Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմը ճնշում է գործադրում՝ նախագահների հանդիպման նախօրեին». Խոսրով Հարությունյան

Օգոստոս 08,2014 16:35

«Միջազգայնորեն ընդունված բոլոր գործիքները հայկական կողմը պետք է օգտագործի, նաեւ Կարմիր Խաչի միջամտությամբ հետաքննություն պետք է անցկացվի: Չեմ կարծում, որ առողջ երիտասարդն ընկնում է գերության մեջ եւ հանկարծակի սրտի կաթված է ստանում: Ուշադրություն դարձնենք, որ դա տեղի է ունենում Սոչիում նախագահների հանդիպման ուղղակի նախօրեին ,- Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանում հայտնված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան լուրն այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Մենք ճշտեցինք, այսինքն, Կարեն Պետրոսյանի սպանությունը Սերժ Սարգսյանի վրա ճնշում գործադրելու համա՞ր են արել՝ նա պատասխանեց. «Իհարկե: Սա նշանակում է, որ բանակցային գործընթացի վրա ադրբեջանական կողմը փորձում է անուղղակի ճնշումներ գործադրել: Դրա համար թե՛ Կարմիր խաչը, թե՛ միջազգային հայտնի իրավաբանական կառույցները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտների մասնակցությունն, անպայման, պետք է ապահովվի: Հայկական կողմը, համոզված եմ, կանի դա: Այն, որ Կարեն Պետրոսյանի մահը տեղի է ունենում անմիջապես նախագահների հանդիպման նախօրեին, դա ուղղակի մարտահրավեր է, դա ձեռնոց նետել է»:

Ըստ պարոն Հարությունյանի, պետք է անցկացվի դատաբժշկական հետաքննություն. «Ամենակարեւորը՝ այդ հարցում պետք է ներգրավել Կարմիր խաչը: Նրա առաքելությունը դրանում էլ կայանում է»:

Մեր հարցին՝ հենց միայն այն, որ ադրբեջանցիները լուսանկարներ, տեսանյութ են տարածել, որտեղ բացահայտ երեւում է, թե ինչպես են խոշտանգում հայ գերուն իրենց գեներալի առջեւ, սա հիմք չի՞ տալիս անմիջապես փաստարկված դիմել միջազգային ատյաններին եւ լուրջ պատժամիջոցներ կիրառել՝ խոշտանգումների, այնուհետեւ նաեւ սպանության համար՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանության, Գերիների իրավունքների պաշտպանության եւ բազում իրավական ակտեր գոյություն ունեն, որոնց միացել է թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: Շատ օգտակար կլինի ներգրավել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների հնարավորությունները, որովհետեւ ըստ էության, նման միջադեպերով իրավիճակն ավելի լարվում է»:

Մեր հարցին, իսկ այն լուսանկարները, կադրերը, որտեղ հային ծնկի են բերում ադրբեջանցի գեներալի առջեւ, դա մեր ազգին հոգեբանորեն ճնշելու համա՞ր է միայն արվում՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Դա խոսում է նրանց թուլության մասին: Դա խոսում է այն մասին, որ նրանք այնքան կարոտ են դրան, որ անզեն, անօգնական հային ուժով, զենքով գեներալի առջեւ ծնկի են բերել՝ սեփական բարոյական վիճակը վերականգնելու: Այդ բանը կարող է անել թույլ մարդը: Ոչ մի իրեն հարգող գեներալ նման քայլի չի գնա: Որովհետեւ անզեն մարդուն միշտ էլ կարելի է խոշտանգել, ծնկի բերել, դրանից ոչինչ չի հետեւում: Ընդհակառակը, դա խոսում է այն մասին, որ նրանց բարոյահոգեբանական վիճակը խիստ խաթարված է: Ադրբեջանական ռազմական ուժերն իրենց հասարակության մեջ սեփական բարոյական վարկանիշը վերականգնելու խիստ կարիք ունեն եւ նման էժան ձեւերի են գնում»:

Մեր հարցին՝ ադրբեջանական նավթադոլարներն այս դեպքում չե՞ն փրկի ոչ արդար հետաքննություն անցկացնելու համար՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ադրբեջանական նավթադոլարները փորձում են նույնիսկ եվրոպական քաղաքական օրակարգում դեֆորմացիաներ մտցնել: Մենք հիշում ենք Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթը Ստրասբուրգում: Համաձայնեք, որ նա եվրոպացի պատգամավորների ճնշող մեծամասնության ոչ միայն հիասթափությունն էր առաջացրել, այլ նաեւ զայրույթը:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նավթադոլարների եւ խավիարային դիվանագիտության եվրոպական անդրադարձը՝ ոչ ավել, ոչ պակաս: Ժամանակն է, որ եվրոպացիները մտածեն, սթափվեն: Ադրբեջանցիները վարկաբեկում են այդ կառույցները, արժեզրկում եվրոպական ամբողջ արժեհամակարգը: Վաղ թե ուշ, եվրոպացիները գալու են այդ եզրակացության, արդեն նկատվում են քայլեր: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր է այսօր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Տեսնես ձեր սերժոն, երբ մորթում էր ինձ,
    Ու*մ վրա էր իր ճնշումը չափում,
    Հայեր, բռնեցեք, ճնշումը չնկնի,
    Չարն իր պարանով պիտի բանդաղվի:

    Մահապարտիս էլ չեն ուզում ուտել,
    Տեսնես որ փուշն է վզներին տնկվել:
    Չէ, վերջը լավ է հասել ես վերջին,
    Ֆաշիզմ, կհնձես, ցանածդ ոսկին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031