Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեկոչման աղոթք՝ յուրաքանչյուր ամսի 24-ին

Օգոստոս 23,2014 17:35

 

Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) երիտասարդները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ամենամսի 24-ին տարբեր միջոցառումներ (բանախոսություններ, քննարկումներ և այլն) են իրականացում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀԹ Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը, այս   ամսվա միջոցառումը, որը, ի դեպ, չորրորդն է, տեղի կունենա Եռաբլուր պանթեոնում օգոստոսի 24-ին՝ ժամը 19:00-ին:

Համառոտ անդրադառնալով նախորդ ամիսներին իրականացրած միջոցառումներին՝ Հ. Միրզոյանը հիշեցրեց, որ առաջին միջոցառումը կազմակերպվել է մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» ֆիլմի (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան) ցուցադրությամբ:

Հունիսի 24-ին Ծիծեռնակաբերդում կատարվել է հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի:

Եվ երրորդ միջոցառումը հուլիսի 24-ին Ազատության հրապարակում երիտասարդների իրականացրած «Լսի´ր, Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» կոչով ֆլեշմոբն էր:

Վերադառնալով վաղվա միջոցառմանը՝ բանախոսն ասաց, որ նախ՝ երիտասարդները քահանաների ու զինվորականների հետ ծաղիկներ կդնեն Եռաբլուրում հանգչող բոլոր մարտիկների շիրիմներին, ապա՝ Ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու դիմաց կներկայացնեն ֆիդայական շարժման, «Նեմեսիս» գործողության մասնակիցների գործունեությունը: Միջոցառման ավարտին ԱՀԹ երիտասարդները երդում կտան հայոց արդար դատի շարունակողը լինելու իրենց պատրաստակամության և ՀՀ-ին ու Հայ եկեղեցուն իրենց հավատարմության մասին:

«Մենք մտադիր ենք այս միջոցառումներով անդրադառնալ Ցեղասպանության ժամանակ մեր կրած բոլոր կորուստներին,- ասում է Հ. Միրզոյանը:- Սեպտեմբերի 24-ի միջոցառումը, օրինակ, նվիրված կլինի Ցեղասպանության զոհ գնացած հոգևորականներին: Ես կարծում եմ՝ ոչ բոլորը գիտեն, որ այդ ժամանակ նաև չորս հազարից ավելի հոգևորականներ են նահատակվել: Իսկ ահա հոկտեմբերի 24-ին նախատեսված միջոցառումը նվիրելու ենք Եղեռնին զոհ գնացած երկու հարյուրից ավելի մտավորականներին…»:

Նրա փոխանցմամբ՝ այս միջոցառումները կշարունակվեն մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը:

Ինչ վերաբերում է նախաձեռնությանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևորհովիվ Տ. Պետրոս ավագ քահանաՄալյանը, որի գլխավորությամբ և կազմակերպվում են ամենամսյա այս միջոցառումները, ասաց, որ նախաձեռնության նպատակը Եղեռնի զոհերի հիշատակը ողջ տարվա ընթացքում արթուն պահելն է՝ ոգեկոչման աղոթքի առաքումն առ Աստված:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031