Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկի տեղի վրա հավակնություն չունեմ»

Օգոստոս 08,2014 14:15

Օրերս Երեւանում անցկացված համահայկական խմբերգային երկրորդ փառատոնում ամերիկաբնակ դիրիժոր Միքայել Ավետիսյանին (լուսանկարում) հայաստանցի հանդիսատեսն ու մասնագետներն առաջին անգամ հանդիպեցին իբրեւ խմբավարի: Նրա ղեկավարությամբ ԱՄՆ-ից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի կատարումները ոգեւորությամբ ընդունվեցին ունկնդրի կողմից:

Հայրենիքում Միքայել Ավետիսյանը երբեւէ չէր ղեկավարել երգչախումբ, նրան ժամանակին մշտապես հանդիպում էինք Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության, օպերային թատրոնի նվագախմբերը ղեկավարելիս: Դիրիժորը վարպետության դասեր էր առել Իլյա Մուսինից, մասնակցել Կիրիլ Կոնդրաշինի վարպետության դասընթացներին, հյուրախաղերով հանդես էր եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, ղեկավարել է եվրոպական տարբեր նվագախմբեր, ԽՍՀՄ սիմֆոնիկ նվագախումբը: 1996թ. թողարկվել է Միքայել Ավետիսյանի՝ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարած ձայնագրությունների CD-ն: 1997թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լորիս Ճգնավորյանի հրավերով, նա աշխատանքի է անցնում նորաստեղծ «Երեւան» սիմֆոնիկ նվագախմբում՝ իբրեւ գլխավոր դիրիժոր: 1999թ. արվեստագետը տեղափոխվում է ԱՄՆ եւ հենց հաջորդ տարին հիմնում Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մինչ օրս:

Վերջին տասը տարում Միքայել Ավետիսյանին երբեւէ չենք հանդիպել հայրենիքում:

«Առավոտի» հետ զրույցում դիրիժորն ասաց, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո, ընդամենը 3 անգամ է հրավեր ստացել Հայաստանից. 2 անգամ Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, լուսահոգի Արամ Ղարաբեկյանի եւ մեկ անգամ՝ օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի կողմից: Հետաքրքրությանը, թե ԱՄՆ տեղափոխվելը հավանաբար կապ ուներ Լորիս Ճգնավորյանին Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատելու հետ, քանի որ հենց նա էր հիմնել «Երեւան» սիմֆոնիկ նվագախումբը, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Հայաստանում եղել են տարբեր առաջարկներ, բայց ես արդեն ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ մեկնել էի ԱՄՆ ու անցել ստեղծագործական աշխատանքի: Ինչ վերաբերում է հայրենիքում իմ ելույթներին, ասեմ, որ մշակույթի նախարարությունից երբեւէ հրավեր չեմ ստացել: «Կոմիտաս» երգչախմբի հետ, որի խմբավարն եմ շուրջ 3 տարի, հայաստանյան այս փառատոնին մասնակցելու հրավերը «բերել» է երգչախմբի անդամ Վարանդ Հովնանյանը, որն անցյալ տարի հայրենիքում էր: Չնայած ԱՄՆ-ում գրաֆիկս խիտ է, հրավիրում են նաեւ այլ նվագախմբեր ղեկավարելու, բայց քանի որ յոթնամյա «Կոմիտասի» շուրջ 40 անդամներից շատերն առաջին անգամ պետք է այցելեին հայրենիք, չէի կարող նրանց զրկել այդ հաճույքից»:

Դիրիժորը հավելեց, որ 10 տարի է, ինչ ղեկավարում է Կալիֆոռնիայի հայ երիտասարդաց միության՝ Լոս Անջելեսի իրանահայ միության երգչախումբը, շեշտելով, որ արտերկրում ստեղծագործող ցանկացած հայ արվեստագետի պարտքն է նպաստել, օգնել սփյուռքում գործունեություն ծավալած յուրաքանչյուր սիրողական կոլեկտիվի՝ լինի դա նվագախումբ, երգչախումբ, թատերախումբ:

Միքայել Ավետիսյանը նշեց, որ մշտապես ստեղծագործական կապ է պահպանում հայաստանցի եւ սփյուռքում ստեղծագործող ժամանակակից կոմպոզիտորների, այդ թվում՝ Ռուբեն Ալթունյանի, Մելիք Մավիսակալյանի, Վարդան Աճեմյանի, Գագիկ Հովունցի, Դավիթ Հալաջյանի հետ: Հարցին, թե երբեւէ կվերադառնա՞ հայրենիք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցանկություն ունեմ: Կվերադառնամ, եթե պայմաններ լինեն ու հովանավոր ունենամ: Ու մի բան էլ՝ որեւէ մեկի տեղի վրա հավակնություն չունեմ»:

Տարածված կարծիք կա, թե նշանավոր արվեստագետների զավակները ծնողների կյանքից հեռանալուց հետո էլ հանգիստ կարող են ապրել՝ ստանալով նրանց հոնորարները: Մեր զրուցակիցն այս առիթով ասաց, որ դա այդպես չէ, բայց Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունների հոնորարը ստանում է ոչ միայն հայաստանյան «Հայհեղինակ», այլեւ ամերիկյան ASCAP եւ եվրոպական SACEM կազմակերպությունների կողմից, որը համեստ գումար է կազմում:

Դիտարկմանը՝ մեզ մոտ անվանի արվեստագետի տուն-թանգարան հիմնելու նախաձեռնությունը հիմնականում պատկանում է զավակներին, Միքայել Ավետիսյանը պատասխանեց. «Հորս անունով Գյումրիում երաժշտական դպրոց կա, տուն-թանգարան՝ չգիտեմ, բայց, անկեղծ ասած՝ կուզեի Երեւանում որեւէ փողոց անվանակոչվեր հորս անունով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014 թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031