Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահրատարակվել է մի գիրք, որի վաճառքից ստացված գումարով ժամանակին որբանոցներ են բացվել

Օգոստոս 08,2014 22:58

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ վերահրատարակվել է հայ անվանի իրավաբան և հրապարակախոս Գրիգոր Ջանշյանի ջանքերով 1897թ. Մոսկվայում լույս տեսած «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում:

Ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1897-ին, ապա վերահրատարակվել է մեկ տարի անց: Գրքերի վաճառքից ստացված ողջ գումարը` 66 հազար ռուբլի, Գ. Ջամշյանն ուղարկել է Պոլսի պատրիարքին: Վերջինս էլ գումարը ծառայեցրել է 50 հազար հայ մանուկների համար 12 որբանոց բացելուն:

Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասում է, որ Ռուսաստանում լույս տեսած տասնյակ հեղինակավոր տեղեկատուներում նշվում է Գ. Ջանշյանի անունը` որպես ռուս առաջատար իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ, գրող, գրականագետ` չանտեսելով նաև նրա հայկական արմատները:
«Ռուսական իրականության մեջ Գ. Ջամշյանի ապրելու ժամանակաշրջանը համընկավ այնպիսի ժամանակաշրջանի, երբ ռուս իրականության մեջ ալեքսանյան ռեֆորմերն էին տարածվում: Ռուս հասարակությունը երկատվեց. մի մասը, այդ թվում և Ջամշյանը, գոհ էր ռեֆորմներից, իսկ մյուս՝ ավելի տարիքով մտավորականները` դժգոհ: Այդ ժամանակ էր, որ նա իր «Մեծ բարեփոխումների ժամանակաշրջանը» կոթողային աշխատությունը հրատարակեց, որը միայն իր կենդանության օրոք յոթ անգամ տպագրվել է»,- ասում է Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, ում նախաձեռնությամբ էլ վերահրատարակվել է «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուն:

Ա. Կարապետյանն ասում է, որ Գ. Ջանշյանը մինչև 40 տարեկանը հայի մասին ոչ մի տող չի գրել, բայց Ստամբուլ գնալ-գալուց հետո նրա մեջ հորձանք է տվել հայկական ծագումը. «Նա տեսավ, որ Ստամբուլի պես հիասքանչ քաղաքում անհնար է ապրել, քանի որ այնտեղ վայրենի ձևով խոշտանգվում է հայկական մշակույթը և ճնշվում են քրիստոնյաները: Նա իր բոլոր հոդվածներն սկսում էր «Իմ մեծագույն բարեկամ` ճշմարտություն» արտահայտությամբ և ամեն ինչ փորձում էր ճշմարիտ անել…

Համիդյան ջարդերից հետո գալով Հայաստան և տեսնելով անթիվ գաղթականների` կազմեց իր ժողովածուն, որով նպատակ ուներ ապացուցելու, որ հայ ժողովուրդը մեծություններ ծնող ժողովուրդ է և ռուս մտավորականության միջից հանելու հայերի հանդեպ ունեցած բացասական կարծիքը»,- ասում է Ա. Կարապետյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031