Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջանցու փոխարեն տաջիկներ եւ հնդիկներ են աշխատում»

Օգոստոս 17,2014 15:30

«Դիլիջանի մշակութային կյանքը մեռած է»

«Քաղաքը կեղտոտ չէ, Երեւանից հարյուր գլուխ մաքուր է»,- բացականչեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի արագ սննդի սպասարկման կետերից մեկի խոհարար պարոն Արսենը, երբ Aravot.am-ը իրեն հայտնեց, որ մի շարք բնակիչներ եւ զբոսաշրջիկներ բողոքում են, թե Դիլիջանը կեղտոտ քաղաք է:
Նա նշեց, որ քաղաքի կենտրոնական հատված շատ մարդ է գալիս, իսկ զբոսաշրջիկները, եթե բողոքում են, իրենք պետք է առաջինն իրենց ձեռքի աղբը չգցեն եւ չաղտոտեն քաղաքը. «Աղբի համար նախատեսված հատուկ աղբամաններ կան, պետք է գցեն այդտեղ, ոչ թե փողոցում ամեն պատահած տեղ, հետո ասեն՝ «վա՜յ, ձեր քաղաքը կեղտոտ է»: Միլիոնավոր մարդ է մտնում, սա կայարանի տարածքն է, այդ միլիոնավոր մարդիկ, որ իրենց ձեռքի աղբը գցեն պարզ չի՞, որ քաղաքը կկեղտոտվի: Դրսից եկածներն են աղտոտում, ներսից եկածն երբեք չի աղտոտի»:

Նա շարունակ պնդում էր, որ գոհ է քաղաքից, սիրում է այն եւ դժգոհելու առիթներ չունի, սակայն նաեւ չէր բացառում, որ այնուամենայնիվ, քաղաքում կան տեղեր, որտեղ ժամանակին աղբը չեն հավաքում, բայց դա էլ հազվադեպ է լինում. «Ամեն առավոտ ժամը 7-ին ես գործի եմ գալիս, ամեն առավոտ փողոցը մաքրում են, այդ աղբամանները դատարկում են, մեքենաներն էլ աշխատում են, բայց օրվա վերջում մարդիկ աղտոտում են, հետո էլ ասում են քաղաքը մաքուր չի, այդպիսի բան չկա, մեր քաղաքը մաքուր է»:

Անդրադառնալով քաղաքի խնդիրներին՝ պարոն Արսենը նշեց, որ կինոյի եւ մշակույթի տներ ունեն, որոնք չեն աշխատում. «Քաղաքի մշակութային կյանքը մեռած է, երեկ միջոցառում կար քաղաքում («Մշակութային վերածնունդ» գորգագործության եւ դեկորատիվ-կիրառական արվեստի փառատոնը) ժողովուրդը տեղեկացված չէ, քաղաքի մի ծայրում ապրողը չգիտի, թե քաղաքի մյուս ծայրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ միջոցառում կա, որովհետեւ միջոց չկա, որպեսզի տեղեկանան՝ այստեղ մի բան կա: Մի ժամանակ հեռուստաալիք ունեինք քաղաքում, էլի նորություններն ասում էր, հիմա չկա, փակվել է, լավ կլիներ Դիլիջանը մի հատ եթեր ունենար»:

Մեր այն նկատառմանը, թե շատերն են բողոքում, որ Դիլիջանում աշխատատեղեր չկան, պարոն Արսենը նկատեց, որ Միջազգային դպրոցում աշխատատեղեր կան, բայց դիլիջանցու փոխարեն այնտեղ տաջիկներ եւ հնդիկներ են աշխատում: Սակայն միայն միջազգային դպրոցը չէ, որ արտասահմանցիներ են աշխատում. էլիտար շենքի շինարարության վրա էլ հնդիկներ են աշխատում, Կենտրոնական բանկի շինարարական աշխատանքներն էլ են արտասահմանցիներ կատարել.
«Կարող է իրենց մասնագետ է պետք, որ Դիլիջանում չկա, բայց հասարակ բանվորներ էլ կան, որ ուրիշ տեղերից են եկել: Տաջիկներն եկել են այստեղ մաքրում են, Դիլիջանում ուրիշ մաքրող չկա՞ր, բանվոր չկա՞ր, դիլիջանցին էլ գնում է, Երեւանում է աշխատում, տուն է վարձում: Ամեն կիրակի տաջիկները գալիս են այստեղ ուտում-խմում թողնում-գնում են իրենց տները, մարդիկ 4-5 հարյուր հազար դրամ փող են ստանում»:
Անդրադառնալով իրենց աշխատանքին՝ պարոն Արսենը նշեց, որ իրենց հիմնական հաճախորդները զբոսաշրջիկներն են.«Դրսից եկած մարդիկ են, տեղացին իրեն թույլ չի տա գա այստեղ նստի շաուրմա ուտի: Տեղացիները, եթե աշխատում են, ընդմիջման ժամին գնում են իրենց տուն հաց ուտում, հետո նորից գնում իրենց գործերին: Հազարից մեկ կարող է հավաքվեն, փող դնեն կամ ինչ-որ մի բան առնեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Դիլիջան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031