Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինացված բանջարեղեն

Օգոստոս 24,2014 12:15

Ձմռանը մեր սեղանների զարդն են բանջարեղենի թթուներն ու մարինադները: Բնականաբար, փորձառու տանտիրուհիները շատ լավ գիտեն ինչպես պատրաստել այդ ամենը, սակայն անփորձների համար առաջարկում եմ բանջարեղենի ասորտիի իմ տարբերակը:

Marinad_1

Անհրաժեշտ մթերքներ
Վարունգ
«Խթի» կամ «խթա» տեսակի վարունգ
Դդմիկ
Բամիա
Լոլիկ
Կծու ծիծակ
Սխտոր
Թարմ սամիթ
Սեւ հատիկավոր պղպեղ, հատիկավոր հոտավետ պղպեղ
Համեմի եւ սամիթի սերմ
Աղ
Շաքարավազ
Քացախի էսենցիա
Պատրաստման եղանակը
Ապակե տարաները եւ կափարիչները շատ լավ լվանալ: Կափարիչները 10 րոպեով եռացնել առատ ջրում:

Շատ լավ եւ մանրամասն լվանալ բանջարեղենը:

Բանկաների մեջ տեղավորել բանջարեղենը: Եթե դդմիկը կամ «խթան» մեծ է, կարող եք կիսել, կարող եք ավելացնել նաեւ բարակ կտրատած սոխի շերտեր՝ ըստ ճաշակի: Ծիծակները կարող եք ազատել սերմերից եւ պոչից: Բնականաբար, ճիշտ նույն եղանակով կարող եք պատրաստել ոչ թե ասորտի, այլ միայն վարունգի, միայն խթայի, միայն դդմիկի կամ լոլիկի մարինդները:

Չմոռանաք ավելացնել նաեւ թարմ սամիթ:

marinad-2

1 լիտրանոց բանկայի մեջ ավելացրեք 1 ճաշի գդալ աղ, 1 միջին գդալ շաքարավազ, մի քանի հատիկ սեւ եւ հոտավետ պղպեղ, կարող եք մեկ հատիկ դափնու տերեւ նույնպես ավելացնել, համեմի կամ սամիթի սերմեր, այլ համեմունքներ ըստ ձեր ճաշակի: Ես, օրինակ, վերջին անգամ ավելացրել էի թարմ կոճապղպեղի մի քանի շերտ եւ չորացրած բարբարիս: Եթե ավելի մեծ տարայի մեջ եք դասավորում ձեր բանջարեղենը, համապատասխանաբար ավելացրեք նաեւ շաքարավազի եւ աղի քանակը՝ 2 լիտրանոցի դեպքում 2 ճաշի գդալ աղ, 2 միջին գդալ շաքարավազ, 3-ի դեպքում՝ 3-ական գդալ աղ եւ շաքարավազ:

marinad-3Բանկաների մեջ լցրեք սառը ջուր, կափարիչները դրեք վրան: Շարեք մեծ կաթսայի մեջ, որի մեջ նույնպես լցրեք սառը ջուր՝ այնքան, որ բանկաները 2/3-ով ընկղմված լինեն ջրի մեջ: Տարաների վրա դրեք որեւէ ծանրություն:

Միացրեք կրակը եւ թողեք պաստերիզացվի այնքան, մինչեւ կնկատեք, որ սամիթը սկսում է գույնը փոխել: 1 լիտրանոց բանկայի դեպքում դա տեւում է մոտ 20 րոպե, 2 լիտրանոցի դեպքում՝ մոտ 30 րոպե: Զգուշությամբ վերցրեք ծանրությունը կափարիչի վրայից, հանեք նաեւ կափարիչը եւ բանկայի մեջ լցրեք 1 թեյի գդալ էսենցիա (եթե 2 լիտրանոց բանկա է՝ 2, 3 լիտրանոցի դեպքում՝ 3 թեյի գդալ): Կրկին դրեք կափարիչն ու ծանրությունը եւ սպասեք եւս երկու րոպե: Կարող եք արդեն փակել ձեր բանկաները: Շուռ տվեք, թողեք սառչի: Եթե փակելու ընթացքում սամիթը լրիվ դեղնեց, ապա հենց այդպես էլ թողեք, եթե դեռ չի հասցրել լրիվ դեղնել, ծածկեք բանկաները տաք բանով: Բայց երկար չթողնեք, այլապես շատ փափուկ կլինի ձեր բանջարեղենը:

marinad-4 marinad

Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031