Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես եւ 100 տարի առաջ

Օգոստոս 15,2014 10:17

Մարդկությունը իմունիտետ ձեռք չի բերել ցեղասպանությունների նկատմամբ: Պատճառները բազմաթիվ են, այդ թվում նաեւ այն, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ հայերի նկատմամբ, ոչ բոլորն են, այսպես ասած, «ապացուցված համարում», եւ բազմաթիվ երկրներ զուտ քաղաքական, նաեւ տնտեսական պատճառներով հրաժարվում են ընդունել ակնհայտ փաստերը: Այնքան ժամանակ, մինչեւ միջազգային հարաբերություններում չգործեն որոշակի բարոյական նորմեր, այլ շարունակեն գործել միայն քաղաքական եւ տնտեսական հաշվարկներ, ցեղասպանությունները կրկնվելու են:

Եզդիները շատ հին ազգ են կամ կրոն են՝ այստեղ կարծիքները տարբեր են, բայց դա տվյալ դեպքում էական չէ: Եզդիների ժամանակագրության մեջ հիմա 86-րդ դարն է՝ դա քաղաքակրթության մի շերտ է, որը մարդկությունը պարտավոր է պահպանել: Բայց նրանք, ովքեր Հյուսիսային Իրաքում զինում են եւ թեւ են տալիս սունի ծայրահեղականներին՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, որոշ ժամանակ նաեւ՝ Միացյալ Նահանգները, խորապես անտարբեր են քաղաքակրթության հանդեպ եւ հետապնդում են դարձյալ իրենց տնտեսական եւ քաղաքական շահերը:

Ես չեմ հավատում, որ մի խումբ կրոնական մոլագարներ իրենք իրենցով կարող են ծանր սպառազինություն օգտագործելով պատերազմ վարել, տարածքներ նվաճել եւ մի ամբողջ ժողովրդի՝ եզդիների, ինչպես նաեւ՝ ասորիների, քրիստոնյա արաբների ցեղասպանություն իրագործել: Այն, ինչ կատարվում է այսօր Իրաքի հյուսիսում, իհարկե, պետությունների աշխարհաքաղաքական խաղի մի մասն է: Բայց հազարավոր սպանված խաղաղ եզդիների ու ասորիների, քրիստոնյաների կամ շիա մահմեդականների հարազատների համար, տեղահանված եւ սարերում սովից կոտորվող մարդկանց համար այդ խաղերը դարձել են քիչ է ասել ողբերգություն՝ իսկական դժոխք:

Ամերիկացիներն ու եվրոպացիներն այս հարցում դրսեւորում են հիմնականում ծայրահեղ երեսպաշտություն, ցինիզմ, լավագույն դեպքում՝ անտարբերություն: Իսկ մե՞նք՝ հայերս: Հայաստանում հասարակական տրամադրություններին հետեւելով՝ դժվար է եզրակացնել, որ մեզ առանձնապես հետաքրքրում է մեր օրերի ցեղասպանությունը, որ այստեղ մարդկանց սիրտը ցավում է դժոխային տառապանքներ կրող մարդկանց համար:

Մինչդեռ պատմության ընթացքում, նաեւ Արցախի պատերազմում եզդիները հանդես են եկել որպես մեզ բարեկամ, դաշնակից ազգ: Գումարած դրան՝ մեր երկրում ապրում են ազգությամբ եզդի ավելի քան 35 հազար քաղաքացի (2011 թվականի մարդահամարի տվյալներով): Հասարակության անտարբերությունն, այդպիսով, բավականին զարմանալի է:

Իրաքի հյուսիսից ստացվող լուսանկարներն ու տեսագրությունները խիստ հիշեցնում են ինձ այն լուսանկարները, որոնք կան Երեւանի ցեղասպանության թանգարանում: Ցեղասպանություն իրականացնող էթնոսները. կարծես թե, տարբեր են, բայց ոճն ակնհայտորեն նույնն է: Ինչպես եւ աշխարհի հզորների փարիսեցիությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Hakob says:

    Հեղինակը չնայած գրել էր , բայց տխնիկական խոտան է եղել ու չի հրապարակվել այն մասը, որ ՝
    -զաթո Ռուսաստանը տեխնոլոգիա ու տեխնիկա չունի, ու մենակ իրա ռեսուրսների հաշվին ա ապրում, իսկ Պուտինը էլ դիկատատոր ա:

  2. david says:

    Կանգնած ջրերը նեխում են :Իհարկե շուտ :Դարը օրացույցի մի էջ է, որ թերթվում է:Ջուրը պիտի հոսի, դարը խոսի,Մարդը մենախոսի, մարդանմանը`…ու…Տիեզերքն իր բանաձևն է նկարում:

  3. Աբո says:

    Համամիտ եմ հոդվածում նշված փաստերի հետ:Ինձ նույնպես, Իրաքի հյուսիսից ստացվող լուսանկարները հիշեցնում են ցեղասպանության թանգարանի լուսանկարները, տարբերությունը միայն գույների մեջ է:
    Ամենա վատը նա է,որ քրիստոնյա ազգերը զենք են վաճառում վայրենի մուսուլմաններրին,իմանալով վոր այդ զենքով սպանվելու են քրիստոնյա ժողովուրդներ (ինչպես վերջերս ՌԴ-ն զենք վաճառեց ազրբեջանի բորենիներին):
    Ինչ որ մեկը ասում եր «Աստված վաղուց է մահացել՝ փողն է նստել Աստծո գահին»

  4. Հրանտ Պապիկյան says:

    Իսկ սրանց զենքերը գնած էլ չեն, այլ նվիրված և օֆիցիալ պետական օգնության տեսքով տրամադրված են ԱՄՆ կողմից, երբ այդ հրոսակախմբերը կռվում էին ԱՄՆ-ի կողմից ՛՛չսիրված՛՛ Ասադի ռեժիմի դեմ, քեսաբն էին գրավում և այլն: Այն ժամանակ նրանք կոչվում էին ապստամբներ և ազատության մարտիկներ, չնայած նույն դաժան գնդակահարությունների կադրեր այն ժամանակ էլ էինք դիտում համացանցում, բայց երկերեսանի արևմուտքը լռում էր, և լկտիաբար ՛՛ապստամբներին՛՛ նոր օգնություններ հատկացնում: Նույն լկտիությամբ ԱՄՆ պետդեպը այսօր աչք է փակում ՈՒկրաինայում, ընդամենը այլախոհ բնակչության բառացի սպանդը անվանելով հակատեռորիստական օպերացիա: Իսկ այնտեղի կադրերը տեսել եք?
    Համոզված եմ, որ եթե վաղը ԱՄՆ-ն ինչ ինչ պատճառներով երես թեքի Ուկրաինական ներկայիս իշխանությունից և նրանց անվանի հանցագործներ, Դոնբասի խեղճ ժողովրդի դարդով տապակվողները կշատանան… խայտառակությու՜ն… ցեղասպանությու՜ն… կասեն: Իսկ հիմա, քանի դեռ հիմարությամբ իրար հետ մրցող Ջեն Փսակին և Մարի Հարֆը դեռ այդ ժողովրդին անվանում են սեպարատիստ, երեք հազար զոհը հավանաբար մարդկային կյանքեր և խեղված ճակատագրեր չեն, այլ ՍՏԱՏԻՍՏԻԿԱ, որը այդ երկու հիմար հավիկները ԺՊԻՏՈՎ հայտնում են:
    Ընդհանրապես ԱՄՆ-ն պարբերաբար ծնում և ֆինանսավորում է տարբեր մոնստրների, որոնք որպես կանոն հետագայում դուրս են գալիս վերահսկողությունից և մեծ գլխացավանք դառնում և ԱՄՆ, և նաև ողջ աշխարհի համար: Արդար կլինի, եթե մի գեղեցիկ օր նրանց ստեղծած վերջին մոնստրը իր տիրոջը արժանացնի Ֆրանկեյնշտեյնի բախտին…
    Եկեք մի բան հասկանանք, քանի դեռ աշխարհում գործում են ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ամեն ինչ լինելու է այնպես, ՛՛ԻՆՉՊԵՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ՛՛… և եկեք սկսենք մեզնից, քանի որ բարձրաձայնելով մեկի խնդիրը, բայց միտումնավոր լռելով մեկ ուրիշի ցավի մասին, մի օր ինքներս կարող ենք հայտնվել այդ մերժվածի դերում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031