Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերյան թանկացումների մասին՝ «Թանկացումներն անխուսափելի են, միշտ էլ կլինեն»

Օգոստոս 23,2014 13:26

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, անդրադառնալով սեպտեմբերմեկյան թանկացումներին, տեսակետ հայտնեց, որ եթե կա պահանջարկ եւ առաջարկ, ապա, բնականաբար, թանկացումներ կլինեն.«Բոլոր ծնողները իրենց սպառողական զամբյուղը չեն կարող վերանայել, քանի որ չունեն միջոցներ, իրենց խնայողություններից են օգտվում։ Գրենական պիտույքներ ներմուծողները օգտվում են առիթից այս շրջանում եւ թանկացնում, քանի որ գիտեն, որ ամեն դեպքում կգնեն»։

Տնտեսագետի խոսքով՝ թանկացման խնդիրը միշտ էլ մնալու է, իսկ սա կարգավորելու համար պետք  է միջամտել շուկայական օրենքներին։

Այն հարցին, թե մի երեխային դպրոց ուղարկելու համար միջինում որքա՞ն գումար է անհրաժեշտ, ասաց, որ այն կազմում է 100 դոլար՝ մեկ երեխայի համար։

Տնտեսագետը օրինակ բերեց, որ Եվրոպայում միշտ զեղչեր են լինում այս ժամանակահատվածում. «Այնտեղ ինֆլյացիայի փոխարեն, դեֆլյացիա է սկսում, իրացման համար զեղչեր են սահմանվում։ Իսկ մեր նման երկրներում չի գործում մեծ ծավալով ապրանք սպառելու մշակույթը, որից հետո նա կարող է լավ եկամուտ ապահովել, սա զուտ տնտեսվարողի խնդիրն է»։

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, խնդրին անդրադառնալով, նշեց, որ եթե միջին քաղաքացին իր եկամուտների 60%-ը սննդի վրա է ծախսում, 30%-ը՝ կենցաղային ծախսերի վրա, ապա 10%-ն է միայն մնում նյութական ծախսերի համար. «Երեխաների համար պիտույքներ, գրքեր գնելու համար վճարունակության խնդիր կա, դրանք բացարձակ թանկ չեն , խնդիրը մեր քաղաքացիների սոցիալական դրության մեջ է։ Պետք է այս բարդ խնդիրը լուծի կառավարությունը եւ էկոնոմիկայի նախարարությունը»։

Արմեն Պողոսյանը նույնպես այն կարծիքին է, որ գնաճը միշտ էլ կլինի ամեն տոնից առաջ՝ հատկապես ծաղիկների շուկայում։

Բանախոսների կարծիքով՝ Լարսի ճանապարհահատվածի փակ լինելու հանգամանքը նույնպես կարող է նպաստել թանկացմանը.«Եթե պահուստային արտադրանք չունենան, ապա ներմուծման կարիք առաջանալու դեպքում, չեն կարողանա ներմուծել, եւ կառաջանա դրանց դեֆիցիտ, իսկ դեֆիցիտի պարագայում կլինի բնականաբար թանկացում»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031