Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմվածք. «Հին աթոռը»

Օգոստոս 25,2014 12:08

Շաբաթ օր էր: Սահակ պապը բազմոցին նստած հեռուստացույց էր դիտում, երբ հանկարծ աչքն ընկավ սենյակի հեռավոր անկյունում դրված փոքրիկ պահարան-աթոռակին, որի վրա բարձրանալ էր փորձում փոքրիկ թոռնիկը` Լիլիթիկը: Պահարանը (տանեցիները նրան փաղաքշական “տումբոչկա” էին անվանում), որը երիտասարդ տարիներին էին գնել, նաև փափուկ աթոռակի դեր էր կատարում, բայց քանի որ նրա տակի գլորան-անիվներից մեկը կոտրվել էր, ապա նրան գրեթե չէին տեղաշարժում և այդ նպատակին չէր ծառայում:Որպես պահարան էլ այնքան պիտանի չէր, քանի որ նրա մեջ շատ քիչ բան էր տեղավորվում, միայն հարմար էր ընթացիկ կարդացվող գիրքը, ակնոցները կամ օրվա թարմ թերթերը դնել այնտեղ, եթե դրանք այլ տեղ չէին հանգրվանել:

Իհարկե, տարվա մեջ մի քանի անգամ այդ փոքրիկ պահարան-աթոռակը մաքրման էր ենթարկվում, քանի որ նրա մեջ ժամանակի ընթացքում էլի մի քանի մանր-մունր բաներ էին հայտնվում, որոնք պետք էր դասդասել կամ այնտեղից տեղափոխել:

Հիմա Սահակ պապը հանկարծ նկատեց, որ փոքրիկ թոռնիկը սկսել է այդ աթոռակին ուշադրություն դարձնել, նրա հետ խաղալ, նույնիսկ փորձում է վրան բարձրանալ: Իսկ քանի որ աթոռակի ոտքերից մեկի գլորանը, ինչպես նշեցինք կոտրված էր և նրա տեղը անշարժ մի փայտի կտոր էր դրված, արդեն որոշակի վտանգ էր ներկայացնում փոքրիկ Լիլիթի համար:

Այդ մտքի վրա Սահակ պապը հանկարծ որոշում կայացրեց աթոռակը վերանորոգել, իր նախկին տեսքին բերել և ձայնեց որդուն.

-Սևադա ջան, արի Լիլիթիկին բռնի, աթոռակին է բարձրանում,-իսկ հետո էլ ավելացրեց,-ավտոն հո չե’ս տարել ավտոտնակ:

-Դեռ, ոչ, բայց ինչ կա,-կասկածանքով հորը արձագանքեց Սևադան:
-Արի գնանք խանութ, էս աթոռակի համար անիվներ ընտրենք, Լիլիթիկին այն կարծես դուր է գալիս, նրա վրա նստել է ուզում, բայց այս վիճակում վտանգավոր է:

-Դու էլ հո գործ գտար,-նեղսրտեց որդին:

-Գնացինք, էլ մի տրտնջա,-ասաց Սահակ պապը և սկսեց փոխել տնային հագուստը:
Հայր ու որդի արագ հագնվեցին, բակ իջան, նստեցին ավտոմեքենան ու սուրացին այն խանութը, որտեղ ամեն տեսակի տնտեսական ապրանքներ էին վաճառում: Խանութի տաղավարներում երկար շրջելուց հետո, վերջապես ընտրեցին չորս հատ պլաստիկատե գլորան-անիվներ, վճարեցին գումարը, տուն վերադարձան:

Տուն վերադառնալուն պես, Սահակ պապը հագավ տնային հագուստը, պահարանից հանեց անհրաժեշտ գործիքները, կոտրված գլորան-անիվով աթոռակը քաշեց սենյակի լուսավոր մաս, նստեց իր համար հարմար աթոռին և առանց հապաղելու սկսեց աթոռակի վերանորոգման գործընթացը:

Աթոռակի գլորան-անիվները, իհարկե, դժկամությամբ էին իրենց տեղը զիջել ցանկանում, բայց Սահակ պապը համառություն ցուցաբերեց և աթոռակ-պահարանի տակից հանեց բոլոր առողջ և վնասված անիվները, որպեսզի դրանք փոխարինի նորերով:

Վերջացնելով քանդման աշխատանքները, որոնք այս դեպքում այնքան էլ հեշտ բան չէր, ինչպես ենթադրում էր Սահակ պապը` ուղղորդվելով այն հայտնի ժողովրդական ասացվածքով, որ քանդելը ավելի հեշտ է քան` կառուցելը, որովհետև պտուտակները մի փոքր ժանգոտել էին, գլխիկներն էլ` մաշվել: Պտուտակահանը հաճախ էր սայթաքում և դուրս թռչում բռնած դիրքից, որին հետևում էր Սահակ պապի զայրալից և մի քիչ էլ անպարկեշտ հոխորտանքը պտուտակների հասցեին:

Շուտով հերթը հասավ նոր գլորան-անիվների տեղադրման գործընթացին: Բայց պարզվեց, որ այդ անիվները ամրացնելու համար անհրաժեշտ էր ամեն մեկի համար առնվազն երկու նոր անցք շաղափել, քանի որ պտուտակների ամրացման համար նախատեսված անցքերից երկուսը համընկնում էին նոր անիվների ամրացման անցքերին, իսկ երկուսը` ոչ:

Սկզբում Սահակ պապը փորձեց ձեռքի փոքրիկ շաղափով այդ գործողությունները կատարել, հակառակվելով որդու հորդորներին` օգտագործել էլեկտրական շաղափը, բայց հոգնեց, քրտնեց, քանի որ բավականին շոգ էր, ձեռքերի մեջ ցավ զգաց և միայն այդ ժամանակ որոշեց դիմել առավել կատարելագործված տեխնիկայի միջոցին:

Դե, հաճախ է պատահում չէ, որ մարդը հոգեբանորեն պատրաստ չի լինում անել այն, ինչը որ ավելի հեշտ կլինի, բայց դժվարին է թվում, այլ ընտրում է ավելի դժվար գործողությունը, որը առերևույթ հեշտ է թվում:

Ինչ գլուխներդ ցավեցնեմ, Սահակ պապը փոշմանելով նախնական տարբերակից, վեր կացավ տեղից, գնաց փնտրեց, գտավ էլեկտրական շաղափող գործիքը, ապա հեշտությամբ շաղափեց բոլոր չորս անիվների ամրացման համար նախատեսված յուրաքանչյուրի չորս անցքերը, որ դժվարություններ այլևս չառաջանան, իր գործիքների դարակներից հայթայթեց տասնվեց նոր, չօգտագործված համապատասխան չափերի պտուտակներ և սկսեց անիվները մեկ-առ-մեկ ամրացնել աթոռակ-պահարանի տակի մասին: Երբ ամեն ինչ պատրաստ էր, իր արածից գոհ` Սահակ պապը կանչեց որդուն, որ ստուգի և փորձարկի աթոռակը:

Սևադան բազմոցին պառկած տեղից դժկամորեն վեր կացավ, թողնելով հեռուստացույցով ցուցադրվող հետաքրքիր ֆիլմի դիտումը և մոտեցավ կազմ ու պատրաստ աթոռակին:
Շուռ ու մուռ տվեց, երևի հավանեց հայրիկի արած գործը և առանց կանխազգալու մոտալուտ վտանգը` թափով նստեց աթոռակի վրա:

Հանկարծ լսվեց անսպասելի և անհասկանալի–ճարճատյուն-ճրթճրթոց, աթոռակը թեքվեց մի կողմի վրա ու Սևադայի հսկա մարմինը գետին տապալվեց:

Քրքիջն ու ափսոսանքը, զարմանքն ու զայրույթը իրար խառնվեց: Փշրվել էին աթոռակի բոլոր չորս պլաստիկե անիվները` չդիմանալով հարյուր քսան կիլոգրամ քաշ ունեցող Սևադայի ծանրությանը:

Բայց ամեն ինչ բարեհաջող էր Սևադայի ազատ անկման գործընթացում, միայն մի փոքր ձեռքը վնասեց` անկմանը դիմադրելիս:

-Էս էիր ուզում,-դժկամեց Սևադան` տեղից դանդաղորեն բարձրանալով և դիմելով հորը:

-Ես ինչ իմանայի, որ այդքան անպետք բաներ են սարքում.-արդարացավ դեպքից շփոթված Սահակ պապը,-վաղը կգնանք այդ խանութը, տես ես դրանց գլխին ինչ եմ սարքելու:

Քանի որ արդեն ուշ էր և խանութը երևի փակ կլիներ, որոշեցին գործը թողնել վաղվան:

Հաջորդ օրը, հայր ու որդի նորից նույն խանութ գնացին, բողոքեցին գլորան-անիվների անորակությունից և այն բանից, որ գոնե անիվների վրա գրաված չէ նրանց ամրության վերին սահմանը:

Խանութում, իհարկե, նեղսրտեցին, փորձեցին բացատրել, որ իրենք ոչ մի մեղք չունեն, որ իրենք չեն դրանց արտադրողը, բայց ըմբռնումով մոտեցան կատարվածին, ջարդված անիվները փոխարինեցին նորերով:

Տուն վերադառնալով Սահակ պապը զգեստափոխվեց, նորից անցավ գործի և վարպետությամբ ու արագորեն տեղադրեց բոլոր չորս անիվները` արդեն օգտագործելով պտուտակների համար նախորդ օրը պատրաստած ամրացման անցքերը:

Բայց ելնելով նախորդ օրվա դառը փորձից, այս անգամ նա արդեն զգուշավոր գտնվեց, վերանորոգումը ավարտելուց հետո` աթոռակի վրա նստեցրեց թոռնիկ Լիլիթին և տանեցիներին խիստ զգուշացրեց, որ աթոռակ-պահարանի վրա այսուհետ թույլատրվում է նստել միայն երեխաներին, որոնց քաշը չի գերազանցում քսան կիլոգրամը: Նույնիսկ հորդորեց Սևադային` համանման հայտարարություն պատրաստել համակարգչի վրա, տպագրել այն տպիչի վրա մեծ տառերով և փակցնել պահարան-աթոռակի հարմար տեղում:

Հավանական է, որ մեկ-երկու տարի հետո երեխաներին նույնպես կարգելվի օգտվելու վերանորոգված աթոռակի ծառայություններից` նրանց քաշը ավելանալուն համընթաց: Չէ որ ավանդույթը ասում է` զգուշությունը լավ բան է: Իսկ աթոռակ-պահարանը որպես Սահակ պապի երիտասարդ տարիների հիշողություն թող պահպանի իր անվնաս գոյությունը:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031