Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր անառիկ դիրքերը մեր հերոս զինվորների ձեռքերում

Օգոստոս 21,2014 12:50

Օգոստոսի 18-20-ը հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ «Հետքի» եւ ԼՂՀ ՊՆ աջակցությամբ մեկնեցին Լեռնային Ղարաբաղ:

ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում օգոստոսի 19-ին կայացան ամառային ուսումնական շրջանի մեկնարկին նվիրված միջոցառումներ՝ մարտական գործողությունները պատվով կատարելու համար զինծառայողներ պարգեւատրվեցին:

1-gic-1071-gic-105

Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամասում «Առավոտը» ներկա գտնվեց պարգեւատրման արարողությանը եւ ուսումնական շրջանի մեկնարկի հանրահավաքին: Թշնամու դիվերսիոն գործողությունները հաջողությամբ հետ մղած մեր զինվորները, կրտսեր եւ ավագ սպայական կազմը, ինչպես նաեւ կամավոր դիրքեր մեկնած ազատամարտիկներ պարգեւատրվեցին տարբեր մեդալներով, արժեքավոր նվերներով, գումարով:

1-gic-104

«Առավոտի» զրուցեց պարգեւատրման արժանացած ազատամարտիկ Դավիթ Ղուլյանի հետ, ով Մարտակերտի շրջանի ազատամարտիկների կամավորական խմբի հետ մեկնել էր դիրքեր: Դավիթ Ղուլյանը Մարտակերտի Չլդրան գյուղից է. «Հենց առաջին լուրերը լսեցինք, որ տարածքում հետախուզական դիվերսիոն խմբեր կան, մենք ազատամարտիկներով հավաքվեցինք, եկանք մեր տղերքի հետ կանգնեցինք պոստերում, մի անգամ էլ գնացինք, էլի հերթափոխ բերեցինք, հետո մեզ ասացին՝ ապրեք, բայց էլ պետք չի, գնացեք տներով»: Մեր հարցին՝ ձեր ներկայությունը իսկապե՞ս ոգեշնչում էր զինվորներին, ազատամարտիկը պատասխանեց. «Մենք դա զգացինք: Մեր զինվորները, որ մեզ տեսնում են, որ իրենց կողքն ենք, լավ են զգում իրենց: Առաջին անգամ չի, որ գնում ենք պոստերը, գնում ենք ոգեւորում, որ հանկարծ, Աստված ոչ արած, պատերազմ լինի, մենք միշտ պատրաստ ենք, իրենց էլ չենք թողի կռվեն, մենք կռված ենք, կռվի փորձ ունենք, պատրաստ ենք զինվորներից առաջ գնալ: Բայց դե իրենք էլ ասում են՝ չէ, մենք կանենք: Բայց մենք միշտ իրենց կողքին ենք լինելու»:

1-gic-106Ազատամարտիկների հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիրներ կան դիրքերում, ի՞նչն է պակաս զինվորների մոտ, նրանք հավաստիացրին, որ «ամեն ինչն էլ տեղն է, ոչ մի պակասություն չկա»: Դավիթ Ղուլյանը շեշտեց, որ ահագին ժամանակ մնացել է դիրքերում՝ տարբեր հատվածներում, շփվել է վեց ամսվա ծառայածներից մինչեւ ավելի երկար ծառայածների հետ, եւ չի լսել, որ որեւէ բանից բողոքեն: Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավոր չէ՞ տեսախցիկներ դնել ամեն դիրքում, որպեսզի հակառակորդի շարժը իմացվի, նրանք ասացին, որ դիրքերում հոսանքի խնդիր կա, եւ հնարավոր չէ տեխնիկապես լուծել այդ հարցը. «Եթե դնեն էլ՝ անիմաստ, զուր ծախս կլինի, կխփեն, կփչացնեն: Ինչ վերաբերում է անօդաչու սարքերին, ունենք, ինչի՞ չէ, ունենք»: Նաեւ նկատեցին, որ եթե սահմանի որոշ հատվածներում լեռնային բաց տարածքներ են, ամեն շարժ ինքնըստինքյան երեւում է, սակայն անտառային հատվածներում տարածքներ կան, որ դժվար է հետեւել. «Բայց դե, մի անհանգստացեք, նախագահների հանդիպման հետ կապված փորձեր են արել, ու չեն հաջողացրել իրենց ուզածը անեն, մերոնք արժանի հակահարված են տվել»:

1-gic-102

Պարգեւատրված տասնյակ զինծառայողներից էր նաեւ սերժանտ Հովսեփ Առուստամյանը: Նա արժանացավ «Անդրանիկ Օզանյան» մեդալին, նրա ընկերները՝ «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» եւ այլ մեդալների: Հովսեփին հարցնում եմ՝ ինչի՞ համար է պարգեւատրվել, համեստորեն, թե՝ դե, կռվելու համար, էլի: Հարցնում եմ՝ ձեռնամա՞րտ էր, թե՞ կրակում էիք, ասաց՝ կրակում էինք: Հարցնում եմ՝ իսկ ճի՞շտ է, որ դիրքեր եք գրավել, ծիծաղում է՝ չէ, տենց բան չկա, իրենք էին եկել, փորձում էին, բայց չթողեցինք, շպրտեցինք հետ: Իսկ վա՞խ կա կրակոցների ժամանակ, ի՞նչ եք զգում, անկեղծ պատասխանում է՝ վախը ցանկացած մարդու մոտ էլ լինում է, բայց ոչ էն տիպի վախ, ոնց որ քաղաքացիական կյանքում, սովորական բան է, էլի: Հովսեփը Տավուշի մարզի Պառավաքար գյուղից է, սովորում է, բժիշկ է դառնալու, եւ բանակից հետո ուսումը շարունակելու է: Տաս ամիս է մնացել մինչեւ զորացրվելը: Երբ հիշում է օգոստոսի 2-ի գիշերը՝ դեմքի արտահայտությունը միանգամից փոխվում է. «Մեր դեպքի ժամանակ երկու հոգի զոհվեց: Մեր վաշտի հրամանատար Զորիկ Գեւորգյանը եւ մեր ընկերը՝ սերժանտ Սարգիս Մովսիսյանը: Մեր աչքի առաջ վիրավորվեց, տարան հիվանդանոց, մահացավ…»:

DSCN8230

Պարգեւատրված տղաներին խնդրում ենք ժպտալ՝ լուսանկարվելու համար, չեն կարողանում՝ «ժպտալու պատճառ չունենք, ընկեր ենք կորցրել…»:

Հովսեփն էլ է բեկորային վնասվածք ստացել կրծքավանդակի շրջանում, բայց ձեռքը թափ է տալիս՝ անցել ա, արդեն լավացել եմ. «Մենակ չէին կրակում թշնամիները, պայթուցիկ զրահատեխնիկա էին գործածում: Իրենք փորձում էին հասնել մեր դիրքերից մեկը, գիշեր էր, բայց մենք նկատեցինք, սկսեցինք դիմադրել: Ես հետախուզական հատուկ նշանակության ստորաբաժանումում եմ ծառայում, դիրքապահ չեմ, մենք մենակ հատուկ դեպքերի ժամանակ ենք գնում դիրքեր: Էդ ժամանակ էլ գնացել էինք մեր դիրքապահների մոտ, ու հարձակվեցին»:

Հետաքրքրվում եմ՝ իսկ դուք էլ ե՞ք նույնպիսի գործողություններ անում, պատասխանում է՝ հա, մենք հակադարձումներ ենք անում: Հարցնում եմ՝ փաստորեն ձեզ մոտ ավելի հաջող է ստացվում, քան իրենց, պատասխանը ժպիտն է, հետո ավելացնում է. «Իրենք մեծ խմբերով են գալիս, մենք փոքր խմբերով գնում ենք, հետ գալիս»:

DSCN8255

 

 

Զորամասից մեկնում ենք առաջնագիծ՝ դիրքեր: Առաջին դիրքում մեր դիրքապահները ներկայացնում են իրենց առօրյան. «Դե ի՞նչ պիտի անենք, դիրքերն ենք պահում, էլի: Հերթով հետեւում ենք, երկու ժամ մեկ իրար փոխարինում ենք»: Կողքի դիրքը մի քանի հարյուր մետրի վրա է գտնվում, խրամատով է ճանապարհը մի դիրքից մյուսը:

1-gic-100

Հարցին՝ եթե մի դիրքի վրա հարձակվում են, մյուս դիրքից գնո՞ւմ եք օգնության, Մարտակերտի զորամասի հետախուզության պետ, կապիտան Յուրի Հովասափյանը պատասխանում է. «Ո՜չ, դիրքերը ոչ մի դեպքում չի կարելի լքել: Մեր դիրքապահների առջեւ խնդիր է դրված, որ ամեն մեկն իր դիրքը պահի: Հակառակորդը կարող է խաբել, ցույց տալ ոտնձգություն մի դիրքի վրա, այս դիրքից շտապենք այդ դիրքը՝ օգնելու, նա շատ հանգիստ կարող է գալ այս մի դիրքն էլ վերցնել, ապա երկուսն էլ ոչնչացնել, դրա համար շատ ավելի նպատակահարմար է, որ ամեն մեկն իր դիրքը պահի: Բայց մենք ունենք ստորաբաժանում, որը միշտ հերթապահում է, եւ մեկնում է այն դիրքեր, որտեղ լարվածություն կա»:
Յ. Հովասափյանից հետաքրքրվում ենք՝ դո՞ւք էլ եք գնում թշնամու դիրքեր՝ դիվերսիոն գործողություններ իրականացնելու: 2010 թ. «Արիության համար» մեդալ ստացած մեր զրուցակիցը պատասխանում է՝ մեր հակահարվածների արդյունքում հակառակորդը ընդհանուր առմամբ 40 զոհ է տվել: Ասում եմ՝ բայց ասում են, թե 16-ն են, ժպտում է. «Դե, իրենք չեն բարձրաձայնում, բայց դա հաստատ թիվ է, ուղղակի պահում են էդ թիվը, հետո քիչ-քիչ հայտարարում տարբեր պատրվակների անվան տակ, իբր՝ վթար եղավ, իրար խփեցին… միայն թե չասեն, որ հայերն են խփել»:

