Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր

Օգոստոս 01,2014 16:49

Մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղերում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Շինբարեկարգման տարեկան ծրագրերով, մասնավորապես, կրթամշակութային հաստատությունների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների շրջանակում թիվ 52 մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, քաղաքապետն այցելել և հետևել է տեղում:

Պատասխանատուները նախ մանրամասն ներկայացրել են վերանորոգման մեկնարկից մինչև օրս կատարված աշխատանքները՝ նշելով, որ, համաձայն նախագծի, ամբողջությամբ փոխվել են դռներն ու պատուհանները, ներկայում էլ ընթանում են խմբասենյակների և միջանցքների վերանորոգման աշխատանքները: Շրջելով հարկաբաժիններում և ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն հետևել որակի ապահովմանն ու ժամկետների պահպանմանը: Ի դեպ, 1977 թվականին հիմնադրված այս մանկապարտեզ այսօր հաճախում է շուրջ 300 երեխա:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետը նախ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ հանրակրթության ոլորտը մշտական ուշադրության կենտրոնում է և որ հատկապես վերջին տարիներին քաղաքային իշխանությունները առաջնահերթության կարգով հետզհետե լուծումներ են տալիս բոլոր այն խնդիրներին, որոնք մատնանշվում են ոլորտի պատասխանատուների կողմից. «Այդ համատեքստում մենք դեռ 2011 թվականին լուծեցինք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների ջեռուցման խնդիրը, իսկ 2012-ին էլ ամբողջությամբ ջեռուցեցինք դպրոցները: Դա իսկապես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր էր: Բայցև մանկապարտեզների շենքերի նորոգման խնդիրը ևս մեզ համար դիտարկվել է որպես առաջնահերթություն, ինչից ելնելով էլ հետզհետե լուծումներ ենք տալիս նաև այդ խնդրին: Մասնավորապես, այս տարի նախատեսել ենք 22 մանկապարտեզների նորոգման աշխատանքներ, որոնցից երեքը Ավան վարչական շրջանում է»,- նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև հատկանշել է, որ քաղաքապետարանի ենթակայության 159 մանկապարտեզների պահպանման ու ընթացիկ բոլոր ծախսերը հոգալու նպատակով, ընդհանուր առմամբ, այս տարի համայնքային բյուջեից շուրջ 6 մլրդ 600 մլն դրամ գումար է նախատեսվել:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ նախորդ տարի մեկնարկած, իր ծավալներով աննախադեպ «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի, որի շնորհիվ թարմացվում և նորերով են փոխարինվում մանկապարտեզների կահույքը, խոհանոցային պարագաներն ու տեխնիկան։

«Մանկապարտեզների գույքի թարմացումը ևս առանձնակի կարևորված է մեր կողմից, ընդ որում, մենք կարևորել ենք ոչ միայն սեղան-աթոռների և մահճակալների թարմացումը, այլ նաև ծրագրում ներառել ենք խոհանոցային պարագաները, քանի որ գրեթե բոլոր մանկապարտեզներում դրանք մի քանի տասնամյակի պատմություն ունեին: Մեր ծրագրերը, անշուշտ, լինելու են շարունակական և, վստահ եմ, որ մի քանի տարի անց կունենանք ամբողջությամբ նորոգված և թարմացված գույքով մանկապարտեզներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հավելել է, որ վերանորոգման և գույքի արդիականացման ծրագրից հետո պետք է քայլեր ձեռնարկվեն նաև մանկապարտեզների տարածքների ընդլայնման ուղղությամբ:

«Այսօր քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է հաճախում մոտ 30 հազար երեխա: Մենք քայլեր պետք է ձեռնարկենք նաև մանկապարտեզների տարածքների ընդլայնման ուղղությամբ և հնարավորություն ստեղծենք, որ հերթագրվող բոլոր երեխաները կարողանան մանկապարտեզ հաճախել: Այդ նպատակով համապատասխան ստորաբաժանումներին ես հանձնարարել եմ գույքագրել մանկապարտեզների շենքային պայմանները և միջոցներ ձեռնարկել ու վերանայել տարիներ առաջ այլ նշանակությամբ վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքների պայմանագրերը»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Մանկապարտեզների նկատմամբ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար ծնողներն իրենց շնորհակալությունն ու գոհունակություն են հայտնել քաղաքապետին և նկատել, որ ստեղծված պայմանները լրացուցիչ խթան են, որ երեխաններն ավելի մեծ սիրով հաճախեն մանկապարտեզ, իսկ ծնողներն էլ վստահ լինեն, որ իրենց փոքրիկների համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031