Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոք փառատոնի ողջ հասույթը կտրամադրվի Գետամեջի դպրոցի վերանորոգմանը

Օգոստոս 11,2014 21:03

Oգոստոսի 15-16-ը Գետամեջ գյուղում կանցկացվի “River Fest” ռոք փառատոնը:

“The Beautified Project” ռոք խումբը և մի շարք այլ՝ ռոք, էթնո, ֆանք ու ֆոլկ խմբեր կենդանի երաժշտությամբ կլինեն Գետամեջի բեմում:

Արդեն երկրորդ տարին անցկացվող “River fest”-ը բարեգործական բնույթ ունի, և այս տարի փառատոնի ողջ հասույթը տրամադրվելու է Գետամեջի միակ դպրոցի վերանորոգման աշխատանքներին:

Նախորդ տարի փառատոնին մասնակցում էին տասից ավելի ռոք խմբեր` «Բամբիռը», «Որդան Կարմիրը» և այլն:

“The Beautified Project” ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնն այս տարի ավելի մեծ թափ է հավաքել. «Գետամեջում իրենց հին ու նոր երգերով մոտ 30 ժամ հանդես կգան շուրջ 20 խմբեր: Հայ երաժիշտներից բացի, ելույթ կունենան նաև խմբեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ուրուգվայից: Փառատոնը կանցկացվի ճամբարի նման: Բեմի դիմաց վրաններ կլինեն, և մասնակիցները հենց այդտեղ էլ կգիշերեն»,- տեղեկացրեց երգիչը:

Փառատոնի հասույթին այս տարի կավելանա նաև indiegogo կայքով հավաքված գումարը:

Երաժիշտներն ու կազմակերպիչները ցանկանում են մինչև ձմեռ վերանորոգել դպրոցի պատուհանները, որպեսզի անբարենպաստ պայմանների պատճառով երեխաների ուսումը չտուժի:

“River Fest” փառատոնի կազմակերպիչ Անահիտ Գալստյանն էլ հույս հայտնեց, որ փառատոնը շարունակական կլինի, և Գետամեջի դպրոցի վերանորոգումն ավարտելուց հետո կաջակցեն նաև սոցիալական այլ ծրագրերի:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031