Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Ոսկերչյան. «Թող ինքն էլ ինձ սեփականության իրավունք տա, իր շենքին կից մի գարեջրատուն կառուցեմ». (Տեսանյութ)

Օգոստոս 07,2014 22:31

«Այս շենքը վթարային շենք է, գազ է պայթել եւ այստեղ անմիջապես շենքին կպած փոս փորել, շինարարություն անելը վտանգում է շենքի սեյսմիկ կայունությունը,-Aravot.am-ին բացատրում է  ՀԱԿ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, ով Վաղարշյան 15 շենքի բնակիչ է,  իսկ այս շենքին կից  նոր շինություն է կառուցվում, ինչին նա, որպես բնակիչ, դեմ է:

IMG_1249

 

«Տեսնում եք ՝մեքենաներն անցնելու տեղ չունեն, էս բակն էլ, եթե փակվի, կմնա մեկ մուտք, էս նեղ մուտքը, Աստված չանի, եթե մի բան պատահի, հրդեհային իրավիճակ ստեղծվի կամ շտապօգնության մեքենայի հարց լինի, մուտքը կփակվի, կվերջանա, ընդամենը կմնա մեկ մուտք»,- ասում է նա: Ըստ պարոն Ոսկերչյանի՝ իրենց՝ բնակիչների հետ նոր շենք կառուցողները չեն խոսել, որեւէ բան չեն քննարկել:

IMG_1256

«Եթե նախկիններում բնակչության հետ ինչ-որ բան համաձայնեցնում էին, ապա հիմա այնքան են արհամարհում, որ բնակչության հետ ընդհանրապես չեն համաձայնեցնում»,- ասում է նա: «Շինարարությունը պետք է անպայման դադարեցվի, եւ քաղաքապետարանը պիտի հասկանա, որ այսպիսի անօրինականություններ չի կարելի թույլ տալ»,- պնդում է պարոն Ոսկերչյանը եւ դիմում քաղաքապետ Տարոն  Մարգարյանին. «Թող ինքն էլ ինձ սեփականության իրավունք տա, իր շենքին կից մի գարեջրատուն կառուցեմ»:
Վաղարշյան 15-ի բնակիչ տիկին Մարգարիտան եւս դեմ է՝ շենքին կից նոր կառույցի շինարարությանը. «Պահանջում եմ, որ շենքից մի սանտիմետր առաջ չգան: Շենքից 1 սանտիմետր առաջ գան, ես կդիմեմ իրավապահ մարմինների: Նա իրավունք չունի առաջ գալ, որովհետեւ տարածք չկա.,- ասում է նա եւ բողոքում՝ շինարարության հետեւանքով իրենց մուտքի դիմաց տեղափոխել են կոշիկի վերանորոգման տաղավարը. նախկինում այն իրականացվող շինարարության տարածքում էր,-տաղավարը պիտի էտ տեղից հանեն, ինչի՞ պիտի դա իմ մուտքի առաջ դրվի, եւ չի գործում, պահ են դրել»: Ըստ տիկին Մարգարիտայի՝ այդ տաղավարը աղբանոց է դարձնում տարածքը:

IMG_1262

Նշված նոր կառուցվող շինության սեփականատեր Վարդան Փաշինյանը նույնպես շինարարության հրապարակում էր: Նա Aravot.am-ին առաջարկեց խնդրի մասին խոսել առանց ձայնագրող եւ տեսագրող սարքերի, ցույց տվեց շինարարության համար թույլտվության բոլոր փաստաթղթերը եւ նշեց, որ բնակիչների պահանջն անհիմն է, «չուզողություն», որովհետեւ ինքը շենքի կառուցումը սկսելու համար ունի բոլոր փաստաթղթերը, նաեւ խոսել է շենքի այն բնակիչների հետ, ովքեր բնակվում են շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում, եւ միայն նրանց է, որ շինարարությունը անհարմարություն  կարող է պատճառել, սակայն նրանց հետ համաձայնության եկել են:  Նոր կառուցվող շենքի սեփականատերն ասաց, որ առայժմ չի որոշել շենքն ինչի համար է նախատեսելու, նա պնդեց, որ նորակառույցը որեւէ կերպ չի խանգարելու մեքենաների ելումուտին՝ նշելով, որ տարածք մեքենաների համար կա, չնայած, որ այնտեղով չի թույլատրվում մեքենաների երթը: Բնակիչների այն բողոքին ի պատասխան, թե շինության համար փորված տարածքն անցնում է շենքից՝ ասաց, թե  հիմքի համար է այդքան փորվել, շինությունը բնակելի շենքից չի անցնի: Կոշիկի նորոգման տաղավարի մասին էլ պարզաբանեց, թե դրա տեղափոխման ժամանակ տեղադրող տեխնիկան խափանվել է, այդ իսկ պատճառով դրել են շենքի մուտքի դիմաց, սակայն դա ժամանակավոր է, հետո այդտեղից կհեռացվի:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուրան ՍիՆաՆյան says:

    Այսպիսի անհեթեթ բան, երբ քաղաքապետարանը՝ ինչպես պնդում է շինության սեփականատերը հաստատել է շենքի կառուցումը սկսելու համար բոլոր փաստաթղթերը, առանց շենքի նշանակությունը ամրագրելու, որևե նորմալ երկրում անհնարին է։Ես հույս ունեմ, որ այս, այսպես կոչված սեփականատերը ստում է, որովհետև դժվար է հավատալ, որ քաղաքապետարանը կարող էր մի հաստատել շինարարական փաստաթղթերը առանց շենքի նշանակությունը նշելու։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031