Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիահայ բժիշկը պիտի հասկանա, որ Հայաստանում չի կարելի ելնել քաղաքապետերի դեմ…». արևելագետ

Օգոստոս 22,2014 21:12

Aravot.am-ի հետ զրույցում արևելագետ, Սիրիայում երկու տարի բնակված Արտակ Ավետիսյանը, անդրադառնալով Սիրիայից երկու տարի առաջ Հայաստան տեղափոխված ու Թալին քաղաքի հիվանդանոցում որպես սրտաբան աշխատող Բողոս Աղոյանին Թալինի քաղաքապետի հարազատների կողմից ծեծի ենթարկելու պատմությանը, կես կատակ- կես լուրջ ասաց. «Ըստ էության երևի տարբերություն չկա ում են ծեծել, կարող է սիրիահայ բժշկի փոխարեն հայտնվեի ես կամ վիրահայ բժիշկ կամ ուրիշ բժիշկ, ուղղակի էն տարբերությամբ, որ եթե ծեծվողը ոչնչով հայտնի չէ, աչքի չի ընկնում, որոշակի շրջանակների մարդ չէ, որոշակի թևերի չի պատկանում,թև- թիկունք չունի և այլն, կարելի է էդ մարդուն ծեծել, կապ չունի ինքը Սիրիայից է ներգաղթել, կարևոր չէ, որ ինքը Թալինի համար ինչ-որ սարքավորումներ է բերել: Ես, իհարկե, չեմ արդարացնում մարդ ծեծելը, բայց չեմ կարծում, որ այս դեպքում պիտի տարանջատեին, թե նա սիրիահայ է ու չծեծեին»:

Մեր դիտարկմանը, թե բժիշկն անվնաս փախել է Սիրիայի պատերազմական թոհուբոհից, հիմա ծեծվո՞ւմ է հայրենիքում, մեր զրուցակիցն ասաց. «Մեկ-մեկ մեր երկրում ծեծել են նաև ազատամարտիկի, ծեծելով սպանել են ազատամարտիկի կնոջ, մեր երկրում արժեքային դաշտը էնքան է խառնված իրար՝ ում, երբ բռնեց ծեծում է, մենակ ծեծելը չէ, ավելի բարդ գործողություններ ևս անում են, թալանել, բիզնեսը ձեռքից առնել…Մեր երկրում սա դարձել է սովորական երևույթ, սովորական դասական հայկական իրականություն»:

Մեր այն հարցին, թե սիրիահայը բժիշկը, որը պատրաստվում է հեռանալ Հայաստանից, սխալ կանի՞, որ ճամպրուկները կապի, արևելագետն ասաց. «Անկեղծ ասե՞մ, թող գնա, եթե ինքը մտածում է, որ շատ ավելի լավն է, քան Հայաստանում ապրող հայը, որին նույն հաջողությամբ ծեծում են Սյունիքում, Երևանում և Հայաստանի մեջ ամենուր: Եթե սիրիահայը եկել է Հայաստան, ուզո՞ւմ է ապրել Հայաստանում, ուրեմն մեզ հետ մեր խնդիրներով, մեր դարդերով պիտի ապրի, վաղը կարող է Հայաստանի սահմաններում կրակեն ու պատերազմ սկսվի, ինքը ի՞նչ, որ կրակոցից փախել- եկել է, պատերազմ չպիտի՞ գնա: Հայրենիքը հավասար է բոլորի համար, եթե եկել ես էստեղ, ուրեմն պատրաստ եղի հայրենիքի քաղաքացու հետ կիսելու իր առօրյան: Եթե իրենք մտածում են, որ արտոնյալ պիտի լինեն էս երկրում, ուրեմն ցտեսություն իրենց սկզբից մինչև վերջ բոլորին…Ինչ-որ սկզբում պետք էր արեցին, օգնեցին, բարի մարդիկ օգնեցին, որ աշխատանք փնտրեն, այսինքն այնքանով, որքանով…»:

Ձեր ասելով՝ ստացվում է, որ սիրիահայը պիտի հասկանա՞ ուր է եկել, հարցին ի պատասխան մեր զրուցակիցը շարունակեց. «Իհարկե, ցանկացած մեկը պիտի հասկանա, որ եթե եկել, էստեղ է ապրում… Ես ինքս երկու տարի Սիրիայում եմ ապրել, սկզբում ես էլ եմ էդ կարգի խնդիրներ ունեցել, ժամանակ կա, երբ որ պիտի սխալվես կամ պիտի սխալվես  այնքանով, որքանով իրենց ավանդույթներ են, այսինքն` չէր կարելի էդպիսի բան անել, իրենց մոտ չի կարելին մեզ մոտ կարելի է…Դրանից հետո շատ արագ կհասկանաս` ինչ անես, կհասկանաս, որ մեզ մոտ քաղաքապետերի ավտոները տեղահանել տալ չի կարելի, սա Հայաստանն է, պիտի համբերես, պետք լինի ժամերով սպասես, մինչև քաղաքապետը բարեհաճի, չի կարելի դեմ ելնել քաղաքապետերին, դա հաստատ»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի,եթե Հայաստանում էլ օրենքի առաջ բոլո՛րը հավասար լինեին:Ամեն սարի ու քարի վրա խաչ տնգցնելու փոխարեն սրա՛ մասին մտածեք: Մոմ վառելով որ լիներ…

  2. aa says:

    Մարդը եկել է, և ակնկալում է ապրել օրինավոր երկրում, և հանուն ինչի պետք է հանդուրժի տգետ գավառական հարց լուծողների բթամտության ու լկտի սանձարձակության ինքնադրսևորումները…

