Լրահոս
Օրվա լրահոսը

Ճառեր «հանուն հայրենիքի» ու ինքնազոհաբերությունների մասին պետք չեն

Օգոստոս 22,2014 12:15

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի խոսքով՝ թշնամուն պետք է ցույց տալ, որ մենք միասնական ենք։ Նա բացատրում է հետեւյալով՝ թշնամին ակտիվանում է, երբ «ներսում կռվում, իրար վարկաբեկում ենք»։ «Երբ որ մենք ստեղ սկսում ենք կռվել, իրար վարկաբեկել, նոր թուրքը ժրում ա: Եթե մենք միասնական, ուժեղ ապրենք, նրանք խելոք նստելու են տեղը…»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Մ. Գրիգորյանն ու խոստացել, որ պատերազմի դեպքում օլիգարխների որդիներին անձամբ ինքն է մարտադաշտ տանելու։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ օրերս Ծաղկաձորում բազեականների հետ հանդիպմանն անդրադարձել է հարցին, թե արդյո՞ք մեր երկիրը քաղաքացիները չեն լքում նաեւ անարդարության պատճառով. «Դուք բոլորդ պիտի ընդունեք, որ դրա համար ժամանակ է պետք: Դուք մտածում եք, որ ասել եմ ստվերի դեմ պայքարելու ենք, կախարդական փայտիկը խփելու եմ, բոլորը գալու են ստվերի դա՞շտ: Եթե տեսնեն, որ մեր մոտիկները չեն գնում այդ քայլերին, գնում ստվերում են աշխատում, կասեն, թե այս կառավարության ղեկավարը ուղղակի դատարկ խոսում է: Մեր յուրաքանչյուր մոտիկ այդ բանը պիտի հասկանա, որ իրենց նման աշխատաոճով վտանգում են մեր արժանապատվությունն ու մեր խոսքի արժեքը», -ասել է նա ու նկատել, որ իր խոսքի համար «դողում» է, եթե մի բան խոստանա` «արյան գնով էլ լինի պիտի անի»:

Հ.Աբրահամյանը հիշեցրել է, թե ինչ ինքնազոհաբերության է գնացել` վարչապետի պաշտոնը զբաղեցնելով. «Երբ ԱԺ նախագահն է համաձայնում վարչապետ նշանակվել, դա մեկ քայլ ցածր է Սահմանադրությամբ: Բայց ես չեմ գայթակղվել, ես գիտակցված եմ արել այդ ռիսկային քայլը հանուն մեր հայրենիքի»: Եւ ինչպես մեր օրերում պաշտոնյաներից շատերն, այնպես էլ վարչապետը երկրի իրավիճակի հետ չի մոռացել լրագրողների թեման էլ արծարծել, որոնք ըստ նրա` «փորձում են չեղած բանը մարդկանց վրա գրել, մարդկանց վարկաբեկել, այն դեպքում, երբ իրենք վարկաբեկված են»:
Նախ` սկսենք նրանից, որ «եղած բանի» մասին էլ լրագրողների գրելու դեպքում, հաճախ չէ մեր երկրում որեւէ բան փոխվում` դրական առումով: Իսկ «հանուն հայրենիքի» ինքնազոհաբերությունների մասին խոսելն, այնքան էլ, ճիշտ չէ, եթե դրա փոխարեն կարելի է ներկայացնել մի քանի ամիսների ընթացքում արված այս կամ այն դրական քայլը` «հանուն հայրենիքի»:

Օլիգարխների` արտոնյալ որդիներին մեր երկրի հասարակ քաղաքացիների հետ հավասարեցնելն ու «առաջին գիծ» տանելու համարձակությունը, որպես լուրջ քայլ ներկայացնելը չի ապացուցում, թե մենք որքան շատ ենք սիրում մեր հայրենիքը, մանավանդ, եթե օլիգարխների որդիներին պետք է պարտադրանքով տանել մարտի դաշտ:
Մեր պաշտոնյաները նախ պետք է մտածեն օլիգարխիայի վերացման մասին, ինչը նույնպես կամրացներ մեր երկիրը, իսկ ազատական տնտեսության պայմաններում աշխատող ձեռներեցները ամուր երկիր կառուցողներից են: Հետեւաբար` հակառակորդին կարելի է վախեցնել նաեւ երկրի ներսում արված աշխատանքով: «Կախարդական փայտիկների» զորությանը ոչ ոք մեր օրերում չի հավատում, բայց իշխանավորների` դրական փոփոխություն անելու կարողությանը, կամք ունենալուն եւ դրանք դրսեւորելուն սպասում են բոլորը:

Այնպես է ստացվում, որ իշխանությունները, որպես կանոն, ավելի շատ ժամանակ են կորցնում պատմելու, թե որքան ժամանակ է պետք ինչ-ինչ հարցերում դրական փոփոխություններ իրականացնելու համար եւ կոչ են անում չշտապել:

Իսկ ի՞նչն է խանգարում, որ շտապեն իշխանությունները: Թե՞ կարճ ժամկետներում լուծվող խնդիրներ չկան մեր երկրում եւ պարտադիր ամիսներ ու տարիներ են հարկավոր: «Ստվերի», «մենաշնորհների», «փայ մտնողների» դեմ պայքարի իրականացումը` ցանկության դեպքում, կարծես, այնքան էլ երկար ժամանակ ենթադրող խնդիր չէ:
Այստեղ, խնդիրը բոլորի համար էլ հստակ է ու պարզ. կարեւորը որոշումներ ընդունելը, հրահանգներ իջեցնելն ու դրանց մասին դատողություններ անելն ու հայտարարությունները շռայլելը չէ հանրությանը, այլ ընդամենը քաղաքական կամք է հարկավոր` վերջ տալ բացասական երեւույթներին կոնկրետ քայլեր իրականացնելով:

Իհարկե, միասնական լինելը արտաքին թշնամու առկայության պայմաններում չափազանց կարեւոր է, եւ որեւէ մեկը դա կասկածի տակ չի էլ առնում: Սակայն այլոց կողմից սխալներ մատնանշելու դեպքում իշխանությունների կողմից անմիջապես հակադարձելը` թշնամուն հիշեցնելով, առավելապես խոսում է այն մասին, որ գործ ունենք ընդամենը սեփական անգործությունն արդարացնելու մարտավարության հետ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել