Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ՖԻԼԱ-ի հետ հարցեր ունի պարզելու

Օգոստոս 23,2014 13:55

Սեպտեմբերի 8-ից 14-ը Տաշքենդում կայանալու է սիրողական ըմբշամարտի
աշխարհի առաջնությունը:

Մեր ազատ ոճի ազգային հավաքականը մրցավայր մեկնելու է թերի կազմով: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նշեց, որ թիմում չեն լինելու 74, 96, 125 քաշային կարգերի ըմբիշներ: «96 կգ-ում պետք է հանդես գար Էդգար Ենոքյանը, որը սակայն ուսահոդի վնասվածք ստանալու պատճառով չի մեկնի մրցավայր: Թեեւ նա արդեն սկսել է թեթեւ մարզվել, սակայն ռիսկի դիմել չենք ուզում: Ինչ վերաբերում է մյուս երկու քաշերին, այնպիսի ըմբիշներ չունենք, որոնցից Տաշքենդում ինչ-որ սպասելիքներ ունենանք»,- ասաց գլխավոր մարզիչը եւ թվարկեց մեկնողների անունները. 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 61` Վոլոդյա Ֆրանգուլյան, 65՝ Դավիթ Սաֆարյան, 70՝ Գրիգոր Գրիգորյան, 84՝ Մուսա Մուրթազալիեւ: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Էդգար Ենոքյանի փոխարեն հավաքական չեն վերցրել Վիկտոր Կազիշվիլուն, պարոն Բաղդադյանն ասաց. «Էդգարի վնասվածքից հետո ես հայտարարել էի, որ եթե Վիկտորը աշխարհի երիտասարդական առաջնությունում լավ հանդես գա, մեդալ նվաճի, հավաքական կվերցնենք: Բայց նա այդ տարիքային խմբում մրցանակային տեղ զբաղեցնել չկարողացավ, հետեւաբար, մեծերի մեջ ավելի դժվար կլինի: Նույն վիճակն է նաեւ 74 կգ քաշում: Եթե մարզիկը մեդալի դեռ չի հավակնելու, նպատակահարմար չէ ազգային հավաքական վերցնել: Նրանք դեռ երիտասարդ են: Առջեւում բազմաթիվ միջազգային մրցաշարեր կան ու նրանց շարունակելու ենք փորձարկել: Կաճեն, կհասունանան ու նրանց ժամանակն էլ կգա»:
Լեւոն Ջուլֆալակյանի հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին Տաշքենդ մեկնում է ամբողջական կազմով. 59`Ռոման Ամոյան, 66՝ Միհրան Հարությունյան, 71՝ Վարշամ Բորանյան, 75՝ Արսեն Ջուլֆալակյան, 81՝ Հրաչյա Հովհաննսիյան, 85՝ Արթուր Շահինյան, 98՝ Արթուր Ալեքսանյան, 130՝ Վաչիկ Եղիազարյան:

Լեւոն Ջուլֆալակյանի խոսքերով, տղաները լավ մարզված են, անցել են պլանով նախատեսված մարզումային բոլոր փուլերը, վերջին հավաքն անցկացնելու են Երեւանում եւ մեկնելու են աշխարհի առաջնություն. «Մնում է, որ կարողանանք նրանց ճիշտ մոտեցնել մրցումներին: Մնացածը մրցագորգը ցույց կտա», – ասաց գլխավոր մարզիչը:

Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցող ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանն ասաց, որ Եվրոպայի առաջնություններից հետո երկու հավաքականներն էլ աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում լիարժեք անցել են թե ուսումնամարզական հավաքները, թե միջազգային մրցաշարերի մասնակցությունը: Բայց ամենակարեւորը լինելու են նախամրցումային այս վերջին հավաքները. ազատ ոճայինների համար՝ Տաշքենդում, հունահռոմեականների համար՝ Երեւանում: «Մարզիչների ներկայացրած բոլոր խնդիրները, որ կապված են եղել ֆեդերացիայի հետ եւ նպատակային էին, լուծվել են ժամանակին: Մարզիչներն էլ հետեւողականորեն կատարել են իրենց ստանձնած պարտականությունները եւ նրանց ներկայացված ֆեդերացիայի պահանջները: Մեր տղաներին մաղթում եմ հաջող մրցելույթներ, որպեսզի աշխարհի առաջնությունից հետ միասին նորից հանդիպենք ու շնորհավորենք միմյանց», – ասաց Հրանտ Ենոքյանը:

Ֆեդերացիայի փոխնախագահն անդրադարձավ մի շատ կարեւոր խնդրի, որը հուզում է իրենց: «Սեպտեմբերի 6-7-ին կայանալու է նաեւ ՖԻԼԱ-ի համաժողովը: Լինելու են մի քանի նոր ընտրություններ, քննարկվելու է ՖԻԼԱ-ի անվանափոխության հարցը… Մենք այնտեղ հարց ենք բարձրացնելու կապված եկող տարի Բաքվում կայանալիք 1-ին Եվրոպական խաղերի ընթացքում Հայաստանի կարգավիճակի հետ, մանավանդ, վերջին շրջանում խիստ լարված հարաբերությունների պարագայում, որպեսզի իմանանք մեր հետագա անելիքներն ու քայլերը: Մայրցամաքային մրցումներին չմասնակցելու, կամ թերի կազմ ներկայացնելու դեպքում կանոնակարգով տուգանք է նշանակվում չմասնակցած ազգային ֆեդերացիային, իսկ աշխարհի առաջնություն ներկայանալ թույլատրվում է միայն այն քաշային կարգերով, որոնց մասնակցել է մայրցամաքային առաջնությանը: Իսկ եկող տարվա աշխարհի առաջնությունն արդեն օլիմպիական վարկանիշային մրցում է, որը գլխավորն է մեզ եւ բոլոր երկրների համար: ՖԻԼԱ-ի ղեկավարության հետ ճշտելու ենք. մեր անվտանգությունը պաշտպանվա՞ծ կլինի, արդյոք, Բաքվում, տուգանքներ կլինե՞ն, եթե չմասնակցենք, մեզ կթույլատրե՞ն ամբողջական կազմով մեկնել աշխարհի հաջորդ առաջնություն եւ այլն»,- հայտարարեց ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031