Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ է չեմ վախենա, ինչքան ուզում եք կրակեք». Հովիկ Աբրահամյանը՝ «Բազե-2014»-ի բացմանը

Օգոստոս 18,2014 18:40

Քիչ առաջ Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե» երիտասարդական հավաքը: Հավաքի բացմանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:

Երիտասարդներին ողջունեց ՀՀ վարչապետը: Այդ ընթացքում եռագույնի գույներով փուչիկներից մեկը, որը մասնակիցների ձեռքերին էր, պայթեց: ՀՀ վարչապետը կատակով ասաց. «Էդ ո՞վ էր կրակում այնտեղ…հա փուչիկները»:
Հովիկ Աբրահամյանը ողջունելով մասնակիցներին, նշեց. «Բազեի հիմքում դրված է հայության եռամիության սուրբ գաղափարը, միասնությունը, ազգային ավանդույթների պահպանումը, հայ երիտասարդների կարողությունները զարգացնելը»:

DSC02630

 

Այս ընթացքում նորից փուչիկ պայթեց: ՀՀ վարչապետը, թե «մեկ է չեմ վախենա, ինչքան ուզում եք կրակեք: Անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին և հայ զինվորի հերոսությանը վարչապետը նշեց. «Վստահությամբ կարող եմ ասել, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է»: Ելույթի ընթացքում Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ երիտասարդների խնդիրները միշտ գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և ջանք չի խնայելու դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ելույթը սկսելուց առաջ նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն երիտասարդներին, հպարտ ու ամուր տղաներին, որոնք պահում են մեր երկրի սահմանները, որ կարողանանք հանգիստ նմանատիպ միջոցառումներ անցկացնել:

Խոսելով հավաքի հասցեին հնչող քննադատությունների մասին՝ պարոն Ավագյանը նշեց. «Շատ դեպքերում եղել են տեղին քննադատություններ, որոնց շնորհիվ բացթողումներն ու եղած խնդիրները շտկվել են։ Եղել են նաև ինքնանպատակ քննադատություններ, անգամ դրանք օգնել են, որ մեր հավաքը կայանա։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը վատ է զգում, որ մեզ մոտ գործը շատ լավ է ստացվում»:

Նշենք, որ 12-ամյա պատմություն ունեցող «Բազեին» ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ «Բազե-2014»-ին ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում ձևավորվել է 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Այս տարի հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ Նրանք ուժերը կչափեն մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում։ Այս տարի նորամուծություններից է այն, որ ձևավորվել է լրագրողների ջոկատ, մրցույթներին զուգահեռ ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետների, մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները կաշխատեն հավաքի մասնակիցների հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031