Յուրի Հովասափյանը անդրադառնում է վերջին դեպքերին. «Հուլիսի 25-26-ին հակառակորդը մտնում է նույն դիրքը, մեր երկու դիրքապահի է վիրավորում, բայց մերոնք հետ են շպրտում, հետո օգոստոսի 2-ին նորից վերադառնում է: Արդեն մեր հետախուզականից դիրքերում լինում են: Դիրքերում զոհված վաշտի հրամանատար Զորիկ Գեւորգյանն իմ ենթական էր… Եկել էին մինչեւ ատամները զինված՝ բառիս բուն իմաստով: Թողել են մեծ քանակությամբ սպառազինություն եւ զենք՝ իրենց փախնելու ժամանակ: Էնքան զոհ ու վիրավոր են ունեցել, որ էդ ամբողջ զենքը թողել են, որ կարողանան իրենց վիրավորներին ու զոհերին հետ տանել»: Հարցնում եմ՝ իսկ վտանգավոր չէ՞ր դիրքից դուրս գալ՝ այդ զենքերը վերցնելու համար, հետախույզը պատասխանում է. «Նրանք փորձել էին ներխուժել մեր դիրքեր՝ թիկունքից, դրա համար, որ փախել են, զենքերը մեր տարածքում են թողել: Ամբողջը հանձնվել է համապատասխան ծառայություններին: Հիմնականում ծանր զենքեր են թողել՝ նռնականետներ, ձեռքի նռնականետներ, նռնակներ, շատ ու շատ բաներ: Նայելով զենքերին՝ հասկանում ես, որ եկել են ահավոր մեծ վնասներ հասցնելու նպատակով, միայն ավտոմատով չէին եկել: Պարզ է դառնում, որ հատուկ նշանակության սպառազինությամբ են եկել: Բայց ոնց եկել են, նույն ձեւով՝ ուժգին հակահարված են ստացել»:

1-gic-103DSCN8250DSCN8237Յուրի Հովասափյանի հետ զրույցն ընթանում էր խրամատում՝ մի դիրքից մյուսը գնալու ընթացքում: Ճանապարհին տեսնում ենք այն դիրքը, որտեղ հերոսի մահով հունվարին զոհվեց Արմեն Հովհաննիսյանը: Հասնում ենք դիրք: Բարձր հաչոցով մեզ է դիմավորում շունը: «Եկ, եկ, կծի, դինջացի»,- շան գլուխը շոյում է Հովասափյանը: Շունը միանգամից հանդարտվում է: Ապա տեսնում ենք մի խրտվիլակ՝ զինվորական հագուստով: Զրուցակիցս ասում է, որ առաջնագծերում շատ կան նման խրտվիլակներ. «Դրանք շատ կյանքեր են փրկել: Հակառակորդը մթության մեջ շփոթվում է, խփում է խրտվիլակին, ու մեր դիրքապահներն արդեն իմանում են, որ թշնամին եկավ»: Նույն նպատակին են ծառայում պահածոների դատարկ տուփերից պատրաստված «վարագույրները»:

Հարցնում եմ՝ որքան էլ զինվորներին նախապատրաստեք նման հարձակումների ժամանակ գործողություններին, ի վերջո, 18 տարեկան են դեռ, չե՞ն շփոթվում, չե՞ն կորցնում իրենց: Հետախույզը ժպտում է. «Ինչպես տեսնում եք՝ չէ: Ճիշտ ձեւով հակադարձում են: Բայց իհարկե, ամեն դեպքում բոլոր դիրքերում կան սպաներ, դիրքերի ավագներ՝ սերժանտ, կրտսեր սերժանտ, որոնք ավելի արագ են կողմնորոշվում, ճիշտ հրամաններ են տալիս: Մեր բոլոր դիրքերը պաշտպանություն կազմակերպելու համար համապատասխան սարքավորումներն ունեն»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031