Մաքսային միության տարածքը կազմում է անդամ-պետությունների տարածքը (ներառյալ Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն եւ Ղազախստանի Հանրապետություն, հիմնադիրներ), իսկ Մաքսային միության մաքսային միասնական տարածքի ծայրամասը կամ վերջնակետը համարվում է Մաքսային միության սահման (Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդված):
Հիշյալ համագործակցության շրջանակներում՝ գլխավոր մարմին Մաքսային միությունը կարգավորում է Մաքսային միության միասնական տարածքով ապրանքների տեղափոխման, փոխադրման, մաքսային ռեժիմի հայտարարագրման, մաքսային հսկողություն իրականացնելու, մաքսային վճարումների վճարման եւ այլ մաքսային իրավական հարաբերությունները:

Մաքսային օրենսգրքի 2-րդ նորմի շեշտադրումից նկատվեց, որ Մաքսային միության միասնական տարածքը դա համագործակցության անդամ պետությունների տարածքն է, հետեւաբար՝ Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միություն կարող է մտնել իր տարածքի շրջանակով, այսինքն՝ Երեւան քաղաքը եւ 10 մարզը ներառյալ:
Եվրասիա տնտեսական համագործակցություն ինտեգրվելու համաձայնագիրը վավերացնելուց եւ այն ուժի մեջ մտնելու պահից (2015թ. հունվարի 1) Հայաստանի Հանրապետության տարածքը ճանաչվելու է Մաքսային միության միասնական տարածք, հանրապետությունում ուժի մեջ է մտնելու Մաքսային միության օրենսդրությունը եւ իրականացվելու է մաքսային միասնական քաղաքականություն (ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ինքնիշխանության սկզբունքի խախտում): Իսկ Իրանին, Թուրքիային, Վրաստանին եւ Ադրբեջանին հարող սահմանամերձ տարածքները կամ վերջնամասը ճանաչվելու են Մաքսային միության սահմաններ:

Նկատենք, որ Աստանայում Նազարբաեւի եւ Բաքվում Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանը Եվրասիա տնտեսական միություն կարող է մտնել ՄԱԿ-ի գրանցած տարածքի շրջանակով, առանց Արցախի, որեւէ հայտնություն կամ նորույթ չէ, այլ նրանք պարզաբանել են մաքսային օրենսդրության պահանջը: Այս խնդիրը Աստանայում անակնկալի բերեց մեր պատվիրակներին, նրանք պապանձվեցին եւ նկատվեց, որ անտեղյակ են Մաքսային միության օրենսդրությունից եւ անկարող՝ միջպետական խնդիրներ լուծելուց:

Դեռ Մաքսային միություն չմտած, մենք հանդիպեցինք սկանդալի, ըստ այդմ՝ Հայաստանը իր տարածքով ընդգրկվելու է Մաքսային միության մաքսային տարածք, իսկ Արցախը ազատագրված շրջակա հողերով մնալու է Եվրասիայի սահմանամերձ տարածք եւ Հայաստանի ու Արցախի միջեւ տեղակայվելու է բաժանարար մաքսային սահմանակետ:
Տրամաբանական հարցեր են ծագում.
1. Արցախի տնտեսական սուբյեկտները կամ անձերը ի՞նչ հիմունքներով կարող են ապրանքներ տեղափոխել, փոխադրել, հայտարարագրել եւ այլ մաքսային գործողություններ իրականացնել Մաքսային միության մաքսային միասնական տարածքով:

Հիմա համադրենք Մաքսային միության օրենսդրության դրույթները.
ա) պետական անձը դա Մաքսային միության անդամ պետության կողմից ստեղծված իրավաբանական անձը, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունները, Մաքսային միության անդամ պետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձերը, այդ թվում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ գրանցված անհատ ձեռնարկատերերն են (Մաքսային օրենսգրքի 4-րդ հոդված, 14 կետ),
բ) Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության անձը համարվում է արտերկրի անձ, իսկ նրանց ապրանքները՝ արտերկրի ապրանք (Մաքսային օրենսգրքի 4-րդ հոդված, 9, 10 կետեր),
գ) հայտարարագրողը (դեկլարանտ), այսինքն՝ ապրանքի տեղեկությունների եւ մաքսային ռեժիմ ընտրելու մասին մաքսային մարմնին դիմող անձ կարող է լինել.
Մաքսային միության անձը.
– կնքված արտաքին տնտեսական գործարքով, ինչպես նաեւ, երբ հանդես է գալիս այդ գործարքը կնքող անձի անունից (նրա հանձնարարությամբ),
– արտաքին տնտեսական գործարքի բացակայության դեպքում, եթե ապրանքի նկատմամբ ունի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավունք,
արտերկրի անձը.
– ֆիզիկական անձը՝ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելիս,
– կազմակերպությունը, եթե Մաքսային միության անդամ պետությունների տարածքում սահմանված կարգով ունի ներկայացուցչություն՝ դիմումի առկայությամբ ժամանակավոր ներկրում եւ ռեէքսպորտ մաքսային ռեժիմներով, ինչպես նաեւ ներքին պահանջմունքների համար թողարկում մաքսային ռեժիմով, միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ներկրում են այդ ներկայացուցչության սեփական կարիքների համար (Մաքսային օրենսգրքի 186 հոդված):

Ինչպես նկատվեց, Արցախի իրավաբանական անձերը, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունները եւ ֆիզիկական անձերը Մաքսային միության միասնական տարածքում, ուր ներառվելու է Հայաստանի տարածքը, ապրանքներ տեղափոխելու, փոխադրելու, հայտարարագրելու եւ այլն, ազատ մաքսային իրավունքներ չունեն, այլ կհայտնվեն արտերկրի անձ սահմանափակ կարգավիճակում: Ըստ այդմ՝ նրանք Հայաստան ապրանքներ կարող են ներկրել միայն իրենց ունեցած ներկայացուցչության սեփական կարիքների համար, իսկ եթե ղարաբաղցին իր «թոթի» օղին բերի Հայաստան, մաքսակետում դեկլարացիա են պահանջելու՝ որպես անձնական օգտագործման ապրանք (իսկ եթե Ղարաբաղին զենք ու զինամթերք է պետք, ի՞նչ ենք անելու):
2. Ադրբեջանի՝ Եվրասիա կամ Եվրամիություն դաշինքին ինտեգրվելու պարագայում Արցախի տարածքը եւ ազատագրված հողերը մնալո՞ւ են անձեռնմխելի, թե՞ ընդգրկվելու են դաշինքի գոտում:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հիշյալ տարածքները միջազգայնորեն գրանցված են Ադրբեջանի տարածքի շրջանակում, հետեւաբար՝ Ադրբեջանը, որ դաշինքին էլ անդամագրվի, զուտ իրավական առումով Արցախը լինելու է այդ դաշինքի սահմանում: Օրինակ, Եվրասիային անդամագրվելու պարագայում Արցախի տարածքը կճանաչվի Մաքսային միության մաքսային միասնական տարածք եւ ինքնին Արցախի անձեր կամ արտերկրի անձեր կարգավիճակի հարցը կվերանա, նրանք կճանաչվեն Ադրբեջանի անձեր (ի դեպ, ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ Ադրբեջանին Եվրասիա հրավիրելու սրտաբուխ կանչը կիրականանա):

Եվրամիությանն անդամագրվելու դեպքում Արցախի տարածքը կլինի այդ դաշինքի ազատ առեւտրային գոտում եւ սահման Եվրասիային (Հայաստանը Եվրասիայի, իսկ Արցախը՝ Եվրամիության մաքսային սահման):

Նկատվում է, որ Ադրբեջանը սպասում է Հայաստանը Եվրասիա դաշինք մտնելու քայլին եւ հավանաբար ինտեգրվելու է Եվրամիությանը, դրանով, բացի տնտեսական պոտենցիալի հեռանկարից, բարվոք հնարավորություն կստանա Մադրիդյան սկզբունքների շրջանակում իր տարածքային ամբողջականությունը պահպանելու խնդրում: Սրանք ավելի բարդ սկանդալ են լինելու:

Իմ պատկերացմամբ՝ Հայաստանն առանց Արցախի որեւէ ալյանս՝ հատկապես Եվրասիա ինտեգրվելը, լուրջ քաղաքական սխալ է:

ՄԱԿ-ի «գրանցված տարածք» սկզբունքի պարագայում Ղրիմի Հանրապետությունը եւ Արցախը նույն կարգավիճակում են (Ուկրաինայի տարածքի շրջանակում է), մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը ԵՏՄ-ի համաձայնագիրը կվավերացնի այդ տարածքը ներառյալ, խիզախ Պուտինը Ղրիմն անտեր չի թողնի:

Նախադեպը կա, իսկ մեր այրերը ինչո՞ւ են սմքել ու սառել:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
31.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031