Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տանկիստները Ռուսաստանում մրցել են անհավասար պայմաններում

Օգոստոս 22,2014 16:41

«Մրցակցությունն անցել է բարդ պայմաններում: Իհարկե, մեր պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի էր, բայց բոլորն էլ լավ տանկիստներ էին, սակայն, ի տարբերություն մյուսների՝ միայն Հայաստանի հավաքականն էր ներկայացնում ժամկետայինների»,-հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը ռուսական Ալաբինո զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականի անդամ, առաջին տանկի անձնակազմի հրամանատար կրտսեր սերժանտ Յուրա Դարբինյանը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականն անցել է չորրորդ՝ եզրափակիչ փուլ, որտեղ մրցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի մասնակիցները, և մեր հավաքականը զիջել է միայն Ռուսաստանին:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Ռուսաստանի հավաքականը գերմոդեռնիզացված էր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը պատասխանեց. «Ռուսաստանի տանկի շարժիչի հզորությունը 1400 ձիաուժ էր, մերը՝ ընդամենը 700»:

Հարցին՝ արդյոք նախապես պայման չէ՞ր դրված, որ հավաքականները մրցելու են հավասար պայմաններում, ինչու՞ Ռուսաստանը խախտեց պայմանավորվածությունը, գեներալ-մայորը հորդորեց հարցնել Ռուսաստանին:
Aravot.am-ի հարցին՝ եթե Ամերիկայի հավաքականը մասնակցեր մրցույթին՝ արդյոք մեր հավաքականը նույն արդյունքները կգրանցե՞ր, գեներալ-մայորը պատասխանեց. «Կարծում եմ, որ եթե ԱՄՆ-ն էլ մասնակցեր, նույն արդյունքներն էինք գրանցելու»: Մեր մյուս հարցին այն, որ ԱՄՆ-ն հրաժարվեց մասնակցել «Տանկային բիաթլոն-2014»-ին, այդ հարցում կայի՞ն քաղաքական դրդապատճառներ, գեներալ-մայորը պատասխանեց. «Ռուսաստանը ամբողջ աշխարհին է հրավիրել տանկային բիաթլոնին, ովքեր չեն ցանկացել, արդեն իրենց խնդիրն է»:

Tankain_biatlon_3
Հայաստանի հավաքականի անդամներին խոսքով՝ իրենց ևս չէր վախեցնի ԱՄՆ-ի հավաքականի մասնակցությունը: Երրորդ անձնակազմի նշանառու օպերատոր Սանասար Ծառուկյանը մեր հարցին պատասխանեց. «Ամերիկայում չկա T-72 տիպի տանկ, իրենց տանկը «Abrams»-ն է, և քանի որ չգիտեն, թե ինչ է T-72-ը, չէին կարողանա այն արդյունքները ցույց տալ, ինչ մենք»:

Հայաստանի հավաքականի անդամները պարզվում է պայքար են տարել ոչ հավասար պայմաններում: Յուրա Դարբինյանը պատմեց. «Մենք վեց ամիս ժամանակ ենք ունեցել ուսումնասիրելու, այնինչ մյուս մասնակիցները՝ 6-7 տարի, քանի որ միայն մենք էինք ժամկետային զինծառայողներ: Հավաքականներ կային, որոնց կազմում ընդգրկված էին 39-40 տարեկան զինծառայողներ, այնինչ մեզ մոտ ամենատարիքովները 24 տարեկան էին: Բայց մեզ վրա վստահ էինք, քանի որ շատ էինք պատրաստվել»:

Չնայած հավաքականի անդամների նշած անհավասար պայմանների՝ հայ տանկիստները, «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում գրավելով երկրորդ տեղը, շուտով Հայաստան կբերեն իրենց նվեր տրված Տ-90Ս տանկը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031