Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ կադրեր՝ ինչպես և ինչու է գործ սարքվում լրատվամիջոցի դեմ

Օգոստոս 04,2014 17:29

Այս պատմությունը ոչ սենսացիայի և ոչ էլ իրավապահ մարմինների աշխատանքը սևացնելու նպատակ չի հետապնդում: Սա պարզապես մեր օրերի կյանքն է՝ ինչպես որ է:

Կադրում մի պահ երևացող անձն, որը մի քանի անգամ լրատվամիջոցում ելումուտ է ունեցել տեսասկավառակներ վաճառելու պատրվակներով, փորձում է դեսից դենից վերցված խոսք ու զրույցով շեղել լրատվամիջոցի ղեկավարի ուշադրությունը, ապա նրա աշխատասենյակում աննկատելի տեղադրում տեսաձայնագրող սարքը:

Ներկայացված տեսանյութի 01:32-02:20 հատվածում առկա է այն տեսարանը, երբ տնօրենի աշխատասենյակ է մտնում կողմնակի մարդ, վերոհիշյալ անձը գաղտնալսող սարքը թաքցնում է սեղանի տակ, նրա դուրս գալուց հետո կրկին դուրս հանում , թաքցնելով ավելի աննկատելի տեղում, դուրս գալիս:

Այնուհետև մտնում է լրագրողուհին, որի հետ կայացած խմբագրի զրույցը ձայնագրվում է:

Ամբողջական նյութը չենք կարող ներկայացնել լրատվամիջոցի տեղեկատվական աղբյուրները չբացահայտելու պատճառով : Թեև մինչ այս ամենին մեր տեղեկանալը այդ աղբյուրների մասին տվյալներն արդեն գտնվելիս են եղել դատախազությունում և ոստիկանությունում:

Ստիպված հանցագործության այս փաստի մասին լրատվամիջոցի ղեկավարը հայտնել է Կոտայքի մարզի դատախազին:

Այն տպավորությունն է ստացվում, որ ոստիկաններն ու դատախազներն ամեն ինչ անում են, որ այս անձի դեմ քրեական գործ չհարուցվի: Չէ, որ հենց այս անձի մատուցած տվյալների հիման վրա նրանք 11 ամիս կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ հերոսական պայքար մղեցին, ևս 9 ամիս էլ հարկային մարմինը նրանց հանձնարարությամբ անխոնջ մարտեր տվեց ստվերի դեմ, իսկ դատարաններն էլ երեք տարի այս անձի պատվի և արժանապատվության հարցերը մանրամասնորեն քննարկեցին:

Արդյունքում՝ լրատվամիջոցի ղեկավարը «վաստակեց» ինսուլտ՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Հիմա, երբ բացվել է այդ գործերի սև արկղը , երբ արդեն լրատվամիջոցի ձեռքում է հայտնվել գաղտնի տեսաձայնագրառումը, իրավապահները, չգիտես ինչու, հանցագործի նկատմամբ քրեական գործ հարուցելու փոխարեն դարձել են նրա երդվյալ «դատապաշտպանը»:

Լրատվամիջոցի գործը հիմա քննվում է երկու դատարանում: Մենք այդ գործերին չենք անդրադառնում, քանի որ դրանք դեռ վարման փուլում են և մեզ իրավունք չենք վերապահում կարծիք հայտնել, որը կարող է դիտվել որպես ճնշում դատական մարմնի վրա:

Ինչ վերաբերվում է նախաքննության մարմնին, ապա այն իր գործն արդեն ավարտել է, մենք իրավունք ունենք նրա արարքը գնահատել որպես դատարանի ուժի մեջ մտած վճռով հաստատված այս ստահակին պաշտպանելու գործողություն: Որն է այս ամենի պատճառը, ով կամ ովքեր են կանգնած վերևում հիշատակված այս անձի հետևում: Կարդացեք՝ «Առավոտ» օրաթերթի «Սարքած գործը փուլ է եկել» հոդվածը՝ , իսկ եթե ժամանակ և ցանկություն ունեք կարող եք կարդալ նաև՝ «168 ժամ» «Աշխարհահռչակ ռեժիսո՞ր», «Տարվա քաղաքացի՞», թե՞..»  կամ էլ «Հետք» ՝ «Բաց նամակ Հայաստանի ԶԼՄ-ներին՝ հերքում տալու ակնկալիքով»: Շատ հարցերի պատասխաններ կստանաք երկրորդ տեսանյութը դիտելիս:


Հիմա «Տարվա քաղաքացի» հռչակված այս արկածախնդիրն, որը մամուլում և սոցցանցերում իրեն ներկայացրել էր որպես Սերժ Սարգսյանի «դաբրոյով» 500 հազար դոլարի ակնկալիք ունեցող անձ, այժմ կրկին անգամ, զինված ոստիկանության և դատախազության գրություններով, գաղտնի նկարահանված այս տեսանյութը ներկայացնում է դատարաններ: Նպատակը՝ սարքած և փուլ եկած գործը նորից վերակենդանացնել կամ նորը սարքելն է:

Սովորաբար նման իրավիճակում, շատերի նման մենք էլ փորձեցինք պաշտպանություն գտնել երկրի նախագահի միջոցով: Նրան ուղղված մեր առաջին նամակին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա. Հակոբյանը պատասխանեց, որ ոստիկանության գործողություններում կարգապահական խախտումներ չեն հայտնաբերվել:

Երկրորդ նամակը նախագահին հղեցինք, նշելով արդեն ոչ միայն կարգապահական, այլև քրեական օրենսգրքերի թվով 23 հոդվածների ակնհայտ խախտումները, որոնք թույլ էին տրվել ոստիկանների, հարկային մարմինների և դատախազների կողմից : Այս անգամ էլ, ըստ նախագահականի, պատասխան պիտի ստանայինք ՀՀ գլխավոր դատախազից:Նրա փոխարեն պատասխան ստացանք Կոտայքի մարզի ավագ դատախազ Արմեն Վարդանյանից, որը գրել էր, որ նախագահին ուղղված մեր նամակի պատասխանը կստանանք Կոտայքի մարզի առաջին ատյանի վարույթում գտնվող մեր դիմումի քննությունից: Անկեղծ ասած, մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչ կապ ունի այս գործը ՀՀ նախագահին ուղղված մեր նամակի հետ:

Այնուամենայնիվ մեզ մի բան հասկանալի դարձավ, որ Ա. Բակունցի Արթին պապի օրինակով այլևս չպիտի գրենք «Նամակ ռուսաց թագավորին»: Կարող էր արդյոք մարզում գործող լրատվամիջոցը խույս տալ այս պատմությունից: Այո, եթե, ինչպես նման դեպքերում ոստիկաններն ու դատախազներն են ասում, լրագրողները ականջներին օղ անեին, որ երբեք և ոչ մի դեպքում չպիտի ասեին, որ իրենց աչքերի վերև ունք կա: Եթե ականջներին այդ օղը չկրեն, հակառակ դեպքում այս ուղտը նրանց դռանն էլ կչոքի, և այնժամ, համոզված լինեն, չեն կարող նստել ուղտին և կուզեկուզ ման գալ:

Հարգելի լրագրողներ, մենք էլ ձեզ պես, երբ լսում էինք՝ ինչ-որ մեկը խաբվում, հալածվում կամ հետապնդվում է, ինսուլտ կամ ինֆարկտ է ստացել, վթարի կամ փորձանքի է ենթարկվել, ներքին մի ձայն միշտ մեզ հանգստացնում էր՝«Ինչ լավ է, մենք չենք»: Գուցե դուք էլ այս տողերը կարդալիս նման զգացողություն կունենաք:

Չենք պատրաստվում ընդամենը այս մի օրինակի վրա հիմնվելով ընդհանրական կարծիք հայտնել, թեև ծովի ջրի համը զգալու համար պարտադիր չէ ամբողջ ծովը խմել: Ստեղծված իրավիճակում մենք սպառել ենք ոստիկանության և դատախազության գործողությունների դեմ մեր պաշպանական միջոցները:Նրանք արդեն զանց անելով ՀՀ Սահմանադրության 23 և Քրեական օրենսգրքի 144 և 164 հոդվածների պահանջները՝ մյուս կողմի համար պայմաններ են ստեղծում նոր դիմումներ գրելու կամ հայցադիմումների վերնագրերը փոխելով շարունակել երկարատև դատական նոր գործերի մեջ ներքաշել մեզ՝ անկախ նրանից նրա հայցերը մերժվել են կամ մերժվելու են: Հարցը մեղավորին պատժելը չէ միայն, թեկուզ այն բանի համար, որ հանրությանը մի ամբողջ տարի մոլորեցրել է նա սուտ տեղեկություններով:Ի վերջո, մենք ուզում ենք դատարաններից մեր տունուտեղին վերադառնալ,- այս հարցի հանրայնացման նպատակը նաև սա է:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն

Ժուռնալիստների միջազգային ընկերակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob M. says:

    – “Ծովի ջրի համը զգալու համար պարտադիր չէ ամբողջ ծովը խմել”:- Ստեղծված իրավիճակում մենք սպառել ենք ոստիկանության և դատախազության գործողությունների դեմ մեր պաշպանական միջոցները:Նրանք արդեն զանց անելով ՀՀ Սահմանադրության 23 և Քրեական օրենսգրքի 144 և 164 հոդվածների պահանջները՝ պայմաններ են ստեղծում նոր դիմումներ գրելու կամ հայցադիմումների վերնագրերը փոխելով շարունակել երկարատև դատական նոր գործերի մեջ մեզ ներքաշելն ու անպտուղ քննարկումները…
    ԱՅՈ, , ԱՅՆ ՈՐ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԻԱ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ “ՓՉԱՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ” ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է հիմնականում , “Անկախության տարիներից” երկրում օտարների կողմից մեր անցած ու գործող ԱԶԳԱԴԱՎ <> ներդրվածությամբ` ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱԿԸՆՀԱՅՏ ԵՆ: Սրոնց միջոցով էլ կառավարման համակարգում հավաքագրվել են ամոթ ու արժանապատվությունը կորցրած, ԽԱՐԴԱԽ ՈՒ ՆԵՆԳ, ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ
    ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԽԾԿՎԱԾ ԲԱՐՈՅԱԶՈՒՐԿ ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐՆ….

    • Մեր ժամանակների նոր մարդն է ծնվում, ավելի ճիշտ կլինի ասել՝բուծվում, գործ տվողների, գործ սարքողների, գաղտնալսում և տեսաձայնագրառում կատարող մարդը:Բուծողները հիմնականում դառնում են իրավապահ համակարգի թերարժեք և չկայացած չինովնիկները, որոնք իրենց համար ստեղծում են գործակալական հատուկ ցանց, որպեսզի կարողանան իշխել ցանկացած մարդու վրա, ով իրենց կփորձի ասել՝ աչքիդ վերև ունք կա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031