Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին-2014» կրթական ֆորումի մասնակիցներին

Օգոստոս 24,2014 14:34

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 24-ին այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Արդեն վեցերորդ տարին անցկացվող այս հավաքին այս տարի մասնակցում է 500 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից:

Նախագահը շրջել է ճամբարի տարածքում, զրուցել ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին և առօրյային, նախորդ օրերին անցկացված միջոցառումներին:

Նախագահին ներկայացվել է, որ ճամբարի մասնակիցներն ապրում են հագեցած և հետաքրքիր օրակարգով, ճամբարում անցկացվում են ամենօրյա դասախոսություններ ամենատարբեր թեմաներով, հյուրընկալվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, կազմակերպվում են սպորտային մրցումներ, ժամանցային այլ միջոցառումներ:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրի արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, երիտասարդության հարցերին, պաշպանությանը և մի շարք այլ թեմաների:

Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, դրանց հեռանկարին, այդ հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը վերաբերող հարցի կապակցությամբ Նախագահը նշել է նաև, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի Արտաքին գործերի նախարարի մակարդակով:

Ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը:

Իսկ «Ե՞րբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դժվարանում է ասել. նա ընդգծել է՝ Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031