Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես չդատապարտվել ինքնաոչնչացման

Օգոստոս 22,2014 13:15

Ավելի քան քսան տարի է, ինչ Հայաստանը դարձել է ինքնիշխան պետություն: Թվում է, թե Հայաստանի անկախացումը պետք է որ բացառապես դրականորեն անդրադառնար հայաստանցիների եւ մասնավորապես անկախության սերնդի հոգեւոր ներաշխարհի եւ բարոյահոգեբանական վիճակի վրա: Սակայն, ինչպես վկայում է մեզ շրջապատող իրականությունը, ամեն բան այնքան միանշանակ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ազատությունն ու անկախությունը, անշուշտ, մեծագույն շնորհներ են թե՛ առանձին վերցրած անհատի եւ թե՛ մի ամբողջ ազգի համար: Բայց եւ այնպես, անկախության հասնելուց հետո առաջանում է մի շատ էական հարց. ինչպե՞ս տնօրինել այդ անկախությունը, որպեսզի դա չվերածվի ամենաթողության եւ չարիքի:

Սա մի լրջագույն հարց է, որը չի կարող ունենալ միանշանակ պատասխան: Խորհրդային Միության յոթանասունամյա գոյության ընթացքում հայ ժողովրդի մի քանի սերունդներ դաստիարակվել ու կրթվել էին խորհրդային արժեհամակարգով, այն ժամանակներին հատուկ բարոյական սկզբունքներով: Խորհրդային Միության փլուզման տարիներին միտում է դրսեւորվում քննադատելու այն ամենը, ինչ կապված էր այդ պատմական ժամանակաշրջանի հետ: Քննադատվում էին սովետական բարոյական սկզբունքները, սովետական արժեքները, հոգեբանությունն ու հոգեկերտվածքը, մշակութային արժեքները եւ այլն: Այժմ հարց է առաջանում. որքանո՞վ էր նմանօրինակ վերաբերմունքը խորհրդային իրողությունների հանդեպ օբյեկտիվ եւ արդարացված: Հավանաբար ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ցանկացած հասարակարգ ունի թե՛ բացասական եւ թե՛ դրական կողմեր: Խորհրդային կարգերն այս առումով չէին կարող բացառություն լինել: Այդ ժամանակաշրջանի ամենաբացասական կողմերից էր, թերեւս, աթեիզմի բացահայտ քարոզը: Ասենք ավելին՝ աթեիզմը շատ հաճախ ուղղակիորեն պարտադրվում էր ողջ սովետական ժողովրդին: Ասել է թե՝ այդ տարիներին միլիոնավոր մարդիկ զրկված էին երկընտրանքի իրավունքից. հավատա՞լ Աստծո գոյությանը եւ առաջնորդվել նրա պատվիրաններով, թե՞ լինել աթեիստ եւ ուղղորդվել այլ արժեքներով: Այլ արժեքներ ասելով՝ տվյալ դեպքում նկատի ունենք խորհրդային արժեքները, որոնք, ինչպես վկայում է վերջին քսաներեք տարիների դառը իրականությունը, այնքան էլ բացասական ու մերժելի չէին, ինչպես մեզ ժամանակին թվում էր: Հայաստանի անկախացումից հետո մեզ լիարժեք հնարավորություն ընձեռվեց դեմքով շրջվել դեպի Աստված եւ առաջնորդվել վերջինիս պատվիրաններով: Սակայն իրականությունն այն է, որ հայ ազգի մի մասը մտասեւեռվեց օտար արժեքների, մասնավորապես՝ արեւմտյան արժեքների վրա, ինչը վերջին հաշվով ոչ մի դրական հետեւանք չի կարող ունենալ, մանավանդ հայ ժողովրդի նման փոքրաթիվ էթնոսների համար, որոնց առջեւ մշտապես ծառացած է գոյապահպանման խնդիրը: Ցանկացած ազգ, կորցնելով դարերի խորքից եկած իր արժեհամակարգը, բարքերն ու հոգեկերտվածքը, անխուսափելիորեն դադարում է գոյություն ունենալ իբրեւ առանձին էթնիկ հանրություն եւ հետզհետե վերածվում է որեւէ այլ մշակույթի բաղկացուցիչ մասնիկի: Եվ ահա այստեղ է օգնության հասնում Հայ առաքելական եկեղեցին, որը կոչված է պարբերաբար հիշեցնելու մեր ժողովրդին իր հայ լինելու եւ հայ մնալու կարեւորության մասին: Նշենք, որ օտարամոլության արատավոր երեւույթը տասնամյակներ շարունակ բնորոշ է եղել մեր ազգին: Խորհրդային տարիներին եւ, ինչո՞ւ ոչ, նախախորհրդային ժամանակաշրջանում հայ ժողովուրդն իր հայացքն ուղղել էր դեպի Ռուսաստան, իսկ այժմ մեր ազգը միտում է դրսեւորում կուրորեն յուրացնելու արեւմտյան արժեքներ, որոնք, մեղմ ասած, բավականին տարբեր են բուն հայկական արժեքներից:

Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայ ժողովուրդը բնավ չի հպարտանում իր հայ լինելով, ավելին՝ բարդույթավորվում է իր ազգային պատկանելության պատճառով: Արդյոք համաշխարհային մասշտաբի հարյուրավոր կարկառուն մտավորականներ եւ հարուստ մշակութային ժառանգություն տված ազգն ունի՞ բարոյական իրավունք ունենալ նմանօրինակ վերաբերմունք սեփական մշակույթի հանդեպ: Ողջ խնդիրն այն է, որ մեր ազգի մեջ կան զգալի թվով մարդիկ, որոնք տակավին անկարող են գիտակցել ազգային մշակույթի իրական մեծությունը, դրա պահպանման ու հետագա զարգացման կարեւորությունը: Հարց է առաջանում. ո՞րն է ելքը ներկայացված իրավիճակից: Հավանաբար սխալված չենք լինի, եթե ասենք, որ ելքը լայնամասշտաբ լուսավորչական ու քարոզչական աշխատանքի մեջ է, որի ծանրության բեռը, անշուշտ, ընկած է հայ մտավորականության եւ, իհարկե, Հայ առաքելական եկեղեցու ուսերին: Կարելի է վստահաբար ասել, որ մեր եկեղեցին ու մտավորականությունը հանդիսանում են հայ ազգի գոյապահպանման երաշխավորները: Ստացվում է այնպես, որ եթե մենք մեր իսկ անխոհեմության պատճառով մի օր կորցնենք Մայր եկեղեցին եւ հայ մտավորականությանը, անխուսափելիորեն կորցնելու ենք ինքներս մեզ, մեր ազգային ինքնությունը: Ասվածից հետեւություն, որ մեր ժամանակների համար առաջին հրամայականը պետք է լինի աչքի լույսի պես պահպանել Հայ եկեղեցին եւ մեր մշակութային ընտրախավին: Հակառակ պարագայում հայությունը դատապարտված է ինքնաոչնչացման: Այժմ մեր ազգը կանգնած է լրջագույն երկընտրանքի առջեւ. եթե մեր ժողովրդի մեծ մասն իրոք իմաստուն է ու հեռատես, նա կընտրի ազգայինը պահպանելու ուղին: Այլապես հայերի անունը կպահպանվի սոսկ պատմության դասագրքերում:

Համաշխարհային պատմության մեջ եղել են մի շարք էթնոսներ, որոնք բավականին առաջադեմ ու քաղաքակիրթ են եղել, աշխարհին հարուստ մշակութային ժառանգություն են թողել, բայց ներկայումս նրանք չունեն ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ ազգային հիշողություն: Ցավալի կլինի, եթե հայ ազգը լրացնի անհետացած ազգերի այդ ցանկը, բայց քանի դեռ գոյություն ունի հայոց անկախ պետությունը, տակավին մի փոքր հույս կա, որ ամեն բան այնքան անհուսալի չէ, ինչպես կարող է թվալ հոռետեսներին: Եվ հենց այս ճակատագրական պահին է, որ հայ ժողովուրդը պիտի դրսեւորի իր դարավոր իմաստությունն ու հարատեւելու կամքը:

ՏԻԳՐԱՆ ՄԱԼՈՒՄՅԱՆ
բանասիրական գիտությունների
թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
21.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031