Լրահոս
Օրվա լրահոսը

Տրվեց «Բազե-2014»-ի մեկնարկը

Օգոստոս 18,2014 19:20

Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն կազմակերպում և իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Հավաքի բացման արարողության ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով բազեականներին, ընդգծեց, որ հայ երիտասարդությունն իր ներուժը ծառայեցնում է հայոց պետականության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը, բարձրացնում Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վարչապետը նշեց, որ դա երիտասարդներն անում են ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրական ոգով, ինչի ապացույցն է վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը։ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծեց նաև, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և ազգային զարգացման ծրագրերը հիմնված են երիտասարդների ստեղծարար ուժի վրա։

DSC_0700

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ողջույնի խոսքում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն երիտասարդ զինվորներին, ովքեր այս օրերին պահում են մեր երկրի սահմանները։ Կարեն Ավագյանը նկատեց, որ «Բազե» հավաքն իր 12-ամյա պատմությամբ ապացուցել է կարևորությունը երիտասարդության համար։ «Բազեն», ըստ Կարեն Ավագյանի, խորհրդանշում է միասնություն, համախմբում, պայքար։ «Մենք փորձել ենք «Բազեն» ավելի հետաքրքիր դարձնել՝ բավականին մեծ թվով նորամուծություններ են անելով հավաքում։ Պայքարն այս ընթացքում թեժացել է։ Ավելի դժվարացել է հաղթանակը, քանի որ մասնակիցների շրջանում աստիճանաբար մեծանում է մրցունակ երիտասարդների թիվը»,- նշեց Կարեն Ավագյանը։

Խոսելով հավաքի հասցեին հնչող քննադատությունների մասին՝ հիմնադրամի համակարգողը նկատեց, որ քննադատությունն իրականում օգնում է, որպեսզի ավելի լավը դարձնեն հավաքը. «Շատ դեպքերում եղել են տեղին քննադատություններ, որոնց շնորհիվ բացթողումներն ու եղած խնդիրները շտկվել են։ Եղել են նաև ինքնանպատակ քննադատություններ, անգամ դրանք օգնել են, որ մեր հավաքը կայանա։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը վատ է զգում, որ մեզ մոտ գործը շատ լավ է ստացվում»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ «Բազեն» կայացած ծրագիր է, ինչի ապացույցն է այն, որ հավաքը գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, երիտասարդները միշտ սպասում են այս հավաքին, ու մեծ պայքար է ընթանում մասնակցության համար։

DSC_0577

Հավաքի բացման արարողությունից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ տնտեսության զարգացմանը, գյուղատնտեսությանը, կրթական խնդիրներին և այլն։

Նշենք, որ 12-ամյա պատմություն ունեցող «Բազեին» ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ «Բազե-2014»-ին ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում ձևավորվել է 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Այս տարի հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ Նրանք ուժերը կչափեն մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում։ Մրցույթներին զուգահեռ ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետների, մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները կաշխատեն հավաքի մասնակիցների հետ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031