Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ամենաթույլ օղակը դեռեւս տեղեկատվական դաշտն է. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 21,2014 11:54

Թշնամու ամառային դիվերսիան ի ցույց դրեց նաեւ մեր խոցելի կողմերը, ավելին՝ նշմարվեց ամենաթույլ օղակը, այն է՝ տեղեկատվական դաշտը:

Պետական շահի ու անվտանգության գիտակցումն այստեղ կարծես փոքր-ինչ հետնահանջ է ապրում. դրա վկայությունը օգոստոսյան լարված օրերին շրջանառված կեղծ, իրականության հետ կապ չունեցող, երբեմն էլ թշնամու ջրաղացին ջուր լցնող ապատեղեկատվությունն էր:

Ի՞նչ կատարվեց մեզանում սահմանային միջադեպերի օրերին: Որոշակի խմբեր, մասնավորաբար սոցցանցերում, սկսեցին տարածել ադրբեջանական լուրերը, նրանց ֆորումների գրառումները, իսկ հայաստանյան որոշ կայքեր էլ չկարողացան հրաժարվել «քոփի փեսթով» ոտքի վրա լուր հայթայթելու գայթակղությունից՝ ակամա դառնալով թշնամու քարոզչության տարածողը:

Փաստորեն այդպիսիք անմիջականորեն օգնեցին թշնամուն՝ առանց ֆինանսական լուրջ միջոցներ ծախսելու եւ ջանքեր գործադրելու Հայաստանում շրջանառել հակահայկական ապատեղեկատվություն, ինչպիսին էր, օրինակ, հայկական կողմի մի քանի տասնյակ զոհերի կամ թշնամու դիվերսանտների նոր խմբաքանակի ներթափանցման մասին հորինվածքը: Թշնամու ուզածն էլ դա էր՝ ժողովրդի մեջ խուճապ տարածել:

Իբրեւ ասվածի վկայություն՝ հիշեցնենք լրատվամիջոցներից մեկի՝ այդ օրերին տարածած տեղեկատվությունը, թե սահմանամերձ գյուղերից մեկում տագնապ է հայտարարված՝ դիվերսանտներ են ներթափանցել: Չնայած գյուղապետը լրագրողին ասել էր, որ գյուղում տագնապային իրավիճակ չկա, որ «ամեն մարդ իրա գործին է», բայց գյուղի այլ բնակիչներից խմբագրություն հասած լուրերն ու ՊՆ խոսնակի «թեթեւ» պատասխանը, թե ինքը բանից անտեղյակ է, թերեւս հունից հանել էր լրագրողին, ու նա հանգել էր հետեւության՝ նման «անտարբերությունն» ու «անտեղյակությունը» կարող է հայ զինվորի կյանք արժենալ, ուրեմն պետք է շարունակել սեփական «հետաքննությունը»:
Իրականում, սակայն, պարզվում է, իրենից անկախ, կատարել էր ճիշտ հակառակը՝ բացահայտելով մարտավարական խնդիր: «Լրատվամիջոցն իր հրապարակմամբ ուղղակի բացահայտեց ՊՆ-ի օպերացիաներից մեկը՝ x զորամասում կազմակերպված զորավարժանքը: Սա անթույլատրելի քայլ է, քանի որ պատերազմական իրավիճակում թիվ մեկ խնդիրը լուրի ճշգրտումն է»,- մեզ հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը. ինչպե՞ս վարվի լրատվամիջոցը, երբ գյուղի տագնապած բնակիչները թերթից են պահանջում օգնել իրենց, որ ճշտվի լուրը: Գուցե պետք էր, որ ավելի հստակ գործեր ՊՆ խոսնա՞կը՝ թերեւս լրագրողին հուշելով, «գլխի գցելով», թե ինչն ինչոց է:

Ի՞նչն է պատճառը, որ մեզանում տարիներ շարունակ այս կարեւոր հարցերը կարծես չեն ընկալվում:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031