Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոտկատեղի ցավն ի՞նչ կապ ունի լսողության հետ»

Օգոստոս 27,2014 13:45

Հարցրեց դատարան դիմած երեխայի մայրը՝ Գոհար Աղաջանյանը

Գոհար Աղաջանյանի եւ նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանի հայցի քննությունը դեռ շարունակվում է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Օգոստոսի 15-ի դատական քննության ժամանակ դատարան էր հրավիրվել եւ որպես վկա հարցաքննվեց հայցվորի անչափահաս դուստրը (չենք տպագրում անչափահասի տվյալները):

Երեխան 2010թ.-ից սկսած ունեցել է լսողական խնդիրներ: Մայրը դիմել է «Ռ. եւ Պ. ՍԿԷՆԱՌ ԱՎԿ» ՍՊԸ-ին, այդ ընկերության տնօրեն Ռուբեն Հարությունյանին՝ երեխայի լսողությունը բուժելու նպատակով: Թե հայցվորը, թե նրա ներկայացուցիչն ասացին, որ բուժումն սկսվել է 16.08.2012թ-ին, տեւել մինչ 09.10.2012թ-ը: Սակայն այդ ժամանակահատվածում երեխայի լսողությունը չի լավացել: Դատարանում բժիշկը փորձում էր ապացուցել, որ երեխան առանց լսողական սարքի էլ լսում է իրենց, անգամ ժպտաց, երբ երեխան մի քանի անգամ կին դատավորին խնդրեց հարցը նորից կրկնել՝ չլսելու պատճառով:

Հայցվորի ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել «Էրեբունի Բժշկական կենտրոն» քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքում արված 26.09.2012թ.-ի, 27.09.2012թ. եւ 11.01.2013թ.-ի աուդիոգրամայի տվյալները, համաձայն որոնց, աղջնակի մոտ լսողությունն ընդհանրապես չի լավացել: Բժիշկ-պատասխանողն ասաց, որ տվյալ բուժհիմնարկը շահագրգիռ կողմ է, քանի որ այդտեղ է հիմա իր բուժումը շարունակում վկան:

Գոհար Աղաջանյանն ասաց, որ տվյալ բուժհիմնարկի ծառայության մատուցման հաշիվ N 143-ի, փաստաթուղթ՝ 09.10.2012թ.-ի տակ դրված ստորագրությունն իրենը չէ, չնայած փորձագիտական եզրակացության համաձայն, ստորագրությունը պատկանում է հայցվորին:

Փաստաբան Մուրադ Ասրյանն ասաց, որ բժիշկը ծառայությունը պատշաճ չի մատուցել, քանի որ երեխայի լսողությունը չի վերականգվել. «Ինչպես նաեւ էպիկրիզում նշված տեղեկությունը, թե «աուդիոգրամայի տվյալներով լսողությունը լավացել է 10-25 db տարբեր հաճախականությունների վրա, չի համապատասխանում իրականությանը»: Հայցվորը պահանջեց բժշկին տված գումարը՝ 535 000 ՀՀ դրամը, քանի որ այդ գումարով մայրը պատրաստվում է գնել լսողական սարք երեխայի համար: Մուրադ Ասրյանը հղում արեց անգամ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, ինչից զարմացավ դատավորը: Սակայն պարզ դարձավ, որ ըստ տվյալ օրենքի հոդված 5-ի,3-րդ կետի. «Եթե պայմանագիրը կնքելիu uպառողը վաճառողին (կատարողին) տեղյակ է պահել ապրանքի ձեռքբերման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) որոշակի նպատակների մաuին, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է uպառողին հանձնել այնպիuի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այդ նպատակներին համապատաuխան oգտագործման համար»: Մինչդեռ, հայցվորը տեղյակ չի եղել, թե ինչ ծառայություններ է մատուցել բժիշկը, եւ արդյոք ունե՞ր դրա իրավունքը, լիցենզիա՞ն:

«Ռ եւ Պ ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն ՍՊԸ-ի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմինե Ղասաբօղլյանը ներկայացրեց իրենց առարկությունները:

Մասնավորապես, նա դատարանին հայտնեց, որ երեխան, նախքան իր վստահորդ կազմակերպությանը դիմելը, ունեցել է լսողական խնդիրներ, որոնց բուժման կապակցությամբ դիմել է տարբեր բուժհաստատությունների, սակայն արդյունք չի ստացել: Ըստ նրա, բացի լսողական խնդիրներից՝ աղջնակի մոտ ախտորոշվել է նաեւ դյուրագրգռություն, կոկորդում քերոց, ձայնի կոշտացում, գխտոցներ, ցավեր ողնաշարի գոտկային հատվածում: «Գոտկատեղի ցավն ի՞նչ կապ ունի լսողության հետ»,- չդիմացավ տեղից հարցրեց երեխայի մայրը:

Սակայն փաստաբանը շարունակեց, հայտնելով, որ հիվանդը անցել է համալիր հետազոտություն: Ախտորոշվել է ` սենսոնեւրալ ծանրալսողություն, միջկողային նեւրալգիա, վեգետո- անոթային դիստոնիա, Adenovirus, կատարյալ գաստրիտ, դիսբակտերիոզ, ճիճվակրություն: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են դիսբակտերիոզը: Կենտրոնում երեխան ստացել է համապատասխան բուժում:
Բժիշկն անգամ իր խոսքում հորդորեց երեխային նայել իր աչքերի մեջ եւ հայտնել. «բուժվե՞լ է», ինչին երեխան պատասխանեց. «Չեմ նայի»:

Բժիշկն իր հերթին ասաց, որ երեխայի մորը նախազգուշացվել է, որ հիվանդության բուժումն ամբողջությամբ հնարավոր չէ, սակայն հնարավոր է պահպանել եւ որոշակի տոկոսային հարաբերությամբ բարելավել լսողությունը. «Հիվանդի մայրը՝ Գոհար Աղաջանյանը, քաջատեղյակ լինելով վերոգրյալի մասին, համաձայնվել է բուժման կուրսը սկսել, միաժամանակ վերջինին նախազգուշացվել է, որ բուժման կուրսը պետք է կրկնել 3-4 ամիս անց, որպեսզի արդյունքը պահպանվի: Փոխադարձ համաձայնությամբ 16.08.2012թ-ից մինչեւ 09.10.2012թ-ը հիվանդն անցել է համալիր բուժման կուրս, մատուցվել են հետեւյալ ծառայությունները՝ 1. Համալիր ախտորոշում, 2. –թերապիա (միանվագ սեանս) -20, 3. «Չակրա» սարքով լսողական նյարդի էլեկտրոխթանում (մ.ս.) -20, 4. Տրանսկրիանալ էլեկտրոխթանում (մ.ս.)-10, 5. ստաբիլոգրաֆիա Ստաբիլան -2 (մ.ս.) -10, 6. մերսող մահճակալ եւ նեֆրիտային ինֆրակարմիր պրոյեկտոր (մ.ս.)-17: Նախքան բուժումը ախտորոշվել է հետեւյալը՝ լսողական նյարդի էլեկտրահաղորդականության շեմի փոփոխությունը, Չակրա սարքով էլեկտրականացման ընթացքում՝ 1.Սեանս 1-ին. աջ ականջ (8 փՎ. ՁՏՍ) ձախ ականջ (8 փՎ. ՁՏՍ)/: Բուժման ընթացքում ախտորոշվել է հետեւյալը.Սեանս 10-րդ աջ ականջ (7 փՎ. ՁՏՍ) ձախականջ (7 փՎ. ՁՏՍ), սեանս 20-րդ աջ ականջ (6 փՎ. ՁՏՍ) ձախ ականջ (6 փՎ. ՁՏՍ)»:

Առանձին վեճ ծավալվեց «Չակրա» սարքի, դրա բուժման հետ կապված:
Ըստ Ա.Ղասաբօղլյանի՝ գումարը վճարվել է մաս-մաս: Եթե մայրը համաձայն չէր 09.12.2012թ.-ին տրված էպիկրիզի հետ, ապա չէր ստորագրի ծառայության մատուցման հաշիվը, առավել եւս որ այնտեղ կար «հիվանդը դուրս է գրվել լավացումով» եւ «ծառայության մատուցման նկատմամբ ծառայություն ստացողը առարկություններ չունի» գրառումը: Հիվանդի մայրն ասաց, թե հաշիվ ապրանքագրի տակ դրված ստորագրությունն իրեն չի պատկանում: Հարցաքննությունից հետո վկա երեխան նստած էր դահլիճում, եւ իր լսողության հետ կապված հաճախ հուզվում էր: Սեպտեմբերի 1-ին կհետազոտվեն գործում առկա ապացույցները, փաստաթղթերը: Այս գործով մերժվել էր քրեական գործ հարուցել բուժհիմնարկի եւ բժշկի դեմ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031