    Վարվեցողության, տարրական կուլտուրայի, փոխադարձ հարգանքի, ներողամտության, հանդուրժողականության բացակայությունը երկիրը վեր է ածել քաղաքակրթությունից այնքան հեռու հայտնված մի տարածքի, որ խոսքը արտոնյալ լինելու մասին չէ, այլ ինքնապաշտպանական բնազդի:

  3. aaas says:

    Հարգելի լրագրող, ժամանակը չէ? իմանալու, որ եթե բարդ բառի մեջ վերջին բաղադրիչը ՞պետ է՞, ուրեմն՝՞ներ- է գրվում, այսինքն՝ ՞քաղաքապետներ՞-այդպես է ասում լեզվաբան Լավրենտի Միրզոյանը

  4. Ճանաչիլ չես says:

    Բարբարոս, միապետական և մահմեդական Սիրիայից Հայաստան եկած մարդը ուղղակի չի կարողանում պատկերացնել, որ լուսավոր, առաջին քրիստոնեական և առաջադեմ Հայրենիքում ինքը քաղաքապետի «շոֆեռից» ցածր ա։ Էդ հետամնաց Սիրիայում է բժիշկը բարձր դասի և հարգված մարդ։
    Ավելի լավ է իր բերած սարքավորումը թողի որպես փրկագին ու «փախնի»։ Օրինակ, Ղազախստանում թագավորի պես կապրի։ Մի մոռացեք, որ էս պատմության մեջ իրենից բացի ոչ ոք չի խոստովանել, որ հարվածել է։ Հաստատ «սարքելու» են գլխին, դեռ կարող է «նստացնեն»։ Դե, իսկ պարոն արևելագետը շատ առաջ կգնա։ Էսպես նույնիսկ կարող է մի գյուղաքաղաքի քաղաքապետի «շոֆեռի» խորհրդական ձևակերպեն՝ կես դրույքով։

  5. Arman says:

    Հնարավոր է բոլորն իրար սխալ են հասկանում այստեղ: Արեվելագետը ցանկություն է ունեցել հայտնելու, որ պետք է ընդունել այն վայրի օրենքները որտեղ ապրում ես: Եթե Ռուսաստան ես գնում Ռուսաստանի օրենքով պետք է ապրես, Սաուդյանում իրանց, Իրանում իրանց: Հիմա, որ Իրանը մշակույթով երկիր է, բայց կանայք պետք է գլխաշոր կապեն, չես հաշտվում մի գնա ապրի: Բոլորս մի պատճառ ունենք Հայրենիքում ապրելու: Հայրենիքն էլ այս պահին այս կանոններով է ապրում: Եթե ուզում ես ուղղել, պայքարի, դիմի դատարան, չի ազդում, բռնի ծեծի քաղաքապետին էլ, իրա վարորդին էլ: Եթե չես ուզում ու ավելի հեշտ կյանք ես փնտրում, գնա այն երկիրը, որտեղ հարմար է քեզ: Հայ լինելը Հայաստանում ապրելու պարտադրանք չի, իսկ Սիրիայում կամ Լիբանանում կյանքի պայմանները միշտ ավելի ծանր են եղել: Ու սխալ է մտածել, որ եթե սա Հայաստանն է, ուրեմն ամեն ինչ ԴՐԱԽՏԻ կանոններով պետքա լինի: Սա է մեր երկիրը իր թերություններով, դրական կողմերով: Ուզում եք ուզեք, չեք ուզում ուղղեք, չեք կարող գնացեք:

  6. Երևի թե ՀՀ քաղաքացի says:

    Arman, երբ սփյուռքահայերը գալիս են Հայաստան, իրենք դրախտ չեն փնտրում, ոչ էլ օրինավոր երկիր։ Փնտրում են վայր որտեղ կարող ին իրենց զգալ ինչպես տանը, վախենալ որ թաղի լավերը, գողականները, ժեկի տեղակալի տեղակալի քարտուղարի շոֆեռները կամ հանրապետական (ամոթ է խոստովանել որ այս բառը հայհոյանք է դարձել) լավ տղաները իրենց կայֆի համար համ բիզնեսը ձեռքից առնեն, համ կյանքը վտանգի առաջ դնեն։ Հպարտանում ենք որ աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց քաղաքացիների 95%-ի տոկոսի մոտ դույզն ինչ քրիստոնեություն չկա, ինչ մնաց փոխադարձ հարգանք։
    Եթե գնան շատ լավ կանեն։ Ավելի լավ է հայրենիքը արտաքին թշնամուց ազատել քան ներքինից, որ բկիդ բոլոր ձևերով նստած է։

  7. Mika says:

    Ավելի հիմար մտքեր, ավելի հիմար հարցազրույց չէի էլ պատկերացնի: Ով է այս մարդը որին գտել եք հարցեր եք տալիս??? Իրականում մենք ըստ ձեր զրուցակցի պետք է իր նման ստրկական մտածելակերպով առաջնորդվենք? Իսկ ձեր զրուցակիցը հայաստանում մնալով ու նման ստրկական մտքեր փոխանցելով մենակ վնասում է երկրին: ինքը դա չի հասկանում, դուք հոմ հասկանում եք: Մի հատ գնացեք իրավապաշտպանի հետ խոսեք, թե չէ սա ով է որ մի հատ էլ խոսացնում եք, նենց վայ հայրենասիրական դեմագոգիան էլ շռայլում է, կարող է ՀՀԿ ից է կամ էլ ՀՅԴ ից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031