Լրահոս
Օրվա լրահոսը

Հոթել «Կալիֆորնիա»

Օգոստոս 27,2014 14:00

Երբ Կոպենհագենում տեղավորվեցինք տարօրինակ ու անհասկանալի հյուրանոցում՝ գլխավոր կայարանի հարեւանությամբ, միանգամից հիշեցի, թե ինչպես առաջին անգամ ժամանեցի Ամերիկա:

Նյու Յորքի Ջոն Քենեդի օդանավակայանում հսկա սեւամորթը ասաց. «Բայց չես նշել հայտարարագրում, թե որտեղ ես մնալու: Մի բան գրիր»: Ես էլ գրեցի՝ հոթել «Կալիֆորնիա»: Ինձ թվում էր՝ հենց միանգամից էլ հետ կուղարկեն: Բայց մաքսային այդ խստադեմ աշխատողը, որը կարող էր նախագահի թիկնապահ աշխատել, հանկարծ ժպտաց, հետո էլ գործընկերներին հավաքեց գլխին, ցույց տվեց գրածս ու սկսեցին քահ-քահ ծիծաղել: Բոլորը գիտեն, որ չկա նման բան, պարզապես գոյություն չունի հոթել «Կալիֆորնիա»: Հիմա կարող եմ, իհարկե, սկսել պատմել, թե, իմ կարծիքով, «Իգլզ» խումբը ինչ նկատի ուներ հոթել «Կալիֆորնիայի» մասին գրելով՝ այսինքն դա այսպես կոչված «բարձր հասարակության» խորհրդանիշն է, որտեղ երազում ես մուտք գործել ու առաջին հայացքից ամեն ինչ երջանիկ է թվում, սակայն կամաց-կամաց հասկանում ես, որ լավ տեղ չէ, որտեղ ոչ ոք քեզ չի հասկանում, ու ի վերջո ձգտում ես դեպի ինքնասպանություն:
Բայց եթե հիմա սկսեմ պատմել այդ հանրահայտ երգի մասին, կնմանվեմ ամերիկացի գրող Ռոբերտ Փեն Ուորենին, որը ամեն անգամ շեղվում է բուն սյուժեից ու սկսում նկարագրել, թե ինչ կլիներ, եթե մայրուղով ընթացող ավտոմեքենան հանկարծ շեղվեր իր ուղուց, ընկներ ձորը եւ այլն՝ մի քանի էջ շարունակ:

Պարզապես գոյություն չունեցող այդ հոթել «Կալիֆորնիան» հիշեցի, երբ մտանք Կոպենհագենի մեր տարօրինակ հյուրանոցը, որտեղ մարդ չկար: Ավելի ճիշտ՝ աշխատող չկար: Հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ հավաքում ես համացանցով նախօրոք քեզ տրված գաղտնաթիվը, հետո մի հատ էլ ընդունարանում ես հավաքում, հետո միջանցքում ու վերջապես հյուրանոցային համարում ու վերջ: Ինքնասպասարկում:
Սպասարկումը դրսում է: Դուրս ես գալիս ծխելու, որովհետեւ հյուրանոցում ծխելը, բնականաբար, արգելված է, անմիջապես դրսի սպասարկող անձնակազմը հարձակվում է վրադ: Բլոու ջոբ: Այսինքն՝ ուզում ենք, որ դուք մեր երկրից հնարավորինս լավ տպավորություններով վերադառնաք: Հատկապես մի փոքրամարմին սեւամորթ աղջիկ էր համառորեն ցանկանում, որ Կոպենհագենը ինձ դուր գա: Ասում էր՝ ես փոքրիկ էմիլին եմ:
Իսկ գիշերները այդ ողջ սպասարկող անձնակազմը՝ մարմնա եւ մարիխուանա վաճառողները հավաքվում էին հենց մեր հյուրանոցային համարի պատուհանների տակ: Առավոտյան մոտավորապես ժամը 4-ին, ինչպես ես հասկացա, նրանց մոտ պարտադիր ամեն գիշեր ժողով էր՝ քննարկում էին վերջին օրվա քաղաքական եւ ոչ այնքան քաղաքական իրադարձությունները:

Ու նաեւ հասկացա, որ լրագրողի խոսքը Դանիայում անցնում է: Հենց որ հյուրանոցային պատուհանից հասկացնում էի, որ իրենց ժողովը խանգարում է իրենց երկիրն ըմբոշխնելուն, միանգամից ավարտում էին: էմիլին`նույնիսկ ձեռքով բարի գիշեր էր մաղթում:
Կկարոտեմ Դանիան: Միգուցե փոքրամարմին սեւամորթ էմիլին էլ ինձ կկարոտի:

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031