Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանի հակահարված ասելով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատի ուներ ևս մեկ-երկու շրջան վերցնե՞լը

Օգոստոս 06,2014 13:23

Շփման գծում սրացումներն, ըստ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի, մի քանի պատճառներ ունեն`շատ պարզունակից`ավելի բարդ: Դրանցից առաջինն, ըստ նրա, Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարի ինքնահաստատման խնդիրն է. «Նշանակվել է նոր նախարար, ամբիցիոզ, զինվորական առումով`անկիրթ եւ ոստիկանական անցյալով, բայց լուրջ բարեկամական կապերով Ալիեւի հետ: Ինքնահաստատման համար ամենապրիմիտիվ ճանապարհը մի քանի պրովոկացիաներ անելը եւ հաղթանակով դուրս գալն էր: Ստացվեց հակառակը»:

Պատճառներից մեկն էլ, բանախոսը համարում է այն, որ միգուցե Ադրբեջանի գլխավոր շտաբի կառույցներից մեկում մտածել են մարտի միջոցով հետախուզում անցկացնել: Երրորդը`Ալիեւի իմիջի վերականգնում է իր հասարակության մեջ: Կամ`համանախագահների եւ Մինսկի խմբի ուշադրության կենտրոնացում կոնֆլիկտի վրա եւ պարտադրում`հարցին արագ եւ ադրբեջանանպաստ լուծումներ տալ: Նաեւ`ապակայունացնելով Հայաստանում ներքին իրավիճակը`նպաստել նրան, որ Հայաստանը չանդամակցի ՄՄ-ին:

Իր վերջին` հրատապ հարցազրույցում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծիք էր հայտնել, որ հայկական կողմերի արձագանքը սահմանային միջադեպերին, համարժեք չէ. իբրեւ ռազմական գործի մարդ, կիսո՞ւմ եք այդ քաղաքական գնահատականը`Aravot.am-ի հարցին Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Կարող է նախագահն, արժանի հակահարված ասելով, նկատի ունի, ասենք թե, մտնել եւ ևս մեկ-երկու շրջան վերցնել: Իսկ, կոնկրետ տակտիկական առումով, բոլոր այդ ոտնձգությունների պատասխանները եղել են համարժեք»:

Մեկ այլ հարցի`ինչով կբացատրի ՀԱՊԿ-ի լռությունը, բանախոսն արձագանքեց այսպես. «Ռազմական ոլորտն աղմկել չի սիրում: Ի՞նչ պետք է աներ ՀԱՊԿ-ը այսօր, որ չի արել»: Նա նկատեց, որ Հայաստանը դեռ ՀԱՊԿ անդամ է եւ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն, ըստ համաձայնագրի, իրենց պարտավորությունները պետք է կատարեն, եթե Ադրբեջանի Հայաստանի դեմ պատերազմ սկսի: Նման արագացման պարագայում նա բացառում է ՀԱՊԿ-ի պասիվությունը, թեեւ բացառում է նաեւ պատերազմի հավանականությունը:

Ընդհանրապես, նախկին փոխնախարարն առաջարկում է սահմանի երկայնքով էլեկտրոնային հսկիչ համակարգի օգտագործումը, ինչը հնարավորություն կտա եւ էականորեն կրճատել միջադեպերը`պաշտպանված դարձնելով մեր զինվորներին, եւ կկարողանայինք միջազգային հանրությանն ապացուցել, որ նախահարձակը եղել է ադրբեջանական կողմը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031