Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Կարապետյան. «Թողեք մարդիկ իրենց գործն անեն»

Օգոստոս 14,2014 22:58

Բազմիցս տարբեր առիթներով նշել եմ ՝ Արտաքին քաղաքականության ամբողջական հանրայնացումն ու վերլուծությունը վտանգավոր է, իսկ քննարկումը միայն թշնամու ջրաղացին է ջուր լցնում..
Գաղտնիք չէ, որ հայկական մեդիայում պատվիրված և ակնհայտ զրպարտելու միտումով հոդվածների և ոչ պրոֆեսիոնալ վերլուծությունների պակաս չի զգացվում  Դա առավել ցայտուն դրսևորվեց վերջին շրջանում սահմանին լարվածության աճի ժամանակ ԱԳՆ հասցեին հնչող քննադատություններում: Մի շարք հեղինակներ իրենց հոդվածներում փորձ են անում ԱԳՆ ներկայացնել որպես պարապուրդի մատնված կառույց, որպես արդյունավետության զրոյական ցուցանիշ ունեցող կառույց: Լայնորեն տարածվող և դիվանագիտության և միջազգային հարաբերությունների այբուբենին խորթ “թեզերից” բացի շատ հաճախ էլ ԱԳՆ-ից ակնկալում են այնպիսի գործառույթների իրականացում, որոնցով պետք է զբաղվեն լրատվամիջոցները:

Նման հոդվածների հեղինակները, դրանք հրապարակող ԶԼՄ-ները,եթե իրենց առջև խնդիր են դնում նպաստել ՀՀ արտաքին քաղաքականության առավել ակտիվացմանն ու արդյունավետության առավել բարձրացմանը, ապա հոդվածը տպագրելուց հետո գոնե թող իրենց հարց տան, թե ինչքանով նպաստեցին իրենց առջև դրված խնդրի կատարմանը, կամ ընդհանրապես նպաստեցին, թե ոչ: Իսկ եթե չկա այս հարցին դրական պատասխան, և նրանք շարունակում են գրել նույն ոգով, ապա ուղղակիորեն հաստատվում է այն, որ տվյալ հոդվածների նպատակը միմիայն կառույցը սևացնելն է, ոչ ավելին: Իհարկե, ասվածից չի հետևում, որ ԱԳՆ անթերի կառույց է, կամ յուրաքանչյուր նախաձեռնություն հարյուր տոկոսանոց արդյունք է ապահովում: Հարցն այստեղ նրանում է, որ բոլորս ենք հասկանում մեր առջև հառնած մարտահրավերները, բայց ոչ բոլորս ենք ձգտում ադեկվատ գնահատականներ տալ:

Ժողովրդական իմաստությունն ասում է, որ նայելն ու տեսնելը տարբեր երևույթներ են: Գուցե իրենց լուրջ վերլուծաբաններ համարող որոշ հոդվածագիրներ նայում են ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում ԱԳՆ ուղղությամբ, բայց միանշանակ է, որ չեն տեսնում: Այլապես, ինչպես կարելի է բացատրել, որ ԱԳՆ-ին պարապուրդի մատնված կառույց որակող լրագրողները զլանում են տեսնել ԱԳՆ գործունեության անգամ երևացող մասը, բազմաթիվ ելույթները, հայտարարությունները, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող տարբեր հարցերի հետ կապված միջազգային կառույցների վերաբերմունքը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հենց հայկական դիվանագիտական համակարգի գործունեության արդյունք են: Որպես օրինակ վերցնենք հենց տխրահռչակ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու վերաբերյալ աշխարհի տարբեր ծայրերից դատապարտող արձագանքները։

Բնականաբար, դիվանագիտության յուրահատկությունն այն է, որ նրա մեծ մասը իրականացվում է մասնակի հրապարակայնության կամ էլ հաճախ գաղտնիության պայմաններում, իսկ դրական կամ բացասական արդյունքն էլ միայն երևան է գալիս տարիների համառ աշխատանքի արդյունքում: Սակայն, եթե մեր անհամբեր, բայց միևնույն ժամանակ հավակնոտ լրագրող-վերլուծաբան-քաղաքական գործիչները չեն ցանկանում որևէ կերպ ընդունել այս ճշմարտությունը, ապա լավագույն դեղամիջոցը նրանց արդեն խրոնիկ դարձած հիվանդության համար կլինի այն, որ պարզապես նայեն վերը նշված երևացող հատվածը և գոնե փորձեն մատնացույց անել այստեղ եղած թերությունները:

Քննադատական դաշտում աչքի ընկած մի շարք լրատվական միջոցներ ԱԳՆ-ի վրա ցեխ շպրտելուն զուգահեռ նշում են նաև, որ այնտեղ աշխատում են լուրջ պրոֆեսիոնալներ: Եվ ուրեմն թողեք` պրոֆեսիոնալները իրենց գործը անեն, որը, հավատացած եղեք, լրագրողներից լավ գիտեն:

Հ.Գ. արդեն պատրաստվում էի հրապարակել այս հոդվածը, երբ հերթական քննադատական նյութն աչքովս ընկավ, թե ԱԳՆ-ն բան չի անում Կարեն Պետրոսյանի սպանության գործով։ Հետաքրքիր է, հրապարակման հեղինակն ինքն իրեն հարց տվել է, իսկ արդյոք այսօր ԱԳՆ աշխատանքների հրապարակայնացումը կխոչընդոտի նրա Պետրոսյանի դիակի վերադարձին։

 

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե (ԵՊՀ) says:

    Ողջ հհկ-ն է պարապուրդի մեջ, ալնպես որ պետքա չէ խորհրդավորության շղարշով պատել նրա թվացյալ գործունեությունը…
    Հհկ-ն ընտրել է ,,թալանը որպես ուղիղ ճանապարհ,, կարգախոսը…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031