Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիի հանդիպումից հետո՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Օգոստոս 08,2014 12:30

Օգոստոսի 8-9-ին Սոչիում նախատեսվում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձին հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Այս շաբաթավերջին Սոչիում նախատեսված են մեր նախագահի առանձին հանդիպումները նախ՝ Հայաստանի եւ հետո՝ Ադրբեջանի նախագահների հետ, եւ երբ նրանք բոլորը միեւնույն ժամին միեւնույն վայրում հայտնվեն, երեւի թե անհնար կլինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը: Բայց թե ինչպես դա կկազմակերպվի՝ կախված է մեզանից: Իհարկե, խոսելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք մեր կողմից` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից օգնել վստահության ամրապնդմանն ու բախումների վտանգների նվազեցմանը»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Պաշտոնական Մոսկվան, փաստորեն, անհանգստացած է շփման գծում առկա լարվածությամբ եւ չբավարարվեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությամբ, ինչպես այս օրերին տարբեր միջազգային կառույցների ու տարբեր երկրների պաշտոնյաներից են կողմերին ուղղված կոչեր հնչում: ՌԴ-ն Պուտինի հովանու ներքո նախագահների մակարդակով ղարաբաղյան կարգավորման բանակցություններ է նախաձեռնում: Սա այն դեպքում, երբ տեւական ժամանակ շրջանառվում էր Ֆրանսիայի նախագահի առաջարկը` Սարգսյան-Ալիեւ հանդիպումն անցկացնել Փարիզում, որի առնչությամբ կողմերն այդպես էլ հստակ պատասխան չտվեցին` երբ կարող են հանդիպել կամ առհասարակ՝ կհանդիպեն, թե ոչ:

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է նաեւ, թե ջանքեր են գործադրում ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ միասին, որպեսզի օգնեն ի վերջո լուծել այն մի քանի հարցերը, որոնք դեռ խոչընդոտում են փաստաթղթի հաստատմանը, որում նշված կլինեն հակամարտության կարգավորման քաղաքական սկզբունքները: «Մենք կփորձենք այդ մի քանի հարցերն ամեն դեպքում հասցնել այնպիսի մի վիճակի, որ կողմերը ձեւակերպեն իրենց համար ընդունելի մի փաթեթ»: Լավրովը նկատի է ունեցել քաղաքական հայտարարության ընդունումը, որը կշարադրի այն սկզբունքները, որոնցով պետք է ղեկավարվել հակամարտության լուծման հարցում, բայց նաեւ հավելել է, որ դա անելը հեշտ չէ, բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել, սակայն միշտ ինչ-որ բան խանգարել է:
Փաստաթղթերի հաստատման ճանապարհին հանդիպող խոչընդոտներից մեկը թերեւս այն է, որ վերջին տարիներին ՌԴ-ի կողմից շարունակաբար «վերազինվող» Իլհամ Ալիեւի վարչակազմը արդեն պատկերացնում էր, թե իր «մարտունակ բանակով» կարող է ճնշել հայկական կողմին: Պաշտոնական Մոսկվայի ամենանշանակալի օգնությունը կլիներ նա, որ որպես խաղաղ բանակցությունների նպաստող եւ Մինսկի խմբի համանախագահող երկիր` ՌԴ-ն չզիներ Ադրբեջանին, ինչպես դա չեն անում մյուս համանախագահող երկրները` ԱՄՆ-ը ու Ֆրանսիան:

Բայց գանք հարցին, թե ինչը ստիպեց Վլադիմիր Պուտինին հանկարծ զբաղվել ղարաբաղյան հակամարտությամբ, այն էլ հիմա, երբ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը հասել է գագաթնակետին` ուկրաինական զարգացումների արդյունքում, մասնավորապես՝ մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո:

Պուտինը կրկին անգամ ձգտում է ընդգծել Ռուսաստանի դերն ու ազդեցությունը նախկին Խորհրդային Միության երկրների իշխանությունների նկատմամբ: Այժմ էլ Հարավային Կովկասում այդ ուժը շեշտելը ու իր հետ հաշվի նստելու ուղերձը ճիշտ ժամանակին են՝ հաշվի առնելով Արեւմուտքի կողմից Ռուսաստանի հանդեպ կոշտ վերաբերմունքը:

Սա հարցի մի կողմն է: Սակայն առավել կարեւոր է մեկ այլ հարց` ի՞նչ իրավիճակ կհաջորդի Սոչիի բանակցություններին: Շփման գծում լարվածությունը կմեղմվի՞, եւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրենց երախտագիտությունը կհայտնեն Վլադիմիր Պուտինին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեռնարկած առանձնահատուկ վերաբերմունքի եւ խաղաղության հաստատման ճանապարհին ներդրած ջանքերի համար, եւ վե՞րջ: Հնարավոր է, որ հենց այս սցենարն էլ աշխատի:

Սակայն պետք չէ բացառել նաեւ մեկ այլ վարկած: Սոչիի հանդիպումների արդյունքում կարող է ի հայտ գալ շփման գծում լարվածության մարման միակ «երաշխիքի»` Ռուսաստանի կողմից խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության արձանագրմամբ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ արձագանք կստանա միջազգային հանրության կողմից այդ գաղափարը, նույնիսկ մեր տարածաշրջանի այլ երկրների կողմից: Սակայն Մոսկվայի այդ ձգտումների մասին պարբերաբար տեղեկություններ են շրջանառվել, եւ բացի այդ, Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը այդ ո՞ր հարցում է միջազգային հանրության արձագանքի հետ հաշվի նստում, որ դա անի, օրինակ, ղարաբաղյան շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում:

Չի բացառվում նաեւ մեկ ուրիշ տարբերակ` սրված իրավիճակը սահմաններում կպահպանվի, իսկ արդյունքում ղարաբաղյան ճակատը կարող է դառնալ Արեւմուտք-Ռուսաստան լարման մի նոր օջախ, ինչը կարող է հղի լինել անկանխատեսելի հետեւանքներով:

Բոլոր հնարավոր վարկածների հետ միասին փաստ է, որ Պուտինի Եվրասիական ծրագրերին Հայաստանի միանալու նպատակներից ու ՀՀ իշխանությունների կայացրած որոշումից ընդամենը ամիսներ անց հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում լարվածությունն աննախադեպ է դարձել: Զինադադարի հաստատման քսանմեկերորդ տարում այսպիսի իրավիճակ առաջին անգամ է ստեղծվել: Պատահականությո՞ւն է արդյոք սա…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ես սպանված եմ հայիզմի ձեռքով,
    Պարսկահայիզմի, հայ որցաձևի,
    Պատրաստ եմ և մոխրանալ նորից,
    Միայն ֆաշիզմը ջնջվի աշխարհից:

    Կթքեմ ճակտին ամբողջ աշխարհի,
    Եթե ֆաշիզմի հուրը չմարի,
    Ով փորձի ներել ֆաշիզմն իմ տեսած,
    Կգնա նրա ետևից հաստատ:

    Ֆաշիզմն ինձ տվեց իր ժանիքները,
    Աշխարհն է հիմա էդ բեռի տերը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031