Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված արշավը

Օգոստոս 20,2014 17:18

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը հարուցված գործի «շրջանակներում» դիմել է դատարան՝ նպատակ ունենալով պարտավորեցնել ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել մայիսի 7-ին հրապարակված տեղեկատվության աղբյուրը: Հիշեցնենք, որ համաձայն այդ տեղեկատվության, Շիրակի մարզի ոստիկանապետը բռնություն էր գործադրել գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

Այս անհեթեթ դատական գործընթացի դեմ և ի պաշտպանություն ilur.am կայքի և «Հրապարակ» օրաթերթի հանդես են եկել մի շարք կազմակերպություններ, այդ թվում ԵԱՀԿ-ն, Մամուլի ազգային ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և այլն:
Ամբողջ աշխարհում աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը համարվում է լրագրողական մասնագիտության անկյունաքարերից մեկը և մեծ հաշվով լրագրության իմաստը: Չլիներ այն, այսօր աշխարհի որևէ երկրում բացահայտված չէին լինի և հասարակությունների սեփականությունը չէին դառնա իշխանությունների կողմից գործված հանցանքների, ապօրինությունների և իշխանազանցությունների մասին բազում փաստեր: Աղբյուրի բացահայտման անհրաժեշտություն կարող է առաջանալ բացառապես ազգային անվտանգությանն առնչվող իրավիճակներում, երբ դրա բացահայտումը կարող է կանխել տվյալ պետության կամ հասարակության համար էլ ավելի վտանգավոր հետևանքներ:

Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախմբի կողմից իրավական առումով անգրագետ և լկտի հարձակումը վերը նշված լրատվամիջոցների վրա ունի մեկ նպատակ. կասեցնել կամ հնարավորինս բարդացնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ների կողմից նույն վարչախմբի գործած հանցանքների ու ապօրինությունների հրապարակայնացումն ու լուսաբանումը, ինչպես նաև վախեցնելու միջոցով հետ պահել մյուս լրատվամիջոցներին նմանօրինակ գործունեությունից:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված այս արշավը և կոչ է անում Հայաստանի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և լրագրողական ընկերակցություններին սատար կանգնել թիրախ դարձած լրատվամիջոցներին:

Հայ Ազգային Կոնգրես

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031