Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական հայրենիքի հուշարձանները միայն թղթի վրա են պահպանվում

Օգոստոս 01,2014 18:12

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն օրերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից, և հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց, որ ամեն ինչ, ըստ էության, տանում է հայկական հուշարձանների լիակատար ոչնչացմանը. «Վերջին շրջանում մեզ հանդիպող հուշարձանների մեծ մասը վիմափոր կառույցներ են,- ասում է հուշարձանագետը,- բայց դա ոչ թե նրանից է, որ վիմափոր հուշարձաններ ավելի շատ են կառուցվել (ճիշտ հակառակը. դրանք շատ քիչ են կառուցվել, բայց այդ քչերը պահպանվել են իրենց վիմափոր լինելու շնորհիվ), այլ, պարզապես, քարաշեն կառույցները (որոնք մի քանի անգամ ավելի շատ են կառուցվել), ավելի հեշտ է քանդել, և տարեցտարի զգալիորեն նվազում են դրանք»:

Պարոն Կարապետյանն ասում է, որ հիմա, երբ մեր պատմական հայրենիքի շատ քարաշեն կառույցների հետքերն են միայն մնացել, արդեն սկսել են վիմափորները քանդել. «Ժայռերը պայթեցնում են,- ասում է Ս. Կարապետյանը,- օրինակ, մի տեղ եղանք, որտեղ պայթուցիկները խցկելու անցքերն արդեն փորված էին, և շուտով պիտի պայթեցվեին։ Դա մի հսկա ժայռ էր՝ բազմաթիվ խաչաքանդակներով։ Թուրքերն էլ մտածում են, որ խաչ է, ուրեմն դա նշան է, որ այդ ժայռի մեջ գանձեր կան»։ Հուշարձանագետը համոզված է, որ բնակչության այս վատ սովորության գլխավոր մեղավորները թուրքական իշխանություններն են, որոնք տարիներ շարունակ «հիվանդացրել» են իրենց իսկ քաղաքացիներին՝ անվերջ թմբկահարելով հայերի թողած գանձերի մասին լեգենդներ, և, բանախոսի խոսքով, պատմական Հայաստանում ապրող թուրքերն ու քրդերը մինչև այսօր էլ շարունակում են գանձեր փնտրել:

«Քանի որ հայկական հուշարձանների ոչնչացումը կանխող որևէ քայլ չենք կարող ձեռնարկել, աշխատում ենք դրանք գոնե թղթի վրա պահպանել»,- ասում է պարոն Կարապետյանը՝ ակնարկելով Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 15 տարվա ընթացքում մոտ 50 անուն գրքի, գրքույկի, քարտեզի և այլնի հրատարակումը, ինչպես նաև այն՝ անհամեմատ ավելի ծավալուն ու ընդգրկուն աշխատությունը, որը հիմնադրամը պատրաստվում է հրատարակել: Խոսքը «Հայաստանի պատմություն. հայրենիքի 10.000 բնակավայրերը» 36-հատորյա գրքաշարի մասին է, որը կնվիրվի Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցին:

Ս. Կարապետյանի տեղեկացմամբ՝ հատորներից յուրաքանչյուրը նվիրված է լինելու պատմական Հայաստանի (Մեծ և Փոքր Հայքերի) մեկ գավառի (որոշ հատորներ, կախված նյութի ծավալից, կներկայացնեն մինչև 3-4 գավառ միատեղ): Յուրաքանչյուր հատոր ներկայացնելու է տվյալ գավառի և նրա բոլոր բնակավայրերի պատմությունն ըստ մշակված ենթավերնագրերի (տեղադրություն, անվանում, պատմություն, բնակչություն, վիճակագրություն, զբաղմունք, տնտեսություն, եկեղեցի, դպրոց, պատմական հուշարձաններ և այլն):

Գրքաշարի յուրաքանչյուր հատոր պարունակելու է ավելի քան 1000 լուսանկար, տասնյակ քարտեզներ, չափագրություններ, օժանդակ այլ նյութեր:

«Գրքաշարը խորհրդանշականորեն սկսվելու է Հայոց ձոր գավառից (հատոր Ա), քանի որ մեր ազգի անվանադիր Հայկ Նահապետը հաղթական ճակատամարտից հետո հենց այստեղ հիմնեց իր տունը»,- նշեց Ս. Կարապետյանը՝ հավելելով, որ հայոց այբուբենի տառերի քանակը խորհրդանշող գրքաշարը, ամենայն հավանականությամբ, կամբողջանա 8-10 տարվա ընթացքում, իսկ առաջին հատորը լույս կտեսնի այս տարվա աշնան վերջերին: Բայց պարոն Կարապետյանն ասում է նաև, որ այսպիսի գրքի տպագրությունը բավականին ծախսատար է, որովհետև գունավոր է, և յուրաքանչյուր հատոր ամենաքիչը 300-350 էջ է լինելու. «Ամեն մի հատորից գոնե հազար օրինակ տպագրելու համար 8-10 միլիոն դրամ է պահանջվում, իսկ հիմնադրամի բյուջեն այդ հնարավորությունը չունի, բայց և չհրատարակել այս մատենաշարն ուղղակի անկարելի է»,- ասում է Ս. Կարապետյանը: Նա գտնում է, որ այս գրքաշարը հրատարակելու միակ տարբերակը բաժանորդագրությունն է: Իրենց հաշվարկներով, յուրաքանչյուր հատորի համար 800 բաժանորդ ունենալու դեպքում տվյալ հատորը կարող է հրատարակվել:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031