Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկատվական պատերազմի այս ժամանակաշրջանում ամենամեծ վտանգը ադրբեջանական աղբյուրների մեջբերումն է»

Օգոստոս 14,2014 22:10

Ինչպե՞ս լուսաբանել վերջին շրջանում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմանային վերջին զարգացումները, ի՞նչ կարելի է գրել եւ ինչ` ոչ, ինչպե՞ս խուսափել կեղծ լուրեր հրապարակելուց եւ այլն: Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի կարծիքով` տեղեկատվական պատերազմի այս ժամանակաշրջանում  ամենամեծ վտանգը ադրբեջանական աղբյուրների մեջբերումն է:

«Ադրբեջանական աղբյուր օգտագործելը մեղմ ասած ճիշտ չէ, ավելի լավ է տեղեկատվությունը սուղ լինի, քան թե ադրբեջանական աղբյուր օգտագործվի, քանի որ տեղեկատվական պատերազմ է, որտեղ ամեն միջոց օգտագործվում է:  Բնականաբար սա էլ երկրի, պետական կառույցների, համապատասխան պատկան մարմինների գործունեության դաշտն է, սրա մասին արդեն խոսվում է: Սամվել Մարտիրոսյանն ակտիվորեն ինչ-որ բաներ էր բացատրում վերջին օրերին, բայց սա մեկ կամ երկու հոգու գործ չէ, որոշ պատկան մարմիններ պետք է զբաղվեն սրանով,  բայց բնականաբար սա նաեւ ցանկացած լրատվամիջոցի ու լրագրողի անձնական խնդիրն է», -ասաց պարոն Բաղդասարյանը` հավելելով, որ  տեղեկատվական պատերազմի հիմնական նպատակը խուճապ առաջացնելն է եւ  հակառակորդին բարոյալքելը, ինչը սովորաբար անվանվում է  հրետանային նախապատրաստություն տեղեկատվական դաշտում, որը պատերազմի տարիներին հաջողությամբ օգտագործում է նաեւ հայկական կողմը: Սակայն ադրբեջանցիների անկազմակերպվածությունը ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ տեղեկատվական ոլորտում զգացվեց նաեւ վերջերս, երբ ադրբեջանական կողմը հայտնվեց իր տեղեկատվական ծուղակի մեջ: «Իմ տպավորությամբ սա այն դեպքը չէր, որ նպատակամիտված այդ հրետանային նախապատրաստությունն արվում էր լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար, բայց առանց դրա էլ տեղեկատվական պատերազմ կա ամեն օր ու ամեն ժամ»:

Անդրադառնալով ադրբեջանական քարոզչությանը` հատկապես, երբ դա արվում է օտարալեզու բազմաթիվ  հրապարակումների տեսքով, բանախոսը նշեց, որ  միայն քանակը որոշիչ դեր ունենալ չի կարող:

«Մենք մեր թերացումն ունենք, միշտ նման գործերի համար փող չենք գտնում, փող ամեն ինչի համար կա, այն էլ առատորեն, բայց ամենաանհրաժեշտ գործերի համար ֆինանսի պակասություն կա, ինչը չկա մյուս կողմում, սա փաստ է եւ ոչ ոք չի ժխտում: Սա գալիս է երեւի խնդրին կարեւորություն չտալուց, բայց բազմաթվությունը դեռեւս չափանիշ չէ, կամ չափանիշներից մեկն է ընդամենը: Կա որակի խնդիր, տարածման խնդիր, անհրաժեշտ տեղում անհրաժեշտ պահին տարածելու խնդիր, այնտեղ էլ լուրջ թերություններ կան: Եւ ընդունված կարծիք կա. Ադրբեջանում առավոտից իրիկուն խոսում են, որ հայերը տեղեկատվական պատերազմում հաղթում են, մենք էլ ասում ենք ադրբեջանցիներն են հաղթում: Չեմ կարծում, թե լուրջ առավելություն կա մյուս կողմում, մենք բնականաբար շատ ենք թերանում, թեեւ մյուս կողմի մեծ ֆինանսներն էլ, իհարկե, արդյունք տալիս են, բայց չեմ կարծում, թե դրանք սկզբունքային արդյունք են» , -հավելեց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը:

Ինչպես տեղեկացանք նրանից` սահմանային գոտիներում վերջին շրջանում տիրող ակտիվությանը զուգահեռ Արցախում խուճապ չի նկատվում, հանրային կյանքի վրա այն բացարձակապես չի անդրադառնում, մարդիկ շարունակում են իրենց առօրյա կյանքով ապրել,  հարսանիքներ  անել եւ  ծնունդներ նշել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031