Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագիրը՝ ուրիշի ոտքի տակ

Օգոստոս 23,2014 14:04

Այ, եթե մարդիկ չմոռանային, որ իրենց ծնունդը (լույս աշխարհ գալը) պայմանավորված է միմիայն Աստծո կամքով, կյանքում ամեն ինչ այլ կերպ կլիներ: Այդ պարագայում, պաշտոնյաները երբեք չէին կարծի, որ իրենք ի վերուստ արտոնյալներ են եւ կամայականորեն կարող են տնօրինել ուրիշների ճակատագիրը: Եթե պաշտոնյան մի պահ զգոնանա, հիշի իր մանկությունը, ինքն իր հետ անկեղծ լինի, ապա հաստատ կխոստովանի, որ ինքն ընդամենն այն մաքրամաքուր երեխաների խմբից մեկն է, որոնց հետ ժամանակին անշահախնդիր ընկերություն է արել: Հետագայում՝ ընդամենը իր բախտը բերել է ու հանգամանքների բերումով հասել է այդ պաշտոնին եւ ուրիշ ոչինչ: Այդ տարիքում բոլոր երեխաներն իրար հետ հարաբերվում են հավասարը՝ հավասարի կարգավիճակով՝ անկախ իրենց սոցիալական պայմաններից: Այդ ժամանակ նրանց մտքով երբեք չի անցնում, որ հետագայում այդ մաքրությունը երբեւէ կարող է նաեւ այլ երանգ ստանալ, որ շահ կոչվածը կարող է լիովին ջնջել այդ մաքրամաքուր դաշտը: Եվ փառք Աստծո, որ նրանք այդ տարիքում գոնե չեն պատկերացնում, որ կեղտոտվելու` իրար վերեւից նայելու, արտոնյալ կոչվելու տեսլականը դեռ առջեւում է: Միաժամանակ, շատ ցավալի է, որ շատ-շատերը հասուն տարիքում էլ չեն գիտակցում, որ իրենք սերվել են նույն արմատից՝ Տիրոջից, ինչը նշանակում է, որ իրենք հոգեւոր քույրեր եւ եղբայրներ են ու այդ հարաբերությունները պետք է սրբորեն պահպանել ամբողջ կյանքի ընթացքում եւ առաջնորդվել միմիայն Տիրոջ պատվիրաններին համահունչ: Պետք է որ յուրաքանչյուր մարդու մեջ բնական հարց առաջանա. ինչո՞ւ մերժել մանկականին նման անշահ կյանքը եւ ընտրել անմաքուր` գայլային կյանքը: Եվ մի՞թե ակնթարթի տեւողությամբ մարդկային կյանքն ավելի իմաստավորված է երկրորդ դեպքում: Պատասխանն ակնհայտ է. ոչ եւ հազար անգամ ոչ: Նվազագույնն անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է լույս աշխարհ գալ որպես մի տեսակի մարդ, իսկ որոշ ժամանակ անց` գիտակցականով անընդհատ ճնշելով ներքինի վրա, շարունակել «ապրել» որպես լրիվ այլ մարդ: Այսպիսի մոտեցումը ոչ այլ ինչ է, քան լիարժեք շեղում՝ կյանքի բնականոն ընթացքից: Այժմ փորձենք հասկանալ, թե այս ամենն ինչից եւ որտեղից է գալիս: Առաջին բանը, որը զարնում է մեր մտքին, դա այն է, որ ժամանակի ընթացքում մարդու ներսում կատարվում է որակական փոփոխություն՝ մաքուրից դեպի անմաքուր, անկեղծից՝ ոչ անկեղծ, բարուց` չար եւ այսպես շարունակ: Բնականաբար, այստեղ նաեւ մեկ այլ հարց է առաջանում. այս ամենը տեղի է ունենում ինքնաբերաբա՞ր, թե՞ կյանքն է այն պարտադրում: Իհարկե, նշված երկու հանգամանքներն էլ այստեղ գործում են, սակայն առաջինը` շատ փոքր չափով, իսկ երկրորդը` որպես հիմնական գործոն: Յուրաքանչյուր մարդու գլխավոր առաքելությունն այս երեւույթները վերլուծելը եւ դրանց նպատակահարմարության մասին ծանր ու թեթեւ անելն է: Թերեւս, այս ամենի գլխավոր պատճառը, մարդու` մնացածներից վերեւ երեւալու, մյուսներին իշխելու մոլուցքն է եւ ուզենք, թե չուզենք, պետք է ընդունենք, որ մարդու մաքուր ապրելու միակ բանաձեւը՝ մնացածների նկատմամբ հարաբերական հավասարությունն է, որից ցանկացած փոքրիկ շեղում, մարդուն բերում է իշխելու դաշտ, որն էլ ոչ այլ ինչ է, քան մարդկանց ճակատագրերի տնօրինման իրողություն: Կարող ենք ցավով արձանագրել, որ այսօր մարդկային ցինիզմը հասել է նրան, որ ոմանց թվում է, թե մարդուն իշխելը քիչ է, պետք է իշխել նաեւ նրա ճակատագրին: Իսկ ճակատագրին իշխել, նշանակում է՝ մարդուն զրկել ինքնուրույնությունից եւ նրան տնօրինել ցմահ, որն էլ իր հերթին նշանակում է՝ նրան ուղղակի գնել ու դարձնել սեփական իր: Նույնիսկ Տերը, ով ինքն է ստեղծում եւ կյանք տալիս բոլորին, մարդուն երբեք չի համարում իր սեփականությունը, քանզի նրան տալիս է միտք, հոգի, կամք, ազատություն եւ նմանատիպ շատ ու շատ հատկանիշներ: Ստացվում է, որ որոշ պաշտոնյաներ եւ հարուստներ՝ կարճամտության պատճառով, իրենց վեր են դասում նույնիսկ Տիրոջից եւ իրենց վերագրում աստվածայինից վեր լիազորություններ, որից ավելի մեծ մահացու մեղք, հնարավոր չէ պատկերացնել:

Հասկանալի է, որ երկրի ողջ ունեցվածքը մասնատված եւ բաժանված է մի քանի հոգու միջեւ, որից նրանք չափազանց շատ ոգեւորված են, սակայն անհասկանալի է, թե այդ ամենն ինչո՞վ բավարար չէ պաշտոնյաների եւ մեծահարուստների համար, որ ուզում են նաեւ մարդկանց էլ գնել՝ սեփականաշնորհել: Սրա բացատրությունը մեկն է. սա ընդամենը ցինիզմ է: Այժմ հարց եմ ուղղում ժողովրդին. լավ, նրանք ցինիկ են, կշտանալու եւ բավարարվելու հատկություն չունեն, իսկ դուք ի՞նչ եք մտածում: Պետք է թույլ տաք, որ ձեզ նաեւ գնե՞ն: Որ նրանց մոտ նման ցանկությունն առաջացել է ձեր վախկոտության, անտարբերության, անմիաբանության պատճառով, դա բոլորին է հասկանալի: Սակայն անհասկանալի է մեկ այլ բան. դուք այն աստիճան չեք հարգում ձեզ, որ կարող է թույլ տաք մինչեւ իսկ վաճառվել եւ գնվել: Չէ՞ որ սա արդեն կլինի վերջը:…

Մարդիկ, սթափվեք, խելքի եկեք եւ թույլ մի տվեք, որ մի քանի հոգի փորձեն ձեզ՝ միլիոններիդ նաեւ գնել: Հասկացեք, որ ձեր ճակատագիրը ձեր ձեռքում է եւ ձեր ուզած ձեւով նրան տնօրինելու իրավասություն ու հնարավորություն ունեք:

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ»
միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031