Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքը համալրվում է նաև բազմաֆունկցիոնալ խաղահրապարակներով

Օգոստոս 01,2014 18:45

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավանցիների հետ միասին մասնակցել է Ավան-Առինջ թաղամասի Ընտանիքի այգու հարևանությամբ վերակառուցված բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի բացման արարողությանը: Խաղահրապարակը կահավորված է խաղային ատրակցիոններով, անհրաժեշտ մարզագույքով, հարակից հատվածում էլ կառուցվել է ֆուտբոլի դաշտ, տեղադրվել են նստարաններ և զրուցարան: Քաղաքապետը բնակիչների հետ միասին շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին:

001

 

Օգտվելով առիթից՝ ավանցիները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին մայրաքաղաքի համաչափ զարգացման հարցում դրսևորած հետևողականության համար և ընդգծել, որ նմանատիպ ծրագրերի իրականացումը մեկ անգամ ևս փաստում է քաղաքապետի հստակ դիրքորոշումն առ այն, որ Երևանը հարմարավետ պետք է լինի բոլոր երևանցիների համար՝ անկախ տարիքից ու սեռից: Տարոն Մարգարյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, մեկ անգամ ևս ընդգծել է, որ համաչափ զարգացման ծրագրերը լինելու են շարունակական և հորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել այն ամենը, ինչը կառուցվում և հանձնվում է բնակիչների տնօրինմանը:

004

Հարկ է նկատել, որ նորաստեղծ բազմաֆունկցիոնալ խաղահրապարակը կառուցվել է նախկինում մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում, որը համայնքին է վերադարձվել սեփականատիրոջ հետ բանակցությունների շնորհիվ: Պատասխանատուները վստահեցրել են քաղաքապետին, որ աշնանը խաղահրապարակի հարակից տարածքներն ամբողջությամբ կծառապատվեն ու կճմապատվեն:

005

Այնուհետ քաղաքապետն այցելել է Ավանի շախմատի դպրոց, որն այս տարվա շինբարեկարգման ծրագրերով ամբողջությամբ հիմնանորոգվել և հանձնվել է շահագործման: Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի և շախմատի դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել կատարած աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ հիմնանորոգումից բացի, նաև ամբողջությամբ թարմացվել է դպրոցի գույքը: Ի դեպ, Ավանի այս կրթօջախը Երևանում ձևավորված առաջին շախմատի դպրոցն է: Այն հիմնվել է դեռևս 2005թ. Ավան վարչական շրջանի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությամբ: Հաշվի առնելով նախաձեռնության հաջողվածությունն ու առկա պահանջարկը՝ ծրագիրն ունեցավ տրամաբանական շարունակություն: Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շնորհիվ 2013 թվականից շախմատի դպրոցներ սկսեցին հիմնվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում. «Տարիների ընթացքում ապացուցվեց, որ մեր այս նախաձեռնությունն իսկապես արդարացված էր: Այս ծրագիրն առանձնակի կարևորված է մեր կողմից և, որպես առաջնահերթություն, հետզհետե կյանքի ենք կոչում այն: Անցյալ տարի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում հնարավորություն ունեցանք բացելու շախմատի դպրոցներ, ևս 5 վարչական շրջաններում էլ մինչև այս տարեվերջ ենք նախատեսել շահագործման հանձնել: Այդպիսով՝ քաղաքապետարանի ենթակայությամբ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցների թիվը կհասնի 8-ի: Արդեն հաջորդ տարի կանդրադառնանք նաև մյուս վարչական շրջաններին և, համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո բոլոր վարչական շրջանները կունենան իրենց շախմատի դպրոցները»,- ընդգծել է քաղաքապետը:

006

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև Ավանի համար 1 գրադարան, որն այս տարի ամբողջությամբ հիմնանորոգվել է: Քաղաքապետը շրջել է գրադարանում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների և ընթերցողների հետ: Օգտվելով առիթից՝ վերջիներն շնորհակալություն են հայտնել քաղաքապետին գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը նախաձեռնելու համար, և ընդգծել, որ իսկապես հարմարավետ ու հաճելի պայմաններ են ապահովվում ինչպես աշխատողների, այնպես էլ այցելուների համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031