Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային կյանքը մեռա՞ծ է, թե՞ ողջ

Օգոստոս 23,2014 14:50

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են
նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը եւ գրող Հուսիկ Արան

Արամ Աբրահամյան.– Կա այսպիսի ծայրահեղ տեսակետ, որ մշակութային կյանքը մեռած է, օրակարգում մշակութային խնդիրներ չեն քննարկում, եթե մի բան քննարկում են, ապա` սերիալները լա՞վն են, թե՞ վատն են: Կա՞ այդպիսի բան:

Մարիամ Մուղդուսյան.- Գուցե նման կարծիք կա, բայց իմ խորին համոզմամբ` այստեղ ծայրահեղացված է, որովհետեւ քանի դեռ կան մարդիկ, ովքեր ստեղծագործում են եւ հավատում են իրենց արած գործին եւ դրանում սեր ու նվիրում են դնում, կարծում եմ` անիմաստ է ասելը, որ մշակութային կյանքը մեռած է: Բոլորովին այլ հարց է մշակույթը ներկայացնելու ձեւերը եւ այլն, այստեղ կարող են ստեղծել տպավորություն, թե իբր մեռած է կյանքը:

Ա.Ա.– Եթե դուք ձեր արվեստանոցում մեծ սեր ու նվիրում եք դնում, բայց հետո գործն այդպես էլ մնում է արվեստանոցում, դա չի՞ նշանակում, որ գործը մեռած է:

Մ.Մ.- Արվեստը ներկայացնելու խնդիր կա, իհարկե: Այն այլեւս մնում է արվեստագետի վրա, ցավոք սրտի: Բայց հիմա այնքան շատ են ներկայացման ձեւերը եւ այլն, որ արվեստագետը ինքը պետք է ընտրի: Ընդ որում, ես այն կարծիքին եմ, որ դրա համար պարտադիր չէ լինել պատկերասրահներում, կազմակերպել ցուցահանդեսներ: Կան տաբեր ձեւեր, նաեւ ինտերնետում, գիտեք` կարող ես նկար անել, հետո հրապարակել այդ նկարը, եւ դա կարող է տալ հնարավորություն: Ինձ հետ եղել է դեպք, եւ ստացել եմ հրավեր մասնակցելու եվրոպական մի ծրագրի` սոցիալական ցանցում աշխատանքներս հրապարակելուց հետո:

Ա.Ա.- Դուք էլ, առավել եւս, կարող եք գրել, ինտերնետում, ֆեյսբուքում դնել , բայց դա մշակութային կյանքին ինչ-որ բան տալի՞ս է:

Հուսիկ Արա.– Դրանով մենք չենք կարող սահմանափակվել ոչ նախկինում, ոչ էլ հիմա: Որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, ցավոք, կարծիք կա, որ մշակութային կյանքը մեռած է: Խորհրդային միության ժամանակ ստեղծագործողը համարվում էր կուռք, նրա համար պատվանդաններ էին կառուցվում: Դա սխալ էր` կուռք դարձնել գրողին, նկարչին կամ կոմպոզիտորին: Հետո մեկ այլ ծայրահեղության մեջ ընկանք. 20-25 տարի է` փորձում ենք որոշակիորեն սեւացնել հենց ստեղծագործողին, մտավորականին: Հիմա հակահերոսի է վերածվել, ինչը նույնպես սխալ է, չի կարելի, այդպես չպիտի վարվի ոչ մի ազգ՝ առավել եւս մերը, որ մենք մեզ համարում ենք «մտքի» ազգ: Մտավորականն այսօր մի տեսակ մղվել է հետին պլան. կան պնակալեզ մտավորականներ եւ նորմալ մտավորականներ: Բայց հիմա ավելի շատ կան ընդդիմադիր` իրենց խոսքն ասող մտավորականներ, քան խորհրդային միության ժամանակ էր:

Ա.Ա.– Ի հակադրություն հոռետեսական գնահատականների՝ ասեմ, որ սիմֆոնիկ համերգների, օպերային ներկայացումների ժամանակ լեփ-լեցուն է դահլիճը, շատ թատերական ներկայացումների ժամանակ՝ նույնպես:

Մ.Մ.– Կարծում եմ` իհարկե, բարձր մշակույթը, արվեստը ներկայացնելու համար դա շատ լավ է` մարդիկ կարողանում են գալ, տեսնել, լսել: Բայց նաեւ հակադիր դիտարկում էլ անեմ: Օրինակ` ցուցահանդեսների ժամանակ մենք տեսնում ենք հիմնականում, որ ճնշող մեծամասնությունը մեզ ծանոթ նկարիչներն են, նույն մարդիկ, մեր ընկերները: Առաջին օրը, երբ ցուցահանդեսը բացվում է, մարդկանց հոսք կա՝ մնացած օրերին հիմնականում մեռած է այս այս ցուցասրահը:

Ա.Ա.– Ստեղծագործական միությունները նպաստո՞ւմ են մշակութային կյանքի կազմակերպմանը:

Հ.Ա.– Այս կառույցները անվանում են Խորհրդային միության մնացորդ: Բայց բերեմ մի օրինակ: Խորհրդային միության ժամանակ կար երիտասարդական սեկցիա, հետո վերացավ: Երբ Լեւոն Անանյանը ընտրվեց գրողների միության նախագահ, վերականգնեց, ես էլ դարձա այդ ժամանակ երիտասարդական սեկցիայի պատասխանատուն: Հիմնվեց «Մուտք» մատենաշարը, երեւի 50-ից ավելի երիտասարդ գրողների առաջին գրքերը միությունը անվճար տպագրեց: Ուրեմն, միությունն իր գործառույթները կատարում է:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2014

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031