Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի թույլ վիճակից հայկական կողմը պետք է օգուտներ քաղի

Օգոստոս 28,2014 15:30

Հայկական կողմը ոչ միայն շփման գծում, այլեւ արտաքին քաղաքականությունում դիրքային առավելությունը Ալիեւի վարչակազմի նկատմամբ պետք է պահպանի:

Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը՝ լրագրողների խմբի հարցերին պատասխանելիս, անդրադարձել էր շփման գծում վերջին շաբաթների լարվածությանը, Ադրբեջանի նպատակներին: Նրա մեկնաբանմամբ` Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը փորձում էին հասցնել գաղափարը, թե պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է. «Եվ դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր հրամանատարների կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձր մակարդակով: Բայց այս անգամ որոշակի երանգներ կային, եւ այդ երանգներից մեկն այն է, որ ադրբեջանցիները լրացուցիչ նպատակներ էին դրել: Նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասվում էր՝ մեր աչքը վախեցնելն էր եւ իրենց ահռելի ծախսերն արդարացնելը: Ուզում էին արդեն որոշակի լրջության աստիճանով ցույց տալ ե՛ւ մեզ, ե՛ւ իրենց ժողովրդին, որ իրենք առավելություն ունեն»: Ս.Սարգսյանը հավելել էր նաեւ` «եթե իրենց հաջողվեր, ապա պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին. այն թեզը, թե ռազմական գործողություններ չսկսելը՝ բանակցային գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից»:

Սոչիի եռակողմ հանդիպմանը հայկական կողմի դիրքերն, աներկբայորեն ուժեղ էին: Շփման գծում Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր արժանի հակահարվածը եւ իր իսկ սանձազերծած սադրանքների հետեւանքով ունեցել մի քանի տասնյակ զոհեր: Եթե մշտապես ղարաբաղյան բանակցություններից առաջ պաշտոնական Բաքուն գործի էր դնում ավանդական դարձած գործելաոճը` սահմաններում լարվածություն, հետո բանակցություններում հայկական կողմի ուղղությամբ ենթադրաբար ճնշումների մեխանիզմի գործածում, ապա Սոչիից հետո Ադրբեջանի իշխանությունները, թերեւս, նույն գործելաոճը չկարողանան «աշխատացնել»:

Այսօր, առավել քան երբեւէ, Իլհամ Ալիեւի եւ առհասարակ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը բավական կոշտ է: Ադրբեջանում ծավալված աննախադեպ բռնաճնշումները, հալածանքները լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ է՛լ ավելի են ուժգնանում, եւ չնայած միջազգային կազմակերպությունների, արեւմտյան պաշտոնյաների հայտարարություններին ու հորդորներին` Ալիեւի վարչակազմը չի նահանջում:

Ալիեւի պահվածքը, հավանաբար ունի իր բացատրությունը: Դրա պատճառներից մեկը, թերեւս, տարիներ շարունակ հասարակությանը «անպարտելի բանակի» միֆը ներկայացնելն էր, հայի կերպարը` որպես թշնամի հրամցնելու պետական մակարդակով քարոզչության իրականացումը: Բայց տարիներն անցնում էին, իսկ Ալիեւն իր ներկայացրած ղարաբաղյան «լուծումը» չէր պարտադրում հայկական կողմին: Թերեւս, այս վիճակում, Ալիեւին ոչինչ չի մնացել, քան ոչնչացնել այլակարծության նույնիսկ ամենաթույլ դրսեւորումները` դրանք իր իշխանության հիմնական սպառնալիք համարելով:
Հայկական կողմը ոչ միայն շփման գծում, այլեւ արտաքին քաղաքականությունում դիրքային առավելությունն Ալիեւի վարչակազմի նկատմամբ պետք է պահպանի: Արեւմտյան երկրները, հավանաբար, ոչ այնքան խանդավառված ռուս-ադրբեջանական բավական ջերմ, եթե չասենք` «ռազմավարական» համագործակցությունից, կարծես, սկսել են ավելի լավ գիտակցել այն սպառնալիքը, որն իրենից ներկայացնում է Ալիեւի ռեժիմը մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար:

Ուշագրավ էր օրերս, Freedom House իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը` Նախիջեւանում լրագրող ու իրավապաշտպան Իլգար Նասիբոբվին դաժան ծեծի ենթարկելու փաստի առիթով: Freedom House-ի ղեկավար Դեւիդ Կրամերը հայտարարել էր. «Թվում է, թե Ադրբեջանի իշխանությունները վճռականորեն են տրամադրված իրավապաշտպաններին ու իրենց գործողությունների բոլոր քննադատներին հալածելու հարցում, ինչն արվում է կալանավորումների, կամ էլ հնարովի մեղադրանքների, գազանաբար ծեծերի միջոցով, ինչպես որ Նասիբովի հետ տեղի ունեցավ օգոստոսի 21-ին: Նախագահ Իլհամ Ալիեւը խորը մոլորության մեջ է, եթե կարծում է, որ իր կառավարությունը կարող է առանց լուրջ հետեւանքների անտեսել իր կառավարության հանդեպ քննադատությունը, քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռված է այլ շրջանների վրա: Նա եւ կառավարությունը պետք է պատասխանատվություն կրեն այն վտանգավոր ու թշնամական մթնոլորտի համար, որը ստեղծել են նրանք: ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է պատժամիջոցներ սահմանեն պաշտոնատար այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են եւ ովքեր իրականացնում են այդ սարսափելի գործողությունները»:
Մի կողմից երկրի ներսում ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հալածելու բազմաթիվ փաստերը, մյուս կողմից՝ շփման գծում լարվածություն մտցնելն այսօր միջազգային հանրության մոտ այլ վերաբերմունք է ձեւավորել Ալիեւի վարչակազմի նկատմամբ, ինչից պաշտոնական Երեւանը պետք է օգտվի եւ նոր ջանքեր գործադրի Ղարաբաղի կարգավորման գործընթացի ուղղությամբ: Դեռ տարիներ առաջ մարդասպան Ռամիլ Սաֆարովին պետական մակարդակով հերոսացնելու քաղաքականության նման դրսեւրումներն այսօր բազմաթիվ են: Ալիեւը պաշտոնական Երեւանին միջազգային հանրության հետ աշխատելու բավական լայն հնարավորություններ է տալիս եւ նպաստավոր պայմաններ ստեղծում հայկական կողմի համար: Պարզապես պաշտոնական Երեւանը պետք է դիվանագիտական դաշտում այդ աշխատանքը տանի գրագետ եւ հետեւողական:

Տարիներ շարունակ միջազգային հանրության կողմից հնչել են «հավասարակշռված» հայտարարություններ ու կոչեր ուղղված Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցողներին: Այսօր սակայն, երբ միջազգային հանրության մոտ էլ է գերիշխում համոզմունքը, որ վերջին շաբաթներին լարվածություն սկսելու շահագրգռված կողմը Ադրբեջանն էր, հայկական դիվանագիտությունը պետք է ձգտի նվազեցնել «հավասարակշռված» հորդորների քաղաքականությունը:

Երկրի ներսում` բռնատիրության ձգտող, տարիներ շարունակ հայատյացության հետեւողական քարոզչություն իրականացնող, պատերազմի ձգտող Ադրբեջանի ղեկավարի պայմաններում միջազգային հանրության կողմից Հայաստանը չի կարող արժանանալ Բաքվի հետ հավասարապես «բալանսավորված» գնահատականների: Դա անընդունելի է եւ պաշտոնական Երեւանը անելիք ունի այս առումով